Սպասում եմ իրավապահների այցելությանը. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, երեկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնատար կեղծիք կատարելու համար։

Նշենք,  նաև նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։

Կարծես, թե նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ օղակը սկսում է սեղմվել: Այս առնչությամբ ArmLur.am-ը խոսել է ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մտավախություն ամենևին չունի, թե երբ իրեն կկանչեն հարցաքննության կամ կայցելեն:

«Սպասում եմ իրավապահների այցելությանը, թեպետ որևէ հիմք չեմ տեսնում»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի, 2018 թվականի փետրվարի 12-ին ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը Թովմասյանին ընտրել է Սահմանադրական դատարանի անդամ:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս