«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանն է, որը հայտնի է նաեւ ֆիլմերից, իսկ նրա յուրահատուկ ձայնը Հանրայինի հեռուստադիտողների մշտական ուղեկիցն է. Տաթեւը կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր: Նա խոստովանել է, որ իր հաջողության 50 տոկոսն ապահովել է հենց ձայնը:
Դերասանուհին նշել է, որ կցանկանար պատմության մեջ հետք թողնել, բայց ոչ թե որպես արվեստագետ, այլ մարդ: Նա շտապում է կյանքն ավելի երջանիկ ապրել, եւ դա ստացվում է:
-Տաթե՛ւ, այս պահին Ձեր ժամանակն ինչի՞ վրա եք ամենաշատը ծախսում:
-Աշխատանքի. առավոտից երեկո դասավանդում եմ Թատերական ինստիտուտում, իսկ հետո խաղում եմ Համազգային թատրոնում:
-Ո՞րը կընտրեք՝ փո՞ղ, փա՞ռք, թե՞ պատմության մեջ հետք թողնելու հնարավորություն:
-Փառքն ինքնին ենթադրում է պատմության մեջ հետք թողնելու հնարավորություն եւ փող, բայց ես երեքից էլ ազատգրված եմ… Ինձ առանձնապես ոչ մեկը չի հետաքրքրում: Թերեւս կցանկանայի պատմության մեջ հետք թողել, բայց ոչ որպես արվեստագետ, այլ որպես մարդ:
-Շտապում եք, որ հասցնեք…
-Կյանքն ավելի երջանիկ ապրել:
-Ինչպե՞ս եք վերաբերվում համացանցում Ձեր հասցեին հնչող անհեթեթ մեկնաբանություններին:
-Անկեղծ ասած՝ ի ուրախություն ինձ` հազվադեպ եմ նման բան նկատել, բայց սովորաբար չեմ վերաբերվում դրանց որեւէ կերպ: Անհեթեթությունից վիրավորվելը եւս անհեթեթ կլիներ:
-Ձեր մեջ տղամարդիկ առաջինը ո՞ր հատկությունն են նկատում:
-Դա պետք է տղամարդկանց հարցնեք, բայց ովքեր արտահայտվել են, նշել են իմ անկեղծության մասին:
-Ձեր արտաքինի մեջ ի՞նչը կփոխեիք:
-Ոչ մի բան. աստված ինձ այսպիսին է ստեղծել:
-Պատանի հասակում Դուք եղել եք արքայադո՞ւստր, որին բոլորը սիրահարվել են, թե՞ տղաների լավ ընկերը:
-Տղաների լավ ընկերը:
-Իսկ հիմա՞:
-Հիմա է՛լ լավ ընկեր լինելու ժամանակ ու առողջություն չունեմ (ծիծաղում է):
-Գրող, որը տպավորել է մինչեւ հոգու խորքը:
-Պատանեկության տարիներին դա Վիլյամ Սարոյանն էր, վերջերս՝ Գի դը Մոպասանը:
-Պիես, որտեղ կցանկանայիք անպայման խաղալ:
-Մինչեւ ինձ չի հանձնարարվում դերը, ես չեմ մտածում նման բաների մասին: Չունեմ երազած կերպար, երազած պիես: Հենց դերս ստանում եմ, դա դառնում է իմ երազած կերպարը:
-Ձեր Ձայնը Ձեզ հաջողություն բերե՞լ է:
-Այո, իմ ձայնն ապահովել է իմ հաջողության 50 տոկոսը:
-Ինչպիսի՞ն չպետք է լինի տղամարդը:
-Առանց հումորի զգացումի: Մնացած ամեն բան ներելի է, փոփոխվող է:
-Ճաշատեսակ, որից երբեք չեք հրաժարվի:
-Մսային յուրաքանչյուր ուտեստ:
-Հանգստյան օրերն անցկացնելու լավագույն տարբերակը ո՞րն է:
-Մնալ տանը, վայելել մայրիկիս, քրոջս երեխաների, ընկերներիս ներկայությունը, երբեմն նաեւ հոգսերը. դա եւս հանգստի ձեւ է:
-Վախենում եք, որ…
-Չհասցնեմ հասնել նպատակներիս այս ժամանակահատվածում:
-Սիրելի երգիչը:
-Շառլ Ազնավուր: Սիրելի երգիչ իր մասին քիչ է ասել: Շատ մելոման չեմ, բայց նրան եմ առանձնացնում:
-Արտիստ, որի կենսագրությունը Ձեզ տպավորել է:
-Էդիթ Պիաֆը: Անգամ կրկնօրինակել եմ նրան ֆիլմում:
-Ձեր տրամադրության գույնը այս պահին:
-Կարմիր, մեքենայիս գույնի: Առհասարակ, նախընտրում եմ կյանքը գունավորել վառ գույներով: Լինում են նաեւ մոխրագույն օրեր, բայց դրանք շատ արագ հաղթահարում եմ, որովհետեւ ինքս այդ ժամանակ դառնում եմ շատ անհետաքրքիր:
-Երբեւէ ինքներդ Ձեզ հետ ձանձրացե՞լ եք:
-Ոչ: Այնքան շատ բան ունեմ անելու, թեկուզ նախատելու, այնպես որ, ձանձրանալու ժամանակ չկա:
-Քաղաքականությամբ հետաքրքրվու՞մ եք:
-Այնքան, որքան ամեն քաղաքացի պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, ոչ ավել:
-Կենցաղում կա՞ մի գործ, որը հաճույքով եք անում:
-Ճիշտն ասած՝ բոլոր գործերն էլ հաճույքով եմ անում, բացի արդուկելուց:
-Եվ վերջին հարցը՝ ի՞նչ եք անելու հարցազրույցից հետո:
-Գնալու եմ կինոթատրոն՝ դիտելու «Ջոկեր» ֆիլմը:
Աննա Բաբաջանյան