ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տիգրան Ուլիխանյանը եւ խմբի ամդամները հոկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Տիգրան Ուլիխանյանն իր եւ բարեկամական խմբի անունից դատապարտել է Թուրքիայի կողմից իրականացված ռազմական ներխուժումը Սիրիայի ինքնիշխան տարածք:
Պատգամավորն ընդգծել է, որ թուրքական զինուժի գործողություններն անընդունելի են Հայաստանի համար ոչ միայն Սիրիայում բնակվող հայության, այլեւ՝ յուրաքանչյուր քաղաքացու կյանքին վտանգ սպառնալու տեսանկյունից:
Բարեկամական խմբի ղեկավարը հույս է հայտնել, որ միջազգային կառույցները եւս հանդես կգան դատապարտող հայտարարություններով ու գործուն միջամտությամբ կկանխեն հակամարտության հետագա խորացումը:
Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, շնորհակալություն հայտնելով աջակցության համար, նշել է, որ Սիրիան մշտապես բարձր է գնահատել Հայաստանի մարդասիրական առաքելությունը:
Խոսելով իր երկրում Թուրքիայի իշխանությունների ծավալած գործողություններից՝ դեսպանն անդրադառձել է Հայոց ցեղասպանությանը:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմը հույս է հայտնել, որ Հայաստանը կաջակցի Սիրիային վերակառուցման գործընթացում եւս:
Պատգամավորները հետաքրքրվել են նաեւ թուրքական գործողություններից տուժած՝ կանանց եւ երեխաների, ինչպես նաեւ եզդի համայնքի ներկայացուցիչների ճակատագրերով: