Չեմ կարող 6 հազար մարդու արյուն վերցնել ինձ վրա․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն ամեն ինչ անում է, որ «սեւազգեստ» մայրերի բողոքը չվերածվի սոցիալական բունտի՝ նրանց չմիանան մյուս բողոքավորները, որոնց հունից հանել են կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացման լուրերը: Հիշեցնենք․ կառավարությունը մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի ընտանիքին 30 միլիոն է տրամադրել: Նման պահանջ են առաջ քաշել նաեւ սահմանին զոհվածների, վիրավորվածների հարազատները: Գրեթե ամեն շաբաթ վարչապետի օգնականները սեւազգեստ մայրերին կանչում են «խորհրդակցության»՝ փափուկ բարձ դնում գլխների տակ, տուն ուղարկում:

Երեքշաբթի օրը վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի մոտ են կրկին եղել։ Մայրերը պնդել են իրենց պահանջը, հիշեցրել, որ կառավարությունը հայտարարում է բյուջեից 25 տոկոսով հավելյալ գումար հավաքվելու մասին։ Նշել են նրանց շքեղ ծախսերը, աշխատավարձերի բարձրացումը: «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանին հարցրինք, թե ինչու են այդ հանդիպումները փակ՝ լրագրողները տեղյակ չեն լինում։ «Խնդիրը դեռ բանակցային փուլում է, այդ պատճառով․․․ մեզ ասացին` մեկ շաբաթվա ընթացքում պատասխան կտան»: Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ «Կարծում եմ՝ անպայման դրական պատասխան կտան»: Եթե ո՞չ։ «Շարունակելու ենք բողոքի ակցիաները»: Ասում են՝ փորձում են առանձին-առանձին լուծել հարցը` անհատական կարգով կարգավորել՝ շատ բողոքավորների «բավարարել», աղմուկը լռեցնել: «Գոնե ինձ հետ նման հանդիպում չի եղել, երբեք հնարավոր չէ նման բան. ես չեմ կարող 6 հազար մարդու արյուն վերցնել ինձ վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս