Ամուսինս ինձ տեսել և հավանել է բեմում. Քնարիկ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է շարքը, որի շրջանակում ընթերցողին ներկայացնում է հայտնի կանանց հետ զրույցներ: Նրանք կիսվում են իրենց փորձով, տղամարդկանց մասին տեսակետներով, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ ընկալումներով: Այս անգամ մեր զրուցակիցը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի, երգչուհի Քնարիկ Զաքարյանն է:

-Քնարի՛կ, նախ՝ ավանդական հարցը՝ կին ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:

-Կանացի հատկությունների մեծ մասը, կարծում եմ, գենետիկորեն է փոխանցվում, որը դրսեւորվում է տարիների ընթացքում: Բայց նաեւ շատ ձեռքբերովի երեւույթներ կան, որոնք նպաստում են կնոջ կերպարի ամբողջական լինելուն:

-Ձեր կանացի ամենաուժեղ որակը ո՞րն եք համարում:

-Երեւի թե անդավաճան, հավատարիմ, նվիրված լինելը:

-Կնոջ դերը հասարակական կյանքում այսօր Հայաստանում ինչպե՞ս եք գնահատում:

-Միանշանակ, եթե համեմատենք հինգ-տաս տարի առաջվա հետ, այսօր կնոջ դերը հասարակական կյանքում մեծացել է: Գուցե այդ է պատճառը, որ բարձրացել է ամուսնության տարիքի միջին շեմը, գուցե այդ է պատճառը, որ շատացել են ամուսնալուծությունները, քանի որ կանայք իրենց արդեն զգում են ինքնուրույն եւ կախված չեմ ամուսիններից:

-Դժվար չէ՞ լինել կին եւ լինել բեմի մարդ…

-Հիմա այդ առումով էլ է շատ բան փոխվել: Երբ սիրում ես մասնագիտությունդ, շատ կարեւոր է, որ ցանկացած մեկը, ով կլինի քո կյանքում, գնահատի եւ հարգանքով վերաբերվի քո մասնագիտությանը:

-Ձեր ամուսինը Ձեր հանդիսատե՞սն է, քննադա՞տը, թե՞ դուք նախընտրում եք տանը չզրուցել մասնագիտական թեմաներով:

-Միանշանակ, նա իմ հանդիսատեսն է, շատ է սիրում իմ ներկայացումները, բայց միշտ ասում է, որ լարվում եւ անհանգստանում է, երբ դիտում է իմ խաղը, ուստի երբեմն նախընտրում է չդիտել, որպեսզի ապրումների մեջ չընկնի: Ի դեպ, նա ինձ առաջին անգամ բեմում է տեսել եւ հավանել:

-Իսկ չկա՞ր մտավախություն, որ նա կարող էր բեմի Քնարիկին սիրել:

-Ոչ, «Հացթուխի կինը» ներկայացման մեջ էր տեսել ինձ: Ասեմ, որ թատերասեր լինելով՝ շատ լավ կարողանում է տարբերակել լավ ու վատ խաղը:

-Իսկ նա ո՞ր ոլորտից է:

-Մասնագիտությամբ իրավաբան է:

-Մայրիկ, կին, դերասանուհի դերերը դժվար չէ՞ համատեղել:

-Միակ դժվարությունը հագեցած գրաֆիկն է, ուրիշ դժվարություն, ընդհանուր առմամբ, չեմ տեսնում: Երբեմն նկարահանումների պրոցեսը երկարում է, բայց արդեն երեխաներս էլ են ընդունում այդ ամենը եւ ըմբռնումով են մոտենում:

-Եղե՞լ է, որ երեխան բեմից, էկրանից տեսնի Ձեզ եւ ճանաչի:

-Իհարկե, վերջերս նկարահանվում էի սերիալում, տղաս նայում էր, ասում էր. «Գիտե՞ս, մամ, էստեղ շատ լավ խաղացիր»: Տղաս ութ տարեկան է, եւ մենք միասին քննարկում ենք իմ խաղը:

-Կա՞ կին, որը Ձեզ համար օրինակ է եւ նրանից կարող եք անվերջ սովորել:

-Ես միշտ մայրիկիցս եմ սովորել, ինձ համար լավագույն հաճոյախոսությունն այն է, երբ ասում են, որ շատ նման եմ մայրիկիս: Իսկ հայտնիներից շատ եմ սիրում Մերիլ Սթրիփին, միշտ հետեւում եմ իրեն, իր հարցազրույցները, ֆիլմերը եւ իրենից անդադար սովորում եմ: Զարմանում եմ՝ ինչպես է կարողանում անվերջ կերպարանափոխվել:

-Դուք դուստր ունեք, նա փորձու՞մ է նմանակել Ձեզ:

-Երբ ասում էի, որ կանացի հատկությունների մեծ մասը գենետիկորեն են փոխանցվում, նաեւ դստերս փորձից էի ասում: Երբեք հատուկ չեմ ասել՝ այսպես նստիր, այս հագուստը կրիր, բայց նա հագուստի ոճ ունի, կանացի տեսակ, նստելու, պարելու, հայելու առաջ երգել-պարելուց հասկանում ես, որ շատ հատկություններ փոխանցվում են գենետիկորեն, դրանք ձեռքբերովի չեն: Պետք չէ կանացիություն խաղալ, դա միշտ տհաճ է: Բայց երբ կինը կանացի է, հմայիչ եւ ցանկալի է ցանկացած տարիքում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս