Ինչու է առողջապահության նախարարությունը որոշել իր վրա վերցնել մասնավոր հիվանդանոցների կառավարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում:

Այսինքն` ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Այսպիսով, առաջարկվում է ռազմական դրության ժամանակ մասնավոր ԲԿ-ների կառավարումը եւս հանձնել Առողջապահության նախարարությանը:

Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանին պատգամավորները բազմաթիվ հարցեր ուղղեցին` հետաքրքրվելով նաեւ այս պահին նման նախագիծ բերելու պատճառների մասին: Օրինակ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը փոխնախարարից հետաքրքրվեց. «Արդյոք մասնավոր հիվանդանոցների հետ քննարկում եղե՞լ է, ի՞նչ պատասխան եւ ի՞նչ արձագանք է եղել, եւ կա՞ արդյոք ռիսկ, որ Առողջապահության նախարարության x պաշտոնյան, որը ռազմական դրության ժամանակ, ըստ էության, կառավարելու է հիվանդանոցը, արդյոք պատրա՞ստ է դրան»:

Ի պատասխան` փոխնախարարը նշեց. «Մասնավոր բժշկական կենտրոնների հետ քննարկում չի եղել, նախագիծը տեղադրված է եղել edraft-ում, եւ չենք ստացել որեւէ առաջարկ: Որեւիցէ արտառոց բան չկա, որ քննարկում ունենանք»: Ի պատասխան` պատգամավորը նկատեց, որ փաստացի նախարարությունը ղեկավարելու է մի հիմնարկ, որի ղեկավարը տեղյակ չէ, որ իրեն կառավարելու են, թեկուզ ռազմական դրության ժամանակ:

Իսկ, ահա, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին հետաքրքրում էր, թե ինչպես են հոգալու մասնավոր հիվանդանոցների ծախսերը, եթե նրանք եւս դառնալու են այդ միասնական շտաբի անդամ: Փոխնախարարն այստեղ մեջբերեց միայն օրենքից մի դրույթ, որի համաձայն` ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են դիմել եւ ստանալ փոխհատուցում: Ստացվում է` ռազմական դրության ավարտից հետո մասնավոր բժշկական հաստատությունները պետք է դիմեն պետությանը, որպեսզի ստանան փոխհատուցում: Եվ հենց այստեղ կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ հիմա եւս հաճախ պետպատվերների հետ կապված խնդիրներ են առաջանում, եւ պետությունը, կոպիտ ասած, «գցում է» մասնավոր բժշկական հաստատություններին: Եվ, ըստ էության, կարող է լինել այդ վտանգը նաեւ ռազմական դրությունից հետո:

Ամեն դեպքում, որքան էլ ՀՀ առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանը, պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան, ասաց, թե մասնավոր բժշկական հաստատությունների ղեկավարների հետ քննարկման անհրաժեշտություն չի եղել, սակայն փաստացի վերջիններս այնքան էլ այդ կարծիքին չեն: Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Վարդանանց» բժշկական կենտրոնի սեփականատեր Լեւոն Ալթունյանը եւս անդրադարձավ իրենց հետ չքննարկելու հարցին` ասելով, թե լավ կլիներ իրենց հետ եւս քննարկում լիներ, եւ իրենք էլ իրենց կարծիքն արտահայտեին: Անդրադառնալով նախագծին` Ալթունյանն ընդհանուր առմամբ դրական կարծիք հայտնեց. «Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ պետք է պատրիոտ լինի այն երկրի, որտեղ գործում է եւ գումար է վաստակում,հետեւաբար պետք է իրենց հետ կիսես բոլոր դժվարությունները: Ցանկացած ռազմական դրության ժամանակ պետք է միակառավարում: Այդպես ավելի ճիշտ է», – նշեց նա` ընդգծելով, որ, ամեն դեպքում, 2016 թվականի դեպքերի ժամանակ խնդիրներ չեն եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաեւ պարզել` ՀՀ պաշտպանության նախարարության հետ քննարկում եղել է, թե ոչ: Ի պատասխան` նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Առանց պաշտպանության նախարարության միասնական կարծիքի եւ կարողությունների հաշվառման նման բան չէր կարող ներկայացվել: Ցանկացած պետություն նման իրավիճակում, այսինքն` ռազմական դրության ժամանակ, իր պետական բոլոր կառույցներով անցնում է ռազմական իրավիճակի: Հիմա սա նշանակում է, որ առողջապահության համակարգը եւս անցնում է ռազմական վիճակի»:

Նշենք, որ ներկայումս ՀՀ-ում գործում են 125 հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնցից 51-ը տեղակայված են Երեւան քաղաքում, 74-ը` մարզերում: Վերոնշյալ կենտրոններից 68-ը մարզային ենթակայության են (57.4%), 36-ը` մասնավոր եւ սեփականաշնորհված (28.8%), 7-ը` այլ գերատեսչությունների ենթակայության ներքո (5.6%) եւ միայն 14-ն են գտնվում Առողջապահության նախարարության ենթակայության ներքո (11.2%): ԵՎ այս որոշման` երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո այս բոլոր հաստատությունները ռազմական դրության ժամանակ կկառավարվեն Առողջապահության նախարարության կողմից:

Ի վերջո, ի՞նչ մտահոգիչ հանգամանքներ կարող են լինել, եւ ինչո՞ւ առաջացավ այժմ նման համակարգի ստեղծումը. չէ՞ որ 2016 թվականին ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ բոլոր մասնավոր եւ պետական բժշկական հաստատություններն անխափան գործել են, եւ, ավելին, այդ հաստատությունների ղեկավարներն անձամբ սահմանին հսկում եւ կանոնակարգում էին աշխատանքները: Եթե այն ժամանակ ստացվել է կանոնակարգել ոլորտը, ապա հիմա էլ հնարավոր կլիներ:

Սակայն մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ այս որոշման հետեւում նաեւ կանգնած է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նշանակման օրվանից ի վեր զբաղվում է նաեւ մասնավոր բժշկական հաստատությունների հարցերով եւ ցանկանում է իր ձեռքը վերցնել նաեւ դրանց կառավարումը: Եվ պատահական չէ, որ սկզբնական շրջանում սկսել է ցավոտ հարցերից եւ անդրադառնում է ռազմական դրությանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս