ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու սոցապնախարարը չի ներկայացրել աշխատավարձի չափը. վարչապետի որոշման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2019 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 63 հազար 634 դրամ` ամսական կտրվածքով: Իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 35 հազար 951 դրամ` ամսական կտրվածքով: Մինչդեռ նախորդ տարվա 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով` սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 62 հազար 329 դրամ, իսկ պարենայինինը` 35 հազար 214 դրամ: Այսինքն` սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով թանկացել է: Նշենք, որ պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել եւ հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի:

Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին` օրական 2412.1 կկալ: Եւ այս տարվա երկրորդ եռամսյակին Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2412.1 կկալ:
Ի դեպ, այս ցուցանիշը տարիների ընթացքում թեեւ չնչին, բայց ավելացել է. եթե 2012 թվականին 1 շնչի կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 2169 կկալ է կազմել, ապա 2013 թվականին այն 2090 է եղել, 2014-ին` 2043 կկալ, 2015-ին` 2058, իսկ 2016-ին` 2090 կկալ: Բայց, ըստ Վիճակագրական կոմիտեի, ե՛ւ 2018-ին, ե՛ւ այս տարի մեկ շնչի հաշվով օրական էներգետիկան անփոփոխ է մնացել:

Ըստ որոշ հետազոտությունների` օրական 2100 կկալ-ից պակաս ստացող բնակչության մասնաբաժինը կազմել է ավելի քան 50 տոկոս: Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են: Ի դեպ, որոշ հետազոտությունների համաձայն` թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում` գիրության, ինչն էլ իր հերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Թերսնում է համարվում նաեւ, երբ մարդիկ հիմնականում սնվում են հացով եւ կարտոֆիլով:

Ըստ հաշվարկների` յուրաքանչյուր օր մարդ պետք է ստանա առնվազն 355 գրամ հացամթերք, 250 գրամ հաց, 100 գրամ միս, 0.5 հատ ձու, 300 գրամ բանջարեղեն (կաղամբ, գլուխ սոխ), 200 գրամ միրգ (խնձոր), սուրճ կամ հյութ եւ այլ սննդամթերք: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 40 հազար 519 դրամ: Համաձայնեք, որ այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել: Իսկ կոմունալ վճարների, հագուստի, կոշիկի եւ, ամենակարեւորը, դեղորայքի մասին պարզապես լռում ենք: Իսկ, ահա, նվազագույն աշխատավարձը մեր երկրում կազմում է 55 հազար դրամ, չնայած որ կառավարությունը այս տարվա ընթացքում որոշում ընդունեց այն 55 հազար դրամից բարձրացնել եւ դարձնել 68 հազար դրամ:

Բայց նկատենք, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ սպառողական գների ինդեքսի աճին: Այսինքն` քաղաքացին, ստանալով 55 հազար դրամ աշխատավարձ, ուղղակի չի կարող հոգալ իր ամենապարզունակ կարիքները`սրան գումարած նաեւ այն, որ բազմաթիվ ընտանիքներում անդամներից աշխատանք ունի միայն մեկը: Հարց է առաջանում` ինչպե՞ս գոյատեւեն այդ ընտանիքները:

Եւ այս ֆոնին նախարարների աշխատավարձերը բարձրանում են: Տեղեկացնենք, որ «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով` բարձրացվել են նախարարների աշխատավարձերը: Ըստ այդմ` նախարարները պետք է ստանան 1,5 մլն դրամ, փոխնախարարները` 1 մլն, մարզպետները` 900 հազար դրամ:

Ի դեպ, հոկտեմբերի 23-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու է այդպես որոշվել, եւ ինչու օրենքը նախ չի բերվել խորհրդարան: Նրա հարցին ի պատասխան` վարչապետը նշել է, որ նախարարների աշխատավարձերը բարձրացնելու գործընթացը տեղի է ունեցել հրապարակային, երբ 2019 թվականի բյուջեի քննարկումների արդյունքում որոշվել է բոլոր մարմիններում սահմանել 30 տոկոս պարգեւատրումային ֆոնդ, եւ նշյալ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են հենց այդ հիմքով:

Փաշինյանը միաժամանակ նշել է, որ գործընթացը գաղտնի չի եղել, եւ նախարարի վճարման գաղտնիության մասին խոսելը տեղին չէ, քանի որ նա ամեն տարի եկամուտների հայտարարագիր է լրացնում, որը հասանելի է լինում բոլորին 24 ժամ: Բայց, արի ու տես, սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի դեպքում, կարծես թե, այս պահանջը չի գործում, որովհետեւ նրա եւ 2018 թվականի փոխնախարարի տարեկան եւ 2019 թվականի նախարարի պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում ոչինչ չկա նշված աշխատավարձի մասին: Այսինքն` նրա եկամուտի վերաբերյալ տվյալները բացակայում են, ինչը օրենքի խախտում է: Միայն 2018 թվականի պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում որպես եկամուտ նշված աշխատավարձը կազմել է 887 հազար դրամ: Միեւնույնն է, որպես պաշտոնյա նրա հայտարարագրում ստացած աշխատավարձի մասին տվյալ չկա: Բայց օրեր առաջ նույնինքը` Զարուհի Բաթոյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մարտից սկսած` ստացել է 1.5 մլն դրամ աշխատավարձ:

Այստեղ հարկ ենք համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է 40 հազար 519 դրամ: Այժմ փորձենք հասկանալ, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Ներկայացնում ենք մեկ օրվա սպառողական զամբյուղի ծավալը, որի արդյունքում եւ կստանանք ամսական սպառողական զամբյուղի իրական պատկերը: Տավարի մսի 100 գրամը, դարձյալ վիճակագրական կոմիտեի այս տարվա 2-րդ եռամսյակի տվյալներով, կազմել է մոտ 300 դրամ: Երկու հատ ձուն` 132 դրամ, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 140-150 դրամի սահմաններում:

Մյուս կողմից` նկատենք, որ մեր երկրում ընտանիքների մեծ մասում մեկ անձը ստանում է մոտ 150 հազար դրամ աշխատավարձ, իսկ եթե այդ ընտանիքը բաղկացած է 4 կամ 5 հոգուց, ապա յուրաքանչյուրին բաժին կհասնի նվազագույն զամբյուղի գումարից քիչ գումար, եւ սա այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղում ներառված է միայն սննդի համար նախատեսված գումարը: Իսկ կոմունալ վարձավճարների մասին լռում ենք, որոնց ծախսը զգալի է: Չենք խոսում նաեւ այն մասին, որ մարդուն բացի սննդից անհրաժեշտ են նաեւ հագուստ ու կոշիկ:

Իհարկե, Հայաստանի կառավարության որեւէ պատասխանատու չի կարող 35 հազար 214 դրամով ապրել մի ամբողջ ամիս: Ի դեպ, նրանք այսուհետ ամսական 1.5 միլիոնանոց են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս