«Փյունիկ»-ի նախկին դարպասապահ Տիգրան Խանջարյանը՝ արդեն երգիչ. նա կկատարի հոր երազանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փյունիկ»-ի նախկին դարպասապահ Տիգրան Խանջարյանն այսուհետ հանդես կգա որպես երգիչ: Նա ուսի լուրջ վնասվածք ստանալուց հետո ընդմիշտ լքել էր սիրելի մարզաձեւը։ Տիգրանի հայրը՝ Արմեն Խանջարյանը, նույնպես երգիչ է եղել եւ տարիներ առաջ զուգերգով հանդես է եկել Աիդա Սարգսյանի հետ, սակայն հանգամանքների բերումով նրանց ընտանիքը հայտնվել է Բելգիայի Բրյուսել քաղաքում, եւ երգարվեստի հետ կապն էլ կտրվել է: Հիմա արդեն Տիգրանը որոշել է վերականգնել այն: Այդ հարցում նրան օգնում է երգահան Մարինա Թագակչյանը, որը զբաղվում է նաեւ երգչի պրոդյուսինգով: Ի դեպ, հենց Մարինան է հեղինակել Տիգրանի «Սիրուն Երեւան» երգը, որի հիման վրա տեսահոլովակը շուտով կներկայացվի հանրությանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարինայի հետ:

-Ըստ Ձեզ՝ Տիգրանը որպես երգիչ որքանո՞վ է հեռանկարային: Մի քիչ կտրուկ չէ՞ր անցումը սպորտային կյանքից բեմական կյանք: Թեպետ աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասն էլ ժամանակին եղել է ֆուտբոլիստ, խաղացել է «Ռեալ Մադրիդ»-ում, իսկ հետո ավտովթարի է ենթարկվել եւ թողել է ֆուտբոլիստի կարիերան:

-Տիգրանն ամենահեռանկարային երգիչն է, որին երիտասարդ սերնդի մեջ վերջին շրջանում տեսել եմ: Երբ Էրիկ Կարապետյանը 10 տարեկան էր, ես եմ նրա հետ աշխատել, եւ երբ ասում էի, որ Էրիկը շատ առաջ կգնա, շատերը չէին հավատում: Հիմա տեսեք, թե ուր է հասել նա: Հիմա Տիգրանի համար կասեմ նույնը. վստահ եմ՝ կարճ ժամանակում նա կհասնի հաջողության, որովհետեւ բոլոր նախադրյալներն ունի դրա համար: Կարեւորը՝ շինծու չէ: Երաժշտական ընտանիքից է թե՛ հոր, թե՛ մոր կողմից: Երեւի ճակատագիրը բերեց հասցրեց այն կետին, որ նա ֆուտբոլը թողնի, երկար ժամանակ այլ գործով զբաղվի, որտեղ իրեն այդպես էլ չգտավ, եւ գա հասնի երգարվեստ:

-Նշել եք, որ Տիգրանի ձայնը երբեմն շփոթում են Թաթայի ձայնի հետ: Երկու երգիչների ասոցացումը դժվարություններ չի՞ ստեղծի:

-Ընդամենը ձայնի տեմբրն է նման: Եվ այն երգը, որը ես գրել եմ, քաղաքային ֆոլկլոր է եւ համապատասխանում է Թաթայի ոճին: Ես շատ չեմ ասոցացնում, բայց ոչ պրոֆեսիոնալ ականջը կարող է շփոթել:

-Տիգրանը պատկերացնու՞մ է՝ ինչ բան է շոու-բիզնեսը, պատրա՞ստ է խաղալ այնտեղի կանոններով:

-Ոչ, չի պատկերացնում, տեսակով շատ անմիջական է: Բայց ես իրեն պատրաստել եմ այն բանին, որ եթե հասնի հաջողության, ոչ բոլորն են ուրախանալու իր համար. ես ասել եմ, որ իրեն սպասում են նախանձը, ատելությունը, չարակամությունը… Բայց դա իրեն չի խանգարի, ինքը գլուխը կախ իր գործն է անելու:

-Աղջիկներն ինձ չեն ների, եթե չհարցնեմ՝ Տիգրանն ամուսնացա՞ծ է:

-Այո, ամուսնացած է, ունի դուստր: Ընտանիքով ապրում են Բրյուսելում:

-Նպատակ ունե՞ն գալու Երեւան, այստեղ ապրելու:

-Այո, եւ պատահական չէ, որ երգը երեւանյան թեմայով գրվեց: Թեման Տիգրանն ինձ հուշեց, ասաց. «Ամեն անգամ Երեւան գալով՝ ես պարզապես չեմ ուզում հետ գնալ»: Ի դեպ, Տիգրանը Ֆրանսիայում է ծնվել, հետո մի քանի տարի ապրել են Երեւանում եւ արդեն տեղափոխվել են Բրյուսել: Տիգրանի հայրը ժամանակին մեծ ցանկություն է ունեցել դիրքերն ամրապնդելու երգարվեստում, սակայն չի ստացվել: Հիմա նա նաեւ ցանկանում է հոր չիրականացած երազանքը կատարել: Ես տեսել եմ Տիգրանի հոր հուզմունքը, երբ տղան ձայնագրում էր երգը: Ի դեպ, այս ամառ` հայաստանյան հերթական այցի ժամանակ, ընտանեկան միջոցառման շրջանակում Տիգրանը կատարում է հայկական մի երգ, որից հետո նրան մոտենում է հաղորդավար Իվան Թաիրը եւ հարցնում` արդյոք նա պրոֆեսիոնալ երգիչ է։ Տիգրանը պատմում է իր պատմությունը, իսկ հաղորդավարը խնդրում է նրա ընտանիքին լուրջ զբաղվել տղայի երաժշտական կարիերայով: Եվ, ահա, նրանք դիմեցին ինձ, եւ մեկնարկեց մեր համագործակցությունը: Կարծում եմ՝ ամեն բան հաջողությամբ կպսակվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս