
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին այցելելու է Հայաստան: «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք դեպի Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգներին ռուսական սահմաններին մոտ այդ երկրի «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար և խոստացել է հասնել այն բանին, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը դառնա բաց:
Մեկ այլ աղբյուր թերթին հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և անցնում է միջգերատեսչական համաձայնեցման գործընթաց: Նա բացատրել է, որ հուշագիրը նախատեսում է երկու երկրների միջև համագործակցություն կենսաբժշկական ոլորտում: Բիոլաբորատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները:
ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: