Պարարտանյութի փողը կբռնագանձվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բերրիություն ԱՄ Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ տնօրեն Ս. Պողոսյանի եւ Տավուշի մարզպետ (այժմ` նախկին) Հ. Աբովյանի միջեւ 2016թ. փետրվարի 6-ին կնքվել է մատակարարման պայմանագիր, որով մարզպետարանը որպես կանխավճար պետք է տրամադրեր 50 միլիոն 400 հազար դրամ, այդ պայմանագրով ՍՊԸ-ն պարտավորվել է, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատաված ծրագրի համաձայն, Տավուշի մարզի համայնքներին մատակարարել 420 տոննա ազոտական պարարտանյութ։

Պայմանագիրը կնքելուց հետո մարզպետարանը կանխավճար գումարը չի տրամադրել, կողմերը պայմանավորվել են, որ մարզպետարանը միանվագ կանխավճար չի մուծի, գումարի փոխանցումը կկատարի մատակարարված պարարտանյութին համապատասխան չափով: «Բերրիություն ԱՄ Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն սահմանված ժամկետում` 2016թ. ընթացքում, Տավուշի մարզի համայնքներին մատակարարել է 386,8 տոննա պարարտանյութ` նախատեսված 420 տոննայի փոխարեն:

Պարարտանյութի քանակի նվազումը պայմանավորված է եղել մարզի պահանջարկով եւ համաձայնեցված է եղել ծրագրի կատարման վերաբերյալ հսկողություն իրականացնող ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

Պարարտանյութի մեկ տոննայի արժեքը կազմել է 120 հազար դրամ, մատակարարված 386,8 տոննայի արժեքը կազմել է 46 միլիոն 416 հազար դրամ: Մարզպետարանը վճարել է 45 միլիոն 866 հազար 100 դրամ, պակաս է վճարել 549 հազար 900 դրամ:

«Բերրիություն ԱՄ Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն 2018թ. հունվարի 30-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ Տավուշի մարզպետարանի, գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել:

Մարզպետարանի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, հակընդդեմ հայց չի հարուցվել: 2019թ. սեպտեմբերի 25-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սիմա Իսկանդարյանը վճռել է ներկայացված հայցը բավարարել, Տավուշի մարզպետարանից հօգուտ «Բերրիություն ԱՄ Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի բռնագանձել 549 հազար 900 դրամ, սկսած 2016թ. նոյեմբերի 2-ից մինչեւ պարտավորության դադարման օրը 549 հազար 900 դրամ գումարի նկատմամբ հաշվեգրել եւ Տավուշի մարզպետարանից հօգուտ «Բերրիություն ԱՄ Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի բռնագանձել տույժ` յուրաքանչյուր օրվա համար 0,004 տոկոսի չափով, Տավուշի մարզպետարանից հօգուտ «Բերրիություն ԱՄ Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ի բռնագանձել 11 հազար 400 դրամ` որպես նախապես վճարված տուրքի գումար։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս