Նաիրի Հունանյանի հոր ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորև ներկայացնում ենք Հոկտեմբերի 27-ի ոճրագործներից Նաիրի և Կարեն Հունանյանների հոր՝ Հրաչիկ Հունանյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Հ. Այվազյանը:

Հ. 14

գ.թ. 14-20 ՀՈՒՆԱՆՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՎԱՆՈՒՇԻ

01.11.99 Կենսաթոշակառու, Ն. և Կ. Հունանյանների հայրը

11.45-17.40 Քննիչ՝ Հ. Այվազյան

գ.թ. 14.

Ցուցմունքս ցանկանում եմ գրել իմ ձեռքով և Ձեր առաջադրած հարցերի կապակցությամբ հայտնում եմ հետևյալը. Հրաչիկ Հունանյանս ծնվել եմ 1937 թ. փետրվարի 1-ին Կամոյի շրջանի Լանջաղբյուր գյուղում, Վանուշ և Մարգարիտ Հունանյանների ընտանիքում: Հայրս մահացել է 1954-ին, իսկ մայրս՝ 1985-ին: Ունեցել եմ երկու քույր՝ Փեփուր և Եփրատ: Փեփուրը մահացել է 1944-ին, Եփրատը ողջ է: Ունեմ երկու եղբայր՝ Հրանտ և Ռազմիկ: Նրանք բնակվում են գյուղում: Ես Երևանում եմ բնակվում 1955-ից: Սովորել եմ Լանջաղբյուրի, Մարտունու շրջանի Թազաքյանի՞՞՞ և Կամոյի շրջանի Սարուխան գյուղերի դպրոցներում: Ավարտել եմ Երևանի գյուղմեխանիզացիայի տեխնիկումը (1958) և պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի գրադարանավարության և մատենագիտության բաժինը (1965):

Աշխատել եմ ծննդավայրիս կոլտնտեսությունում, Երևանի Ավտոդողերի և Հիդրոհաղորդակ գործարաններում, ՀՀ մշակույթի նախարարության գրադարանների բաժնում և Ազգային գրադարանում: 1999 թ. փետրվարի 1-ից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել եմ աշխատանքից, բայց հասարակական կարգով օգնում եմ գործընկերներիս: Այժմ էլ կազմում եմ 2000 և 2001 թվականների հիշարժան օրացույց:

Աշխատանքի վետերան եմ 1985-ից, Հայ գրողների միության անդամ՝ 1992-ից, ՍՄԿԿ անդամ 1964-ից:

1966 թվականից պարբերական մամուլում տպագրվել են շուրջ 900 երգիծական բանաստեղծություններս, հոդվածներս, գրախոսություններս, տեղեկատվություններս: Լույս են տեսել իմ երկու ժողովածուները՝ «Խայթագրեր» և «Մայրական սիրտ»: Տպագրության եմ պատրաստել քնարական, հայրենասիրական և երգիծական բանաստեղծությունների այլ ժողովածուներ: Կազմել եմ նաև մի շարք այլ կարևոր ժողովածուներ՝ «Քնար Անիական», «Պսակ Զորավար Անդրանիկին», «Հրաչյա Հովհաննիսյան», «Աշուղ Ջիվանի», «Սիլվա Կապուտիկյան», «Եկեղեցին հայկական» և այլն:

1965 թվականին ամուսնացել եմ Մարտունու շրջանի Վ. Գետաշեն գյուղի բնակչուհի Նաթելա Գալստյանիհետ: Ունեցել ենք երեք որդի՝ Նաիրի, Արմեն, Կարեն: Բնակվել ենք Երևանի Վարդաշեն թաղամասում (երկրորդ փողոց, երկրորդ շենք, բն. 26): 1980 թվականից բնակվում ենք Հարավ-արևմտյան թաղամասում (Անդրանիկի 35, բն. 14): Նաթելան աշխատել է Երկենցաղքիմ միավորման Լաքերի և ներկերի գործարանում: Նաիրին ավարտել է թ. 179 միջնակարգ դպրոցը և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Արմենն ու Կարենը նույնպես ավարտել են հիշյալ դպրոցը:

Քանի որ Նաթելան աշխատում էր թունավոր արտադրամասում, հաճախակի հիվանդանում էր: Գրեթե ամեն տարի ուղեգրով բուժման էր մեկնում Եվպատորիա: Երբ Հայաստանում տիրում էր ցուրտն ու խավարը, որոշ ժամանակ Եվպատորիա գնացին նաև տղաներս: Վերջին երկու տարին նրանք բնակվում են Երևանում, իսկ Նաթելան և Արմենը Եվպատորիայում են: Երբեմն Նաթելան գալիս է Երևան՝ հարազատներին, հատկապես մորը (հիվանդ) տեսնելու նպատակով: Անցած ձմռանը այստեղ էր: Եվպատորիա մեկնեց գարնանը:

Նաիրին ծնվել է 1965 թ. դեկտեմբերի 8-ին, Երևանում: Նա և Կարենը մասնակցել են Սկաուտական կազմակերպության աշխատանքներին: Մի տարի եղան ԱՄՆ-ում այդ կազմակերպության ամենամյա տոնահանդեսին մասնակցելու նպատակով: Նաիրին եղել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, բայց վաղուց, իր ասելով, դուրս է եկել այդ կուսակցությունից: Ես համոզված եմ, որ դուրս է եկել, որովհետև միշտ տհաճությամբ էր հիշում այդ կուսակցության Երևանում բնակվող մի քանիսին և պարզ երևում էր, որ հիասթափվել էր կուսակցությունից:

Կարենը մեկ տարի սովորեց Երևանի «Դավիթ Անհաղթ» վճարովի համալսարանում: Հետո հնարավոր չեղավ վճարել վարձը և նա դուրս մնաց համալսարանից:

Նաիրի Հունանյանը ծնվել է 1965-ի դեկտեմբերի 8-ին, Երևանում, հաճախել է մեր թաղամասի մանկապարտեզը, 7-ամյա կրթությունը ստացել է Վարդաշեն թաղամասի դպրոցում, իսկ միջնակարգը՝ Հարավ-արևմտյան թաղամասի թ. 179 դպրցոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և այն ավարտեց (տարեթիվը չեմ հիշում): Համալսարանում մեկ տարի սովորելուց հետո զորակոչվեց Խորհրդային բանակ: Զորացրվելուց հետո շարունակեց ուսումը նույն ֆակուլտետում: Այդ տարիներին նա գրում էր քնարական բանաստեղծություններ, որոնք տպագրվել են «Երևանի համալսարան», «Ավանգադր» թերթերում:

Եղել է Հայ Հեղափոխական կուսակցության անդամ, բայց հետո դուրս է եկել կուսակցությունից: Այժմ ստույգ չեմ հիշում տարեթվերը, երբ նա եղավ Եվպատորիայում: Հավանաբար դա 1994-1997 թվականներին էր:

Երևան գալուց հետո նա և Կարենը փորձում էին ապրուստի միջոց գտնել: Այդ նպատակով պատրաստեցին մեծաքանակ տիպեր, որոնք սակայն չվաճառվեցին: Երկու անգամ Նաիրին Կարենի հետ մեկնել է Թուրքիա՝ այդ երկրի մշակութային գործիչների հետ հանդիպելու նպատակով: Պատրաստել էին նաև հեռուստատեսային հաղորդում, որը սակայն չցուցադրվեց: Հետո Կարենն ասաց՝ այդ հաղորդումը մաս-մաս տարբեր օրերի կայացել է:

Արմեն Հունանյանը ծնվել է 1969 թ. դեկտեմբերի 31-ին, Երևանում: Սկզբում սովորել է Վարդաշենի միջնակարգ դպրոցում, հետո Հարավ-արևմտյան Ա-3 թաղամասի թ. 179 դպրոցում, որն էլ ավարտել է (տարեթիվը չեմ հիշում): Կարճ ժամանակով սովորեց Աշտարակի պրոֆտեխնիկական ուսումնարանում: Հետո ճանապարհածախս չլինելու և վատ ապրելակերպի պատճառով ուսումը թողեց:

Երբ Երևանում պայմանները վատ էր, նա գնաց Եվպատորիա:

Կարեն Հունանյանը ծնվել է 1974 թ. նոյեմբերի 17-ին, Երևանում: Ավարտել է մեր թաղամասի (Ա-3) թ. 179 միջնակարգ դպրոցը: Սովորել է «Դավիթ Անհաղթ» համալսարանում, որը սակայն չի ավարտել ուսման վարձ չլինելու պատճառով:

Կարենը Նաիրիի հետ մեկնել է Թուրքիա: Նրանք հանդիպել են այնտեղ բնակվող հայ լրագրերի աշխատողների հետ: Սննդի գումար ունենալու նպատակով վերարկուներ էին բերել, որոնք վաճառեցին: Կարենը երկրորդ անգամ մեկնեց Թուրքիա ադեկոլոն բերելու նպատակով: Դրա մի մասը վաճառեցին, մի մասը դեռևս մնում է:

Թեև մենք 1986-ին ամուսնալուծվել ենք և ես բնակվում եմ առանձին սենյակում, բայց իմ տղաների հետ ունեցել եմ նորմալ հարաբերություններ, հաճելի զրույցներ՝ հայ ժողովրդի պատմության, հայ մշակույթի վերաբերյալ: Նրանց նիստուկացից բնավ չի երևացել, որ կարող են թույլ տալ վատ արարք:

Վռամ Գալստյանը կնոջս եղբայրն է, տղաներիս քեռին: Նրան ճանաչում եմ 1965-ից: Մենք ամուսիններով հաճախ եղել ենք նրանց տանը, նա էլ եղել է մեր տանը: Նա աչքի է ընկել համեստությամբ, խաղաղասեր բնավորությամբ: Իմ մտքով անգամ չի անցել, որ նա կարող է այդպիսի արարք թույլ տալ: Այս տարի երկար ժամանակ նա մեզ մոտ չէր եկել, միայն վերջերս եկավ, մնում էր տղաներիս սենյակում: Ամեն ինչ նորմալ էր: Եթե ես որևէ բան նկատեի, կփորձեի կանխել:

Վռամը ավարտել է Մարտունու շրջանի Վ. Գետաշենի միջնակարգ դպրոցը, ծառայել է Խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի երեխաներ, ծեր ծնողներ, երեք եղբայր և երկու քույր: Վռամը նույնպես եղել է ՀՀԴ կուսակցությանը հարող:

Ասեմ նաև, որ ես ոչ մեկի նկատմամբ, խոսքս սպանվածների մասին է, վատ չի եղել: Ավելին հարգալից է եղել: Երբ 1974 թ. աշնանը ծնվեց կրտսեր որդիս՝ Կարենը, նրան անվանակոչեցինք Կ. Դեմիրճյանի անվամբ, քանի որ նա այդ օրերին ընտրվեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Իբրև ընթերցող ես հարգանք եմ ունեցել նաև Վազգեն Սարգսյանի հետ, քանի որ նա լավ արձակագիր էր: Նրան վերջին անգամ հանդիպել եմ Վարդգես Պետրոսյանի տանը, երբ նշվում էր գրողի ծննդյան 65-ամյակը: Նա ինձ վրա թողել է լավ ու բարի մարդու տպավորություն: Մյուսներից ճանաչել եմ միայն Հենրիկ Աբրահամյանին, որը իմ հայրենակիցն էր և ինձ համար շատ հարգելի խմբագիր ու լրագրող էր: Նրա խմբագրած թերթում ես հաճախ եմ տպագրվել:

ՀԱՐՑ – Կոնկրետ երբ, ում հետ և ինչ նպատակներով են Ձեր որդիները մեկնել Թուրքիա:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նաիրին և Կարենը անցած երկու տարվա ընթացքում Թուրքիա են մեկնել՝ հայ և թուրք մշակույթի գործիչների հետ հանդիպելու նպատակով, որը կայացել է: Հիշում եմ, որ նա հանդիպել էր «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբերտ Հատտեճյանի հետ: Վերջինս Նաիրիին էր նվիրել իր «Առաստաղ» վեպը: Նաիրին գոհ էր նրա հետ հանդիպումից: Իսկ թե ինչպիսին է եղել հանդիպումը թուրք մտավորականների հետ, որոշակի բան չեմ կարող ասել:

Սննդի գումար ունենալու նպատակով այնտեղից բերել էին վերարկուներ, որոնք վաճառեցին: Իսկ հետո Կարենը առանձին գնաց Թուրքիա և բերեց ադեկոլոն: Որքան հիշում եմ Նաիրին և Կարենը միասին Թուրքիա են գնացել 1997-ին, իսկ Կարենը մենակ Թուրքիա գնացել է 1998-ին: Նրանց հետ Թուրքիա գնացող որևէ ծանոթի կամ ընկերոջ չգիտեմ:

ՀԱՐՑ – Կոնկրետ երբ են Նաիրի և Կարեն Հունանյանները մեկնել ԱՄՆ, ինչ նպատակով և որքան ժամանակ են մնացել այնտեղ և ում հետ են մեկնել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նաիրին և Կարենը ԱՄՆ են մեկնել մոտավորապես 6-8 տարի առաջ՝ Սկաուտական կազմակերպության ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով: Նրանց թիվը իմ կարծիքով եղել է 10-12 մարդ: ԱՄՆ-ում այդ խումբը մնացել է մոտ երկու շաբաթ: Խմբի մյուս անդամներին չեմ ճանաչում:

ՀԱՐՑ – Կոնկրետ ինչով եք զբաղվել Դուք, որտեղ եք գտնվել, ում հետ եք հանդիպել հոկտեմբերի 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին:

ՊԱՏԱՍԽԱՆ – Կոնկրետ այժմ չեմ կարող ասել, թե նշված որ օրը որտեղ եմ եղել, բայց ընդհանուր ձևով ասեմ, որ եղել եմ «Ազգ», «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Նորաթերթ», «Հայաստան» թերթերի խմբագրություններում՝ ինֆորմացիաներ հանձնելու, հանձնածների մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Եղել եմ նաև Ազգային գրադարանում՝ օրվա թերթերին ծանոթանալու և 2000 թ. հիշարժան օրացույց կազմելու նպատակով: Հաճախել եմ հանրագիտարանի խմբագրություն՝ որոշ գործիչների մահվան տարեթվերը ճշտելու

համար: Հիշեցի. հոկտեմբերի 26-ին եղել եմ Հայաստանի Ազգային գրադարանում, մասնակցել եմ «Հայ-ռուսական գրական կամուրջներ» ցուցահանդեսի բացմանը, գրել եմ այդ միջոցառման մասին ինֆորմացիա և մեկնել եմ ՙԱզգ՚ թերթի խմբագրություն և այն, 1999 թ. նոյեմբերյան հիշարժան օրացույցի հետ հանձնել եմ Սերգեյ Գալոյանին, որից հետո մեկնել եմ տուն: Հոկտեմբերի 27-ին հաճախել եմ ՙՆորաթերթի՚ խմբագրություն, մահացած ընկերոջս (դրամատուրգ Միքայել Աբրահամյան) երկու գրքերի մասին ինֆորմացիան ներկայացրել եմ Էմանվել Մանուկյանին, նա չի համաձայնել տպագրել: Դրանից հետո հաճախել եմ ՀՀ ԳԱԱ ՙՌուսաստանի բարեկամներ՚ միություն՝ այնտեղից ցուցահանդեսի համար վերցրած նյութերը վերադարձնելու նպատակով: Ապա մեկնել եմ Ազգային գրադարան՝ 2000 թ. հիշարժան տարեթվերի հարցով և նոր լույս տեսած թերթերին ծանոթանալու համար:

Հոկտեմբերի 26-ին առավոտյան արթնացա, նախաճաշեցի և մեկնեցի Ազգային գրադարան: Առավոտյան տանն էին Նաիրին, Կարենը և նրանց քեռին՝ Վռամը: Երեկոյան երբ վերադարձա նրանք նույնպես տանն էին:

Հոկտեմբերի 27-ին «Նորաթերթի» խմբագրություն հաճախել եմ ժամը 11-ին, որից հետո էլ գնացել եմ ՀՀ ԳԱԱ-ի շենքը, որտեղ տեղավորված է ,Ռուսաստանի բարեկամներ» միությունը: Ապա եղել եմ Ազգային գրադարանում՝ 2000 թ. հիշարժան օրացույցի հարցով, ծանոթացել եմ օրվա թերթերին և մեկնել եմ տուն: Այդ ժամանակ տղաներս և նրանց քեռին տանը չէին:

ՀԱՐՑ – Կոնկրետ երբ եք 26.10.99 թ.-ին գնացել տնից, երբ եք վերադարձել, ովքեր են այդ օրը եղել Ձեր տանը՝ ինչ նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 26-ին տանից դուրս եմ եկել մոտավորապես ժամը 9.30-ին և վերադարձել եմ 17.30-18.00 սահմաններում: Այդ ժամանակ տանը եղել են տղաներս և նրանց քեռին: Ուրիշ մարդ չի եղել: Գուցե եղել է նրանց սենյակում, ես չեմ նկատել: Հաստատ չեմ կարող ասել, որովհետև օտար մարդու չեմ նկատել: Այդ ժամանակ տղաներս և նրանց քեռին հեռուստացույց են դիտել:

Հոկտեմբերի 26-ին եկա տուն, ժամը 21-ին քնեցի: Քանի որ վատառողջ եմ, ուստի տուն գալուց որոշ ժամանակից հետո քնում եմ, նամանավանդ վերջերս, որ եղանակները ցրտել է և ես էլ շուտ եմ մրսում: Հոկտեմբերի 26-ին էր, թե նախորդ օրերին, չեմ կարող ասել, բայց 2-3 օր մեր տանն է եղել Կամո անունով մի մարդ: Կարենն ասաց, որ նա Նաիրիի ընկերն է: Հոկտեմբերի 27-ին նախորդող օրերին մի քանի անգամ մեր տանն է եղել Կամո անունով մի մարդ: Այժմ չեմ հիշում նա հոկտեմբերի 26-ին եղել է թե ոչ: Իմ մտքով չէր անցնում, որ այդպիսի ահավոր դեպք տեղի կունենա, այլապես կնշեի որևէ տեղ օտար մարդկանց հաճախումներն ու անունները:

ՀԱՐՑ – Այսինքն բացի Կամոյից 26.10.99 թ.-ին ոչ ոք երեկոյան ժամերին Ձեր տուն չի այցելել այդպես է թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 26-ին մեր տանը բացի տղաներիցս և նրանց քեռուց, ուրիշ մարդու չեմ նկատել: Քանի որ, ինչպես ասացի, ես շուտ եմ քնել, գուցե այդ ժամանակ են եղել, որին ես ականատես չեմ եղել:

ՀԱՐՑ – Ժամը քանիսին եք պառկել քնելու 26.10.99 թ.-ին:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 26-ին քնել եմ մոտավորապես ժամը 21-ին:

ՀԱՐՑ – Քր. գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 26.10.99 թ.-ին երեկոյան Ձեր տանն են եղել Աշոտ Կնյազյանը և Դերենիկ Բեջանյանը, ինչու եք թաքցնում այս փաստը, ինչ նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ես առաջին անգամ այստեղ իմացա այս մարդկանց անունները, որոնց ոչ տեսել եմ, ոչ էլ ճանաչում եմ: Քանի որ աննախադեպ փաստն առկա է, հետևապես պետք է ասել ճշմարտությունը: Ուստի ես ասում եմ այն, ինչին տեղյակ եմ: Միայն ես լսել եմ, որ հինգերորդ անձնավորությունը Ախալքալաքից է: Բայց թե ո՞վ է, ես չգիտեմ: Բացի դա իմ սենյակն առանձին է, ես ժամերով այնտեղ եմ լինում, գրում եմ, կարդում և հայ մշակույթի համար օգտակար աշխատանք կատարում: Նշված անձինք գուցե եղել են մեր տան մյուս սենյակներում: Այդ դեպքում հասկանալի է, որ ես նկատած չեմ լինի: Հոկտեմբերի 26-ին մեր տանը ես օտար մարդ չեմ տեսել: Այդ օրը տանը երեկոյան եղել են տղաներս և նրանց քեռին:

ՀԱՐՑ – Երբ է Ձեր տուն եկել Վռամ Գալստյանը ում հետ, ինչ նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆ – Օրեր առաջ Վռամը մեր տանը եղել է մի մարդու հետ, որը, իմ կարծիքով, իրենց համագյուղացին է: Իսկ վերջին օրերին (24-27-ը) մեր տանը ուրիշի հետ այցելել է թե ոչ, չեմ տեսել: Գուցե դա եղել է այն ժամերին, երբ ես տանը չեմ եղել կամ քնած եմ եղել: Հոկտեմբերի 24-27-ը Վռամը մեր տուն է եկել մենակ: Իմ կարծիքով գալու նպատակը եղել է քրոջ որդիներին տեսնելը, նրանց հանդիպելը:

ՀԱՐՑ – Ինչու եք ստում, Ձեր որդիները 24.10.99 թ.-ին մեկնել են Մարտունու շրջան գ. Վերին Գետաշեն և վերադարձել են 25.10.99 թ. Վ. Գալստյանի հետ, այդ դեպքում ինչպես կարող էր Վ. Գալստյանի այցելության նպատակը լիներ Ձեր որդիներին տեսնելը և հանդիպելը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ թե ստում եմ, այլ մոռացել էի, որ տղաներս հոկտեմբերի 24-ին մեկնել են Վ. Գետաշեն և Վռամ Գալստյանի հետ վերադարձել են հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին: Նրանց գնալու նպատակը ինձ հայտնի չէ, քանի որ գնացել են այն ժամանակ, երբ ես տանը չեմ եղել: Նրանք գնալուց ես տանը չէի: Նրանք թղթի վրա գրել էին. ՙՄենք գնում ենք գյուղ, կվերադառնանք հաջորդ օրը՚:

ՀԱՐՑ – Ով է Էդիկ Գրիգորյանը, ինչ հարաբերությունների մեջ է եղել Ձեր որդիների հետ դեպքին նախորդող օրերին և դեպքի օրը երբ, ինչ նպատակով և քանի անգամ է նա եկել Ձեր տունը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Էդիկ Գրիգորյանը Նաիրիի դպրոցական ընկերն է: Այդ տարիներից սկսած նա մտերիմ է և Նաիրիի, և Կարենի հետ: Նա մեր տանը հաճախ է լինում, նրա ավտոմեքենայով հաճախ են գյուղ գնում կամ մեկ այլ տեղ: Կարելի է ասել, որ նա դեպքին նախորդող օրերին գրեթե ամեն օր է մեր տանը եղել: Ինչպես նախկինում, դպրոցական տարիներին, դրանց հաջորդած տարիներին, իմ կարծիքով եկել է իր ընկերներին՝ Նաիրիին և Կարենին տեսնելու, զրուցելու: Վատ բան իմ մտքով չի անցել: Ես վատ բան նրանից չեմ նկատել: Նրանց զրույցները, որքան ինձ հայտնի է, նվիրված էր մեր առօրյային: Քանի որ ես վատառողջ եմ, նրանց հասակակիցը չեմ, ունեմ իմ նախասիրությունը, իմ հետաքրքրությունների աշխարհը, ուստի ես առանձին իմ սենյակում եմ եղել: Նրանց զրույցների բովանդակության մասին չեմ կարող տալ առավել ստույգ պատասխան:

ՀԱՐՑ – Կոնկրետ հոկտեմբերի 26-ին և 27-ին Է. Գրիգորյանը երբ է եղել Ձեր տանը որ ժամերին, ինչ նպատակով, ում հետ է եկել, որքան ժամանակ է մնացել:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 26-ին և 27-ին առավոտյան ես տանից դուրս եմ եկել և վերադարձել եմ երեկոյան: Տանը եղած ժամանակ նրան մեր տանը չեմ նկատել: Նա մեր տանը եղել է հավանաբար ցերեկային ժամերին:

ՀԱՐՑ – Խուզարկությամբ Ձեր տնից առգրավվել է ինքնաձիգի խզակոթներ, որտեղից դրանք և Դուք տեղյակ եք Ձեր տանը զենք զինամթերք եղել է թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Խզակոթերը հայտնաբերվել են տղաներիս ննջասենյակում: Դրանք թաքցրել էին տիպերի կապոցների տակ: Դրանց ես տեղյակ չեմ եղել և միշտ համոզված եմ եղել, որ մեր տանը զինամթերք չի եղել: Ես տեղյակ չեմ, որ իմ որդիները պատրաստվում էին հոկտեմբերի 27-ին այդպիսի անմարդկային արարք կատարել:

Ցուցմունքս գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ՝

ՀՈՒՆԱՆՅԱՆ ՀՐԱՉԻԿ




Լրահոս