Վաղը լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20 տարին: 1999 թվականի հենց այդ օրը` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովում զինված խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ոճրագործություն, ահաբեկչություն` ըստ էության գլխատելով պետությունը: Դավադիր գնդակի զոհ դարձան 8 պետական գործիչներ` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Եվ ահա, քսան տարի անց անսպասելի շրջադարձ է տեղի ունենում. սեպտեմբերի 11-ին Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել քրեակատարողական ծառայություն, որպեսզի 20 տարի ազատազրկման մեջ գտնվելու կապակցությամբ իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակեն:
Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից ի պատասխան ArmLur.am-ի հարցի, հայտնել են, որ ՔԿ ծառայությունը 80-օրյա ժամկետում նրա դիմումին համապատասխան արձագանք կտա: Ասել է, թե ՔԿ ծառայության կողմից Նաիրի Հունանյանին պատասխանելու ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին:
Անցած տարի` հոկտեմբերի 27-ին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Ըստ ՀՀ օրենսդրության՝ գործը վերսկսելու համար նոր հանգամանքներ են պետք։ Տվյալ պահին չեմ կարող ասել՝ այդպիսի հանգամանքներ կան, թե ոչ»:
Հիմա թերեւս կան. նոր իրավիճակ է: Հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել, դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Գուցե ազատության դիմաց ասելի՞ք ունենա, որը կարող է դառնալ նոր երեւան եկած հանգամանք, հետեւաբար նաեւ քրգործի քննության նոր հիմք:
Ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ եթե գործի նյութերից երևա, որ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատելիս դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց չի խուսափել, նոր հանցագործություն կամ ոչ իրավաչափ գործողություններ չի կատարել, ապա նա ենթակա է ազատ արձակման:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ներկայացված և Հանձնաժողովի հավանությունը ստացած միջնորդագրերը դատարանների կողմից են լուծում ստանում: Ասել է, թե պետք է որոշում կայացվի միջնորդագիրը մերժելու կամ բավարարելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածին համապատասխան, դատարանը լիազորված է որոշում կայացնելու` պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին:
Բայց արդյոք Նաիրի Հունանյանի դեպքում կկիրառվեն նշված հոդվածները: Իրավիճակն ավելի նուրբ է, քան, օրինակ, Կարեն Օգանեսյանի դեպքը:
Ինչպես հայտնի է՝ 2018 թվականին աննախադեպ երևույթ եղավ Հայաստանի պատմության մեջ. ցմահ ազատազրկման դատապարտված Օգանեսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Սա աննախադեպ էր, քանի որ ՔԿՀ-ի կողմից առաջին անգամ ցմահ դատապարտյալին տրվել էր դրական նկարագիր, երկրորդ՝ տարիներ շարունակ որևէ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ դատարանը նման որոշում չէր կայացրել և երրորդ՝ անձն ազատվել էր պատժի կրման տարիների ընթացքում դրսևորած պատշաճ վարքագծի համար։
Թերևս, պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար, որ Նաիրի Հունանյանին ազատ արձակելու նույնիսկ թեթև ակնարկ բողոքի անկառավարելի ալիք կբարձրացնի, իսկ հետևանքները կարող են անդառնալի լինել: Այդուհանդերձ, պետքէ սպասել զարգացումներին: Չեն բացառվում այլ անկանխատեսելի շրջադարձեր: