Այս պահին մեր գլխավոր նպատակը Գավաթի խաղարկությունում հաջողության հասնելն է․ Արմեն Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Լոռի» – «Գանձասար-Կապան» խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել կապանյան թիմի մարզիչ Արմեն Պետրոսյանը։

«Շատ հետաքրքիր եւ լավ հանդիպում ստացվեց։ Երկու թիմերն էլ լավ ֆուտբոլ խաղացին։ Ափսոսում եմ, որ պարտվեցինք, քանի որ կոպիտ ասած տղաների աշխատանքը ջուրը ընկավ։ Կարողացանք ստեղծել լավ գոլային պահեր, սակայն օգտագործել ՝ ոչ։

Գոլ խփելու ռեալ շանսեր ունեին եւ Քոչարյանը եւ Օհանյանը։ Ես հանդերձարանում էլ տղաներին ասել եմ, որ շատ լավ հանդիպում են անցկացրել։ Ես գոհ եմ տղաների ցուցադրած ֆուտբոլից․ այսպես էլ է պատահում պետք է մոռանանք այս խաղն ու սկսենք պատրաստվել գավաթ խաղարկության «Շիրակի» դեմ խաղին։ Դեռ մինչեւ լավագույն վեցնյակի ձեւավորվելը ունենք խաղեր անցկացնելու եւ մեր հնարավորություններն էլ վատը չեն լավագույն վեցնյակ դուրս գալու համար։ Կպայքարենք մինչեւ վերջ, բայց այս պահին Գավաթի խաղարկությունում հաջողության հասնելը մեր առաջնային նպատակ է»։

Արման Հովհաննիսյանի փոխարինման մասին

«Արման Հովհաննիսյանը դեղին քարտ ստացավ եւ ես զգացի, որ նա սկսեց ավելի նյարդային գործել ու այդ պատճառով էլ նրա փոխարեն խաղադաշտ մտցրի Նարեկ Ասլանյանին, ով նույնպես շատ լավ աշխատեց ու լավ մտավ խաղի մեջ։ ԵՎ ընդհանրապես այսօր բոլորը բարձր մակարդակի հանդիպում անցկացրին ու ցավալի է, որ լավ խաղով չկարողացանք արդյունք ապահովել»։

Ստեֆան Աջումանիի բացակայության մասին

«Ստեֆան Աջումանիից դժգոհ եմ։ Նա ունի շատ լավ ֆուտբոլային որակներ, սակայն նրա կատարած աշխատանքը ինձ դուր չի գալիս։ Ես նրան տվել եմ հնարավարություն եւ մի քանի անգամ նույնիսկ ընդգրկել մեկնարկային կազմում, բայց նա լավ չխաղաց եւ մեր թիմում այդպես է ՝ եթե չես կարողանում օգտվել քեզ տրված հնարավորություններից, ապա պետք է սպասես արդեն մյուս շանսին։ Հիմա նա այդ սպասողական ընթացքի մեջ է։ Կգա ժամանակը եւ նա նորից կստանա խաղալու հնարավորություն, սակայն, եթե չկարողանա լավ ֆուտբոլ ցուցադրել, ապա առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհրաժարվենք նրա ծառայություններից։

Իմ կարծիքով, եթե մենք կարող ենք հայ ֆուտբոլիստին տալ 2 կամ 3 հնարավորություն, ապա արտասահմանցի խաղացողին պետք չէ տալ նույյն քանակի շանսեր։ Ես այդպես եմ մտածում, բայց կարող եմ ասել նաեւ, որ Աջումանին դեռ կխաղա եւ կփորձի ցույց տալ, որ ուժեղ է ու կարող է օգուտ տալ թիմին»։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս