Ներկայացնում ենք 1995-99-ին` ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր Անդրանիկ Մարգարյանի ցուցմունքը, որը վարել է քննիչ՝ Է. Գյուլնազարյանը:
հ.9
գ.թ. 42-47
8.11.99
ԱԺ պատգամավոր
Քննիչ՝ Է. Գյուլնազարյան
գ.թ. 42.
Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր N 10 ընտրատարածքից 1999 թ.-ից, «Միասնություն» խմբակցության ղեկավար, գիտության, կրթության, մշակույթի մշտական հանձնաժողովի անդամ:
գ.թ. 42. հ. երես
ՀԱՐՑ – Խնդրվում է վերհիշել և մանրամասը ցուցմունք տալ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցած տեռորիստական ակտի մասին, որքան հնարավոր է հերթականությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ – Հոկտեմբերի 27-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 16.30-ից մինչև 18.00 տեղի էր ունենում հանդիպում կառավարության անդամների հետ: Տրվում են հարցեր կառավարության անդամներին կամ վարչապետին և նրանք ամբիոնից պատասխանում են պատգամավորների հարցերին: Ես նստում եմ Ազգային ժողովի դահլիճում 1 շարքի 9-րդ տեղում: Վարչապետը՝ 1-ին շարքի 4-րդ տեղում: Իմ կողքին՝ 8-րդ տեղը, նստում է Թորոսյան Տիգրանը, Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահի տեղակալ, «Միասնություն» խմբակցությունից, ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի անդամ:
Նիստի ժամանակ, երբ պատգամավոր Ֆ. Խառատյանի հարցին պատասխանում էր ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը, դահլիճի աջ կողմի առաջին դռնից դահլիճ ներխուժեցին մարդիկ, լսվեցին գոռոցներ և կրակոցներ: Առաջինը նկատեցի սպիտակ թիկնոց հագած, բարձրահասակ երիտասարդի, որը Կալաշնիկով ավտոմատով կրակահերթ արձակեց վարչապետի վրա, գոռալով թե այս «փրչոտից» էիք վախենում, որը երկիրը հասցրել է այս վիճակին, ծծել է մեր բոլորի արյունը, չի թույլ տվել կատարվեն ընտրություններ և այլ այլանդակ հայհոյանքներ, հիշոցներ: Կրակելով, պահանջեցին, որ պատգամավորները պառկեն: Այդ ընթացքում ես նայեցի վարչապետի կողմը, նա արյունաթաթախ հենվել էր ձախ կողմի վրա: Լսեցի նաև ատրճանակի կրակոց վարչապետի վրա, նայեցի Նաիրին էր: Պառկած տեղից նկատեցի, որ բեմի վրա կան մարդիկ. Դեմիրճյանը և Բախշյանը չէին երևում, բայց նկատեցի,
գ.թ. 43.
որ նրանց վրա կրակում է մի երիտասարդ: Գլուխս բարձրացրեցի. նկատեցի բեմի մոտ մեկին, որը գոռաց վրաս, թե Անդո պառկի, թե չէ քեզ էլ կխփենք: Հետո ճանաչեցի նրան, անունը Էդիկ էր: Նրա հետ հանդիպել եմ 1995 թ. ազգային ժողովի պատգամավորների ընտրության ժամանակ Յուրի Բախշյանի նախընտրական շտաբում: Նա օգնում էր Բախշյանի նախընտրական պայքարին: Որոշ ժամանակ անց մեզ ստիպեցին նստել մեր տեղերը: Նայելով շուրջս տեսա վարչապետը թեք, արյունոտված ընկած է աթոռին, մեր հետևի շարքերում կան վիրավորներ: Նաիրին և մեկը որը ավտոմատով էր զինված և վարչապետի վրա առաջին կրակահերթ արձակողն էր, գնացին նստեցին քարտուղարության սեղանի մոտ, ավելի շուտ Նաիրին նստեց մյուսը կանգնեց նրա հետևը ավտոմատով: Նաիրիի ձեռքը արդեն Մակարով տիպի ատրճանակ էր: Նաիրին ինձ կանչեց անունով, կանգնացրեց իր դեմը ասելով որ ես կլինեմ վահան, որ իրեն չխփեն, ձեռքին ատրճանակ էր, որ պահել էր վրաս, իսկ հետևի կանգնածը ավտոմատով հաճախ կրակահերթ էր արձակում դեպի դիմացի պատուհանները կամ պահում էր իմ վրա: Ինձ ասացին, որ բոլոր դռների մոտ կանգնացնեմ 2-ական պատգամավորներ: Նաիրիին հիշեցի, երբ 90-ականների սկզբին ՀՈՒԴ-ի նախագահն էր, մի քանի անգամ շփվել ենք ժողովներում և այլևս չեմ հանդիպել, գիտեի, որ հեռացրել են դաշնակցությունից: Նրանք պահանջում էին պատգամավորներից դիմել ժողովրդին կոչով, որ նրանք հավաքվեն, բայց ոչ մի պատգամավոր չդիմեց:
գ.թ. 43. հ. երես
Դիմեցին ՀՅԴ խմբակցությունից Ռուբիկ Հակոբյանին, Մարտուն Մաթևոսյանին, նախարար Ռոլանդ Շառոյանին, որ իրեն կապեն Հրանտ Մարգարյանի հետ: Խոսեցին ինչ-որ բան Հրանտի հետ: Ինձ ասում էին կապվի Իժոյի հետ, ես պատասխանեցի, որ համարը չունեմ, հետը կապ չունեմ: Իժոն Սամվել Բաբայանն էր: Պատգամավորներից մեկը սոտովի (բնագրում՝ ռուս.) հեռախոսով կապվեց ինչ-որ Ժիրիկի հետ և Նաիրին նրա հետ խոսեց, ասելով, որ կապնվի Սամվել Բաբայանի հետ, տեղյակ պահի կատարվածի մասին: Այդ պատգամավորը Մալաթիա թաղամասից ընտրված Սամվել Ավետիսյանն էր, եթե ազգանունը ճիշտ եմ հիշում: Անընդհատ ցանկանում էին կապի մեջ մտնել Հանրապետության նախագահի հետ: Մեկ անգամ ես խոսեցի Ալիկ Հարությունյանի հետ իրենց բջջային հեռախոսով: Քարտուղարների սեղանին կար ներքին հեռախոս, որով հնարավոր է կապվել դրսի հետ: Զանգ էին տալիս տարբեր տեղեր: Պատգամավորներին թույլ տվեցին զանգելու իրենց տները, մի մասը օգտվեց, մյուսները խոսում էին իրենց բջջային հեռախոսներով: Ես մեկ անգամ կապվեցի կուսակցության գրասենյակի հետ, հետո չկարողացա ոչ տան հետ, ոչ էլ գրասենյակի հետ կապվել, ստիպված զանգեցի ծանոթ լրագրողուհու, որ կապնվի մեր տան հետ, կուսակցության հետ, նա ինձ հեռախոսով տալիս էր լուրեր, որ հաղորդվում էր հեռուստացույցով: Նաիրին ինձ ստիպում էր, որ դիմեմ դահլիճից դուրս գտնվողներին, որ նրանք չկրակեն, քանի որ վտանգի տակ էր պատգամավորների կյանքը և խոսափողից կամ դռների
գ.թ. 44.
մոտից կոչ էի անում, որ չկրակեն: Հետո թույլատրեցին, որ հեռախոսով ստացած լուրերը ամբիոնից հայտնեմ դահլիճին: Լրագրողուհին Մերի Հարությունյանն էր, որ աշխատում էր «Ձեռագիր» հաղորդաշարում (կառավարության ծրագիրն է): Նաիրին հեռախոսով տալիս էր ինտերվյուներ տարբեր թերթերի և հեռուստաընկերությունների: Հեռախոսը վերցնում էի ես, ապա փոխանցում Նաիրիին: Մի երկու անգամ ես էլ եմ տվել հարցազրույց ԱՐ կամ Ա1+-ին: Բանակցելով Նաիրիի հետ, հասանք այն բանին, որ թույլ տվեցին կանչել շտապ օգնություն վիրավորներին օգնելու, ապա դուրս տանելու համար, բերվեցին պատգարակներ սպանվածներին մի տեղ հավաքելու, ապա որոշ ժամանակ հետո թույլատրեցին դահլիճից դուրս հանել: Դեմիրճյանը և Բախշյանը սպանվել էին բեմի վրա: Միրոյանը նախագահությունից դեպի 3-րդ հարկ տանող միջանցքում: Վարչապետը սպանվեց իր տեղում: Լեոնարդ Պետրոսյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը իրենց նստած տեղերում սպանվեցին: Արմենակ Արմենակյանը դահլիճից դուրս էր սպանվել, սկզբում մենք ներսում գտնվողներս չգիտեինք: Նախագահությունից դեպի 3-րդ հարկ տանող դռան մոտ կանգնած էր Դերենիկը զինված ավտոմատով և նռնակով: Հենց մի շարժում էր նկատում 3-րդ հարկում, կրակում էր: 3-րդ հարկի դռան և Դերենիկի միջև միշտ կանգնած էին լինում 2 պատգամավոր, որպես կենդանի վահան:
գ.թ. 44. հ. Երես
Դահլիճի վերջում, լրագրողների նստատեղերի վերջում կանգնած էր Վռամը զինված ավտոմատով: Նաիրին և Կարենը քարտուղարության սեղանի մոտ էին: Էդիկը շրջում էր դահլիճում զինված ատրճանակներով: Մի ավտոմատ ԱԿՄ (բնագրում՝ ռուս.) դրված էր Նաիրիի մոտ, բայց փամփուշտներ չկային:
Հայկ Բաբուխանյանը նրանց թույլատրությամբ անընդհատ ներս ու դուրս էր անում, բանակցում էր դրսի հետ: Հետո ներս թողեցին նաև Տիգրան Նազարյանին «Հայ լուրի» թղթակցին, որը նույնպես բանակցում էր դրսի հետ: Ես բարձրախոսով դահլիճին հայտնում էի, որ գնում են բանակցություններ:
Որոշ ժամանակ անց Հունանյանը դուրս եկավ բանակցելու: Այս ընթացքում բանակցային գործընթացին ակտիվորեն միացավ ԱԱՆ-ի I տեղակալ Գրիգոր Գրիգորյանը: Նրանք փնտրում էին Սուրեն Աբրահամյանին, բայց նա ավելի շուտ էր դուրս եկել: Նախարարներից օգնել եմ Գագիկ Շահբազյանին, Դավիթ Զադոյանին, որպես հիվանդներ դուրս գալուն: Մոտեցումն այնպես էր, որ որքան հնարավոր է շատ մարդ դուրս գան դահլիճից: Շատերը օգնելով վիրավորներին կամ հանելով սպանվածների դիակները հետ չվերադարձան:
Ահաբեկիչների վստահությունը, խրոխտությունը գնալով նվազում էր: Նրանց հետ խոսակցություններից հասկացվում էր, որ չգիտեն թե ինչ են անելու հետո, ինչ պահանջներ են ներկայացնելու: Ես անընդհատ ասում էի, որ գրավոր ձևակերպեն պահանջները, ինչ են ցանկանում, ինչ են անելու, բայց նրանք
գ.թ. 45.
հրաժարվում էին: Վերջում, երբ դրսում արդեն ձեռք էին բերել պայմանավորվածություններ, Նաիրին սկսեց աշխատել հայտարարության տեքստի վրա: Հանձնվելու պայմանների մասին սկսեցին բանակցել Գրիգոր Գրիգորյանի և Դավիթ Հարությունյանի հետ:
Նրանք պահանջեցին, որ պատգամավորներից ներկայացուցիչներ լինեն իրենց ուղեկցելու ժամանակ: Նաիրին և Կարենը պահանջեցին, որ ես անպայման լինեմ: Հանձնվելուց հետո եղել եմ նրանց ուղեկցողների մեջ, Կարենը ինձ իր մոտ էր պահում: Զենքերը հանձնեցին դահլիճում, կազմվեց համապատասխան փաստաթղթեր, մեկ զենք մնաց՝ ատրճանակ, Կարենի մոտ, որը հանձնեց ԱԱՆ-ի մեկուսարանում: Մենք նրանց ուղեկցեցինք ԱԱՆ մեկուսարան:
ՀԱՐՑ – Ո՞վ էր պահանջում որ դուք կապնվեք Իժոյի՝ Սամվել Բաբայանի հետ և ի՞նչ էին ուզում որ հաղորդեք: Դուք կամ նրանք կարողացա՞ն կապնվել Ս. Բաբայանի հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ – Կարենն էր պահանջում, որ ես տամ Սամվել Բաբայանի հեռախոսի համարը, որ իրենք կապնվեն նրա հետ: Ես չգիտեի Ս. Բաբայանի համարը: Ս. Բաբայանի հետ իմ մոտ չեմ կապնվել, ոչ էլ ես եմ կապնվել նրա հետ: Պատգամավորներից Սամվել Ավետիսյանը, որ նստում էր 6-րդ շարքում Արմենակյանի մոտ, բջջայինով կապվեց ոմն Ժիրիկի հետ, տվեց Նաիրիին, նրանք զրուցեցին: Նաիրին ասաց Ժիրիկին, որ կապնվի Ս. Բաբայանի հետ, պատմի տեղի ունեցածը, և Բաբայանը կապնվի իրենց հետ: Թե ինչու համար էին ցանկանում կապնվել Ս. Բաբայանի հետ և ինչու էին ցանկանում տեղյակ պահել կատարվածի հետ, ես չգիտեմ:
գ.թ. 45. հ. երես
ՀԱՐՑ – Ովքե՞ր են կոնկրետ կրակել Կ. Դեմիրճյանի և Յու. Բախշյանի վրա և ի՞նչ զենքի տեսակով:
ՊԱՏԱՍԽԱՆ – Որքան իմ մոտ տպավորվել է, առաջինը բեմում տեսա մուգ շոր հագած ահաբեկչի, Դերենիկ անունով և ավտոմատով կրակեց պառկած Դեմիրճյանի և Բախշյանի վրա: Ըստ ինձ նա է կրակել նաև Միրոյանի վրա, որովհետև նա գնաց դեպի այն դուռը, որ տանում էր 3-րդ հարկի միջանցք և որտեղ տեսա Միրոյանի դիակը ընկած երեսնիվայր, գլուխը դեպի աստիճանները:
ՀԱՐՑ – Դուք կոնկրետ ի՞նչ խոսեցիք Ալիկ Հարությունյանի հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ – Ալիկ Հարությունյանին ասացի, որ ցանկանում են ուղիղ եթեր, ցանկանում են բանակցել ՀՀ նախագահի հետ և հեռախոսը վերցրեց Նաիրին: Նաիրին սկսեց նույն բանը կրկնել Ա. Հարությունյանին: Թե նա ինչ էր պատասխանում չգիտեմ:
ՀԱՐՑ – Ինչ հանգամանքներում, որտեղ և ում կրակոցներից են սպանվել Լեոնարդ Պետրոսյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:
ՊԱՏԱՍԽԱՆ – Լեոնարդ Պետրոսյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը սպանվել են իրենց տեղերում: Թե ով է կրակել չեմ տեսել, բայց հավանական եմ համարում, ով կրակել է վարչապետի վրա, նրա կրակոցներից են սպանվել Հ. Աբրահամյանը և Մ. Քոթանյանը, որովհետև նրանք նստած էին 2-րդ շարքում 5, 6 տեղերում և այն թեքությամբ, որ կրակել էին, նույն ուղղության վրա էին նստած: Լ. Պետրոսյանը ուրիշ կողմ էր նստած, չեմ նկատել, թե ինչ հանգամանքներում է սպանվել:
Արմենակ Արմենակյանը դահլիճում չի եղել, ըստ պատմածների, սպանվել է միջանցքում:
գ.թ. 46.
ՀԱՐՑ – Ինչ հանգամանքներում են վիրավորվել Անդրանիկ Մանուկյանը, Էմմա Խուդաբաշյանը, Հերմինե Նաղդալյանը, Էդմոն Ծատուրյանը, Ժիրայր Գևորգյանը և Պավել Ղալթախչյանը: Ովքե՞ր են կրակել նրանց վրա:
ՊԱՏԱՍԽԱՆ – Հերմինե Նաղդալյանը, Էմմա Խուդաբաշյանը, Անդրանիկ Մանուկյանը, Էդմոնդ Ծատուրյանը նստած են եղել վարչապետի հետևի շարքերում, Հ. Աբրահամյանի և Մ. Քոթանյանի հետևի շարքում: Նրանց վիրավորվելը հետևանք եմ համարում վարչապետի վրա արձակված կրակահերթերի: Ժիրայր Գևորգյանի և Պավել Ղալթախչյանի վիրավորելու մասին չեմ կարող բան ասել, որովհետև չեմ տեսել:
ՀԱՐՑ – Բացի տեռորիստ 5 անձանցից, դահլիճում ուրիշ ով և ո՞ր կողմից է կրակել հրազենից: Դրսից դեպի դահլիճ կրակոցներ եղել են, թե՝ ոչ: Եթե այո, ապա նշեք կոնկրետ ո՞ր կողմից և ով է կրակել:
ՊԱՏԱՍԽԱՆ – Դրսից կրակոց չեմ լսել: Դռների մոտ դրսից եթե շարժում էր կատարվում, ապա ներսից կրակում էին այդ ուղղությամբ: Վերջում Նաիրին, Էդիկը, Կարենը ուզում էին մեզ ապացուցած լինեին, որ իբր իրենց հետ զուգահեռ կրակել են վերևից թիկնապահները ավտոմատներով և հնարավոր է, որ մյուս զոհերը եղել են նրանց կրակոցների հետևանքով: Ապացույց էին բերում, բեմի հետևի պատի, տաբլոյի վրա եղած գնդակի հետքերը, լրագրողների նստատեղերից վերև թափված պարկուճները: Բայց ով էր այնտեղից կրակել չեմ կարող ասել, որովհետև իմ թիկունքում էր, չեմ տեսել, բայց այդ մասերում միշտ եղել է ահաբեկիչներից Վռամը:
գ.թ. 46. հ. երես
Կինոխցիկների արանքում պատի տակ տեսել եմ ավտոմատի կրակած պարկուճներ մոտ 10-15 հատ, մեզ ուղեկցում էր Նաիրին, այդ ժամանակ դահլիճում էր գտնվում քննչական խումբ, այդ վարկածը պարզելու համար: Ես պարկուճ չեմ վերցրել և ոչ մեկին չեմ տվել, բայց տեսել եմ թափված պարկուճներ: Այդ մասերում միշտ կանգնած է եղել ահաբեկիչներից Վռամը, ավտոմատը ձեռքին, հավանաբար նրա կրակածը կարող է լինել, բայց հաստատ չեմ կարող ասել:
Ահաբեկիչները որոշ ժամանակ հետո, ներխուժումից հետո, հարցրեցին թե ո՞ւր են Սուրեն Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը: Պարզեցին որ չկան դահլիճում: Հարցնում էին ո՞ւր է Մուշեղը, ես չհասկացա թե ինչ Մուշեղի մասին էր խոսքը:
ՀԱՐՑ – Դուք չե՞ք ճանաչում պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին, որը Այգեկ գյուղի գյուղապետն էր: Այդ օրը, տեռորիստները որ գրավեցին դահլիճը, Մուշեղը դահլիճո՞ւմ էր, թե ոչ: Դեպքի օրը դուք տեսե՞լ եք, որ նա տեռորիստների ներխուժումից առաջ դահլիճից դուրս է եկել:
ՊԱՏԱՍԽԱՆ – Անձամբ Մուշեղ Մովսեսյանին չեմ ճանաչում, դեմքը մինչև անգամ չեմ հիշում, չենք շփվել: Գիտեմ, որ նա «Շմայսի» եղբայրն էր: «Միասնություն» դաշինքի թեկնածուն այդ տարածքում պարտվեց, գիտեինք որ Մուշեղ Մովսեսյանին ընտրությունների ժամանակ պաշտպանում էր Սամվել Բաբայանը:
Ձեր բանավոր հարցին պատասխանում եմ, որ Նաիրի Հունանյանի հետ շփվել եմ, երբ նա ՀՈՒԴ-ի նախագահն էր, մի քանի անգամ երիտասարդների հավաքների ժամանակ, դեմքով ենք իրար ճանաչել, հետո իմացել եմ, որ դաշնակցական է եղել և նրան հեռացրել են ՀՅԴ-ից: ՞՞՞՞Նաիրիին հանդիպել եմ՞՞՞՞ վերջին անգամ 1995 թ. ԱԺ ընտրութ-
գ.թ. 47.
յունների ժամանակ Յուրի Բախշյանի ընտրական շտաբում, գիտեի, որ Բախշյանի հարևաններից է և օգնում է նրան ընտրությունների ժամանակ:
Մյուս բանավոր հարցին պատասխանում եմ, որ ԱԺ պատգամավորներին և կառավարության անդամներին պատանդ պահեցին մոտ 16-17 ժամ: Նպատակները պարզ էին այդ պահին՝ սպանեցին նպատակային ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, նախագահի տեղակալներին: Մեզ պահում էին պատանդ, որպեսզի ԱԺ պատգամավորների միջոցով, ՀՀ նախագահին պարտադրեին ժամանակավոր կառավարության կազմավորումը Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, որը իր վրա էր վերցնելու վարչապետի նախագահի լիազորությունները:
Իմ տպավորությամբ նրանք սկզբում այնպես էին պահում իրենց, որ դրսից կգան օգնության, ինքնավստահ էին: Մտածում էին, որ ժողովուրդը ոտքի կկանգնի և կօգնի իրենց: Բայց դա չէր միակ օգնությունը, որ նրանք սպասում էին: Ցավոք սրտի նրանց խոսակցություններից չեմ կարող եզրակացնել թե ինչ ուժեր, բայց նման սպասում կար:
Ցուցմունքս գրեցի իմ ձեռքով, ճիշտ է, ուղղում և լրացում չունեմ:
ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ