Հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել էր հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի առողջական վիճակը: Նրան հոկտեմբերի 30-ին «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում վիրահատել էին: Էդիկի մայրը` տիկին Թերեզան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ընդամենը երկու օր են թույլ տվել խնամել որդուն, իսկ հետո արգելել են:
Հիշեցնենք, որ Էդիկ Գրիգորյանին գտել էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ուշագնաց վիճակում, որից հետո անհրաժեշտություն էր առաջացել սրտի վիրահատության ենթարկել, ինչն արժեցել էր 4 միլիոն դրամ: Կալանավայրերի վարչությունը եւ առողջապահության նախարարությունը հրաժարվել էին գումար տրամադրել դատապարտյալի վիրահատության համար:
«Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Էդիկ Գրիգորյանի ծնողների հետ: Նրա հայրը՝ Գարեգին Գրիգորյանը, պատմեց, որ իր որդու ուշագնացության մասին լսել է հեռուստացույցով. «Շատ անհանգստացանք, խառնվեցինք իրար: Քրեակատարողական հիմնարկից սկզբում տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ հետո ասացին՝ շտապ պետք է վիրահատեն, 4,5 միլիոն դրամ էր հարկավոր: Հայտնվեցինք փակուղու մեջ: Այլ ելք չունենալով՝ դիմեցի Վազգեն Մանուկյանին: Չգիտեմ, թե նա ում հետ է խոսել, ինչ է խոսել, բայց օգնեց, ու տղայիս վիրահատեցին: Ավելին, գումարն էլ դեռ չի փոխանցվել»:
Էդիկ Գրիգորյանի մայրը` տիկին Թերեզան, նշեց, որ իրեն ընդամենը երկու օր են թույլ տվել խնամել որդուն, հիմա արգելում են մտնել ներս. «Սենյակը հսկում են: Միայն պերեդաչի եմ տանում, ստուգում են ու վերջ»:
Մեր այն հարցին, թե ոճրագործությունից անցել է 14 տարի, ինչ են մտածում ծնողները, ովքեր Էդիկին ներքաշեցին այդ սահմռկեցուցիչ սպանությունների ծրագրման ու իրագործման մեջ, Գարեգին Գրիգորյանը պատասխանեց. «Այն, ինչ կասեմ, ինձ պատմել է որդիս: Բոլոր դատապարտյալներն իրենց ցուցմունքներում գրել են, որ այսօրվա ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ծեծել է իրենց եւ ստիպել, որ գրեն, թե հոկտեմբերի 27-ը կազմակերպել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այն ժամանակ Աշոտ Մանուչարյանը լրատվամիջոցներից մեկում գրել էր, թե Ռոբերտ Քոչարյանն առանձին զբաղվում է Մեղրու միջանցքը ադրբեջանցիներին հանձնելով, սակայն Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը չէին ցանկանում: Ես մի բան գիտեմ, որ առանց Վազգեն Սարգսյանի հնարավոր չէր ոչ մի հարց լուծել»:
Ավելին, ըստ Էդիկ Գրիգորյանի հոր՝ Նաիրի Հունանյանը նույնպես իր ցուցմունքում գրել է, թե իրեն տարել են գերեզմաններ, կրակել ոտքերին. «Ասել են՝ կկորցնենք քեզ, ասա՛, որ այս ամենը կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Մենք որտեղի՞ց իմանանք, թե ով է արել այս ամենը: Մենք համոզված ենք, որ տղաները կազմակերպիչներ չունեին, եթե այդպիսի բան էլ կար, միայն Նաիրի Հունանյանը կիմանար»:
Գ. Գրիգորյանը պնդեց, թե գործով անցնող բոլոր դատապարտյալներն ահաբեկիչներ չեն, քանի որ ոչ մի պայման չէին դրել. «Ես գոհ չեմ դատավարությունից ու նախաքննությունից: Մեր հիմնական օրենքում, որ ամեն մարդ պատասխան է տալիս իր արարքի համար, սրանք հետին թվով բերեցին, համակատարող հասկացողությունը մտցրին, սակայն համակատարողը չի նշանակում, որ նա կատարող է: Էդիկն անգամ ԱԺ դահլիճում չի եղել, ամեն ինչ ավարտվել է, եւ նա նոր մտել է ԱԺ: Էդիկի ձեռքին զենք անգամ չի եղել, նա այդ ժամանակվա պատգամավոր Էդիկ Մադաթյանից՝ Խուճուճ Էդոյից է վերցրել: Պատգամավորն էլ դա հաստատել է: Այն ժամանակ ցմահ բանտարկություն չկար, կար գնդակահարություն եւ 15 տարվա ազատազրկում: Ինչ-որ մեկի հրամանով ցմահ բանտարկությունը մտավ: Բայց որ հիմա մեկին հարցնես, ասում է՝ ավելի լավ էր մեզ գնդակահարեին, քան այսպես պահեին, քանի որ իմ որդու հետ սարսափելի վատ են վարվել, սառը ջուրը լցրել են վրան ու թողել դրսում: Է՜հ, ո՞րն ասեմ»:
Ըստ մեր զրուցակցի՝ իր որդին չպետք է գնար այդ քայլին, քանի որ երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել. «Իրեն այս ամենի մեջ ներքաշեց դասընկեր Նաիրի Հունանյանը: Նաիրիին ո՛չ կարող եմ արդարացնել, ո՛չ էլ քննադատել, քանի որ նա վերին աստիճանի հայրենասեր էր»:
Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի հնարավոր կազմակերպիչներին՝ Գ. Գրիգորյանն ասաց. «Լավ, ենթադրենք, թե դա այդպես էր: Վերցնենք Նաիրի Հունանյանի ընտանիքը: Նաիրիի հայրը ծերանոցում մահացավ, մայրը խելագարվեց, ու գտան ծովում, եղբայրը՝ Կարենը, ասում են՝ քրեակատարողական հիմնարկում խանգարվել է, նրա քեռին ինքնասպան եղավ, քեռու ընտանիքը քյասիբ մեռնում է, գոնե ինչ-որ ձեւով այդ կազմակերպիչները պետք է օգնեին, չէ՞, քանի որ Նաիրին կարող է ինչ-որ կերպ ձայն հանել: Բայց… Նրանց հիմնական խնդիրը Մեղրու միջանցքը Ադրբեջանի հսկողության տակ չհանձնելն էր, արդեն համաձայնել էին այն տալ, իսկ տալու դեպքում Հայաստանը կդառնար ուղղակի անկլաֆ: Իմ տղան ինձ ասել է, որ Նաիրին ասում էր՝ եթե չմտնենք, ապա Մեղրին կհանձնեն: Բայց, իհարկե, որդիս մշտապես ասել է, որ զղջում է արածի համար, սակայն ուշ է հատկապես Յուրի Բախշյանի համար, քանի որ իրենք ընտանիքներով շատ մոտ են եղել»:
Էդիկ Գրիգորյանի հոր խոսքով, բացի որդուց, նրա ընտանիքին նույնպես կտտանքների են ենթարկել. «Բոլորիս աշխատանքից հեռացրին: Արտադրամաս ունեինք, ձեռքներիցս վերցրին: Դա էլ դեռ քիչ էր, մարդ էին ուղարկել իբր թոռնիկիս տանեն հոր մոտ: Մենք գլխի ընկանք, որ ուզում էին թոռնիկիս փախցնել, որ ստիպեն Էդիկին գրի այն, ինչ պետք է: Մի խոսքով, շատ վատ բաներ են եղել…»:
Հոդվածը գրվել է «Ժողովուրդ» օրաթերթի 2013թ․-ի նոյեմբերի 8-ի համարում։
Քնար Մանուկյան