ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. ընթացքում կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսին կայացված դատավճռիռներով Դ.Մաթևոսյանը և Խաչիկ Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 7-ի սահմաններում, «Ազատության» հրապարակում նշված երկու անձինք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հրելու և քաշքշելու կամ հարվածելու եղանակով վերջիններիս նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Վերոնշյալ դատավճիռներով Դ.Մաթևոսյանը դատապարտվել է երեք, իսկ Խ. Գասպարյանը՝ երկու տարի ժամկետով ազատազրկման:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով փորձաշրջան։
Դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը 2008թ. սեպտեմբերին կայացրած որոշումներով մերժել է վերաքննիչ բողոքները և Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները թողել անփոփոխ։ Դ. Մաթևոսյանի վերաբերյալ գործով ներկայացվել նաև վճռաբեկ բողոք, սակայն 2009թ. հունվարին Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։