ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, խմբի անդամներ Էդմոն Մարուքյանն ու Կարինե Պողոսյանը հանդիպել են Երեւանում Շվեդիայի դեսպանության նորանշանակ խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնի հետ: Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 28-ին:
Բարեկամական խմբի ղեկավարը, շնորհավորելով դեսպանորդին առաքելության ստանձնման կապակցությամբ, ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակում, կարեւորել պատգամավորական բարեկամական խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում:
Այս համատեքստում Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենիորի այցը Հայաստան, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Շվեդիա, որոնց ընթացքում տեղի ունեցած հանդիպումները նոր էջ են բացել հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում:
«Մեր երկրների օրակարգում քիչ չեն համընկնող թեմաները եւ առաջնահերթությունները, ինչպես Հայաստանի, այնպես էլ Շվեդիայի համար: Դրանք են` օրենքի գերակայությունը, դատական իշխանության անկախությունը, կանանց իրավահավասարությունն ու իրավազորումը, համաչափ տնտեսական զարգացումը եւ այդ բոլորի հիմքում ընկած՝ կրթությունը: Մենք բավականին աշխատանք ունենք անելու այս ուղղությամբ եւ ուրախ եմ փաստել, որ այս աշխատանքները սկսված են»,-նշել է Հռիփսիմե Գրիգորյանը:
Բիրյեր Կարլսոն, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Շվեդիան արժեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը եւ այս համատեքստում կարեւորել «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագիրը, որի գործընկերներից է Շվեդիան:
Զրուցակիցներն անդրադարձել են գիտակրթական, մշակութային եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցությանը՝ անդրադարձել Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի դերին: