«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ներկա լինելու: Երեկ ԱԺ ներկայացավ ՀՀ վարչապետը, ներկայացրեց այն նախագիծը, որը, ըստ իշխանական ներկայացուցիչների, աննախադեպ է, եւ հեռացավ: Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Ն. Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական աճի կանխատեսումն այսօր շատ ավելի մեծ է. «Բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը»: Ըստ վարչապետի` գրեթե ակնհայտ է, որ 2020-ի 7%-ին մոտ տնտեսական աճ են ունենալու, 2020 թ. նախատեսված է 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտ, որը, 2018թ. համեմատ, 27,4% աճել է, ծախսերի աճը 29, 9 % է, այսինքն` 30 % աճ ունենք բյուջեում:
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ կարեւոր է արձանագրել, թե իրենք որոշակի տնտեսական ակտիվություն են ակնկալում Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում. «Մոտավոր 200 000 քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` 2020-ից կենսաթոշակները 10 %-ով կբարձրանան, երեխայի նպաստի միանվագ բարձրացում կլինի, ուժայինների աշխատավարձերը միջինը 10 %-ով կբարձրանան, նաեւ փրկարարների, անտառապահների եւ այլն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այն կարծիքին է, որ այս բյուջեն եւս հեղափոխական չէ. «Օտարերկրյա ուղղակի ներդրումները 18 թ. հունվար-հունիս ամիսներին եղել են 38 մլրդ դրամ, 19թ. հունվար- հունիսին ունեցել ենք 7,8 մլրդ: Այս ցուցանիշները այնքան հեռու են այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»: Ըստ ընդդիմադիր պատգամավորի` բյուջեի կառուցվածքում որեւէ բան չի փոխվել:
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել` արդյոք կիսում է ընդդիմության դիրքորոշումը, որ 2020 թվականի բյուջեն հեղափոխական չէ: «Սա հեղափոխական բյուջե է, ու մեր հասարակությունը լավ է ապրելու, պետք է հստակեցնել, որ մենք արդեն իսկ փոփոխություն ունենք, շատերն են դա նկատել: Ու հայտարարել, թե փոփոխություն չկա, չի եղել, հեղափոխական չէ բյուջեն, կարծում եմ, սխալ է: Թող հանրությանը հարցնեն, լսեն նրանց գնահատականները ու կպարզեն, որ մենք արդեն շատ փոփոխություններ ունենք»,- հայտարարեց իշխանական պատգամավորը:
Մեր դիտարկմանը, թե արդյոք ինքը շրջել ու զրուցել է ժողովրդի հետ` պարզելու համար, թե իրենք գոհ են իրենց սոցիալական խնդիրների լուծումներից, մեր զրուցակիցը նշեց. «Այո, շրջել եմ, ու շատ բարձր են գնահատում, համայնքներ ենք գնում, այցեր ենք կատարում, ու դա ասում են մարդիկ: Պետք է ուղղակի զրուցել մարդկանց հետ ու պարզել ողջ ճշմարտությունը: Ամեն ինչ փոխվել է դեպի լավը»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ