Մեծ դրամաշնորհներ` Երևանի քաղաքապետարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների շրջանակներում այսօր խորհրդարանում կքննարկվի բյուջետային հատկացումները Երեւանի քաղաքապետարանին, ինչպես նաեւ մարզպետարաններին: Ըստ այդմ, այսօր խորհրդարան պետք է գան ինչպես Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այնպես էլ բոլոր մարզպետները:

Նկատենք, որ ինչպես նախորդ քննարկման ժամանակ, այս անգամ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գերատեսչությունների ղեկավարներին հրահանգ է եղել գալ եւ անձամբ ներկա լինել նախագծի քննարկմանը, այլ ոչ թե փոխնախարարների մակարդակով, ինչպես լինում էր նախկինում: Իհարկե, կլինեն պաշտոնյաներ, որոնք միգուցե հարգելի պատճառներով բացակայեն բյուջեի նախագծի քննարկումներից, սակայն հարցն, ամեն դեպքում, շատ խիստ է դրվել:

Ընդ որում, նշենք, որ դեռեւս պատգամավոր եղած ժամանակ պաշտոնյաների բացակայությունը բյուջեի նախագծերից ամենից շատ հետաքրքրում էր հենց Նիկոլ Փաշինյանին, եւ թերեւս հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր քննարկումից առաջ նա խիստ հրահանգում է ներկա գտնվել ընդդիմադիրների քննադատություններից խուսափելու համար: Եվ նկատենք, որ նախկինում Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում հիմնականում գտնվում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը. հենց այս երկու պաշտոնյաներն էին մշտապես բացակայում բյուջեի նախագծի կամ կատարողականի քննարկումներից, եւ յուրաքանչյուր քննարկմանը հենց դա ընդգծում էր Նիկոլ Փաշինյանը:

Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ պատգամավորները` թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, բավականին հարցեր ունեն հատկապես Երեւանի քաղաքապետին: Եվ, բնականաբար, հարցերի մեծամասնությունը վերաբերելու է Երեւանում աղբահանության իրականացմանը: Գաղտնիք չէ, որ քննարկման ժամանակ պատգամավորների կողմից հարցերի մեծամասնությունն այնքան էլ չեն վերաբերում բուն բյուջեի նախագծին, այլ դրանից դուրս հետաքրքրություն ներկայացնող հարցերի:

Եվ այս դեպքում Երեւանի քաղաքապետի դեպքը եւս բացառություն չի լինի:

Մինչ այդ փորձենք հասկանալ, թե ինչպիսին են բյուջետային հատկացումները Երեւանի քաղաքապետարանին 2020 -ին:Նկատենք, որ Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեն եկամուտների գծով կազմել է 83 մլրդ, ծախսերի գծով` 84 մլրդ, դեֆիցիտը`՝ 1 մլրն 269 հազար դրամ: Ընդ որում, այս տարի Երեւանի քաղաքապետարանի աշխատողների պարգեւավճարների եւ խրախուսանքների համար քաղաքային բյուջեից հատկացվել է մոտ 2 մլրդ դրամ, ինչը 2,5 անգամ ավելի շատ է` 2018թ. համեմատ։ Իսկ ընդհանուր առմամբ քաղաքի բյուջեի ծախսերն այս տարի ավելացել են 5%-ով՝ կազմելով 84.3 մլրդ դրամ: Եվ հենց դա է պատճառը, որ այս տարվա բյուջեի դեֆիցիտը 26 անգամ աճել է` նախորդ տարվա համեմատ,եւ կազմել 1.3 մլրդ դրամ:

Ինչպես արդեն նշեցինք, նախատեսված է, որ այս տարի Երեւանի եկամուտները 3 մլրդ դրամով ավելի կլինեն՝ կազմելով 83 մլրդ դրամ: Եվ մեկնաբանվում էր այնպես, որ այս տարվա եկամուտների աճը պայմանավորված է հարկերի եւ տուրքերի բարձրացմամբ, որի արդյունքում նախատեսված է 1.3 մլրդ դրամի հարկ ավել հավաքել: Ընդ որում, տեղական տուրքերի բարձրացման մասին որոշում Երեւանի ավագանին ընդունել էր դեռ 2018 թվականի դեկտեմբերին: Եվ հենց դրա հաշվին նախատեսված էր այս տարի հարկերի չափը հասցնել 15,7 մլրդ դրամի` նախորդ տարվա 14,4 մլրդ դրամի համեմատ:

Թվային տվյալներ ներկայացնելու համար նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից, համաձայն այս որոշման, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տուրքը դարձել է 600 հազար դրամ` նախկինում առկա 350 հազարի փոխարեն: Բարձրացել են նաեւ Երեւանի տարածքում առեւտրի, հանրային սննդի, շահումով խաղերի, զվարճանքների, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիք-սաունաների, խաղատների՝ կեսգիշերիցհետո աշխատելու համար տուրքերը:

Իսկ այս տարվա ծախսերը,ըստ նախագծի, կազմում են 84,35 մլրդ դրամ` նախորդ տարվա բյուջեիցմոտ 4 մլրդ դրամով ավելի: Բացի պարգեւավճարների եւ խրախուսանքների համար հատկացված ծախսից, բյուջեով 80%-ով ավելացել է նաեւարտասահմանյան գործուղումների համար նախատեսվող գումարը` կազմելով մոտ 113 մլն դրամ: Ավելացել են նաեւ աշխատողների վերապատրաստման եւ մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղվողմիջոցները եւ այլ ծախսեր, որոնք ներկայացված են առաջին պատկերում։

Իսկ հիմա անդրադառնանք 2020 թվականի բյուջեին: Օրինակ` բյուջեի նախագծում ամրագրված է, որ միայն Երեւան քաղաքի փողոցների արտաքին լուսավորվածության ծառայությունների վրա ծախսվելու է 2 մլրդ 229 մլն դրամ: Ընդ որում, դրանք կատարվելու են դրամաշնորհների հաշվին՝ ՎԶԵԲ-ի եւ Արեւելյան Եվրոպայի ֆոնդի աջակցությամբ: Առհասարակ, դրամաշնորհների հաշվին Երեւանի քաղաքապետարանը հաջորդ տարի բազմաթիվ ծրագրեր է պատրաստվում իրականացնել. դրանցից են, օրինակ, ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածքների նորոգումը՝ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ:

Դա իրականացվելու է Երեւան քաղաքի ջրամատակարարման բարերալվման դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: Բացի այդ դրամաշնորհային ծրագրերից, բյուջեի նախագծում ամրագրված է նաեւ Երեւանի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագրերի առկայության մասին՝ 3 մլրդ դրամ, Եվրոպական միության հարեւանության ներդրումային գործիքի աջակցությամբ:

Առհասարակ, այս բյուջեի նախագծում հիմնականում ներկայացված են դրամաշնորհները Երեւանի մասով, քանի որ բյուջեի վերջնական նախագիծը պետք է հաստատվի Երեւանի ավագանու նիստում, իսկ մինչ այդ պետք է դեռ առաջարկներ ներկայացնեն ավագանու խմբակցությունները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս