«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք, որի շրջանակում ընթերցողին դատին է հանձնում կանանց հետ զրույցներ: Նրանք կիսվում են իրենց փորձով, տղամարդկանց մասին տեսակետներով, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ ընկալումներով: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է:
-Անահի՛տ, նախ՝ մեր ավանդական հարցը՝ կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:
-Երկուսն էլ: Իհարկե, կան բաներ, որոնք ժառանգում ենք, բայց կին դառնում են նաեւ ինքնակրթման ճանապարհին, ընտանիքի, շրջապատի ազդեցության արդյունքում: Կանացիությունը կարեւորագույն հատկանիշ է: Կնոջ մարմնացումը միանգամից աչքի է ընկնում:
-Ձեզ համար կա՞ այսպիսի կերպար:
-Այո, միակ եւ անփոխարինելի Մոնիկա Բելուչին:
-Դուք երբեւէ կդիմե՞ք պլաստիկ միջամտության, օրինակ՝ մաշկը ձգելու համար:
-Ոչ: Ինձ դուր են գալիս այն բոլոր փոփոխությունները, որոնք ի հայտ են գալիս տարիքի հետ: Եթե ներքուստ ինքդ քեզ հետ ներդաշնակ ես, կարծում եմ՝ դրա կարիքը չես ունենա: Բայց երբեք չեմ դատում ու մեղադրում այն մարդկանց, որոնց դիմում են նման միջամտությունների: Ցանկացած կին ուզում է ուշ ծերանալ, գեղեցիկ կլինել: Այնուամենայնիվ, ես ինձ դուր եմ գալիս ցանկացած տարիքում, ինձ թվում է՝ այդպես էլ կշարունակվի: Կնճիռներն իրենց ասելիքն ունեն, յուրաքանչյուր տարիք իր գեղեցկությունն ունի:
-Ինչպե՞ս լինել ե՛ւ խնամված, ե՛ւ զբաղված:
-Ճիշտ մարդու եք այդ հարցն ուղղում: Չնայած որ աննկարագրելի զբաղված եմ եւ չնայած որ առաջին հերթին մայրիկ եմ, փորձում եմ խնամված լինել եւ օրինակ ծառայել իմ աղջիկներին: Ինձ համար օրը 25 ժամ ունի, ամեն ինչ հասցնում եմ: Չեմ կարող ասել առավոտից իրիկուն խնամված եմ, բայց կան բաներ, որոնց պարտադիր հետեւում եմ: Կինը չպետք է մոռանա իրեն եւ չմոռանա, որ կին է:
-Փոքր ժամանակ եղել եք ավազա՞կ, թե՞ թիթիզ աղջիկ:
-Թիթիզ երբեք չեմ եղել, շատ ավելի հասարակ էի, բայց ոչ տղայական: Նրբությունը միշտ ուղեկցել է ինձ, բայց չեմ փորձել հատուկ գրավիչ լինել: Աղջնակ էի, որը փոքրուց բնականի կողմնակիցն էր:
-Դուք եղել եք արքայադուստր, որին բոլոր տղաները սիրահարվո՞ւմ էին, թե՞ տղաների լավ ընկերը:
-Արաքայադուստր, թեեւ թիթիզ չէի:
-Երեխաները Ձեր աշխատանքին ինչպե՞ս են վերաբերվում:
-Ճիշտն ասած՝ երեխաներս շատ հեռու են էկրանից: Իմ աշխատանքը նրանց համար հենց աշխատանք է, ոչ թե հետաքրքրություն: Կան իմ մասնակցությամբ հաղորդումներ, ֆիլմեր, որոնք նրանք չեն էլ տեսել: Եվ, գիտե՞ք, այդպիսով ես ավելի հանգիստ եմ: Ես ավելի շատ մամա եմ, քան դերասանուհի: Մարդիկ էլ են ինձ այդպես ընկալում: Երբ մոտենում են, նկարվում են, ասում են. «Դուք ինչ լավ մամա եք»: Իմ անձի շուրջ ձեւավորվել է մամայի կերպար, եւ ես դրա համար շատ ուրախ եմ: Ես պրոֆեսիոնալ մամա եմ, բայց ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի, որն ունի կոմպլեքսներ եւ ամեն դեր չի խաղա:
-Եթե չապրեիք Հայաստանում, էլի այդպես կլինե՞ր, կբարդույթավորվեի՞ք, օրինակ, հանդես գալ համբույրի տեսարաններում:
-Եթե պրոֆեսիոնալիզմը մեր երկրում գերակշռող լիներ, որոշակի կոմպլեքսներ կարող է վերանային, բայց ես չեմ տեսել այն նախագիծը, որը այդքան պրոֆեսիոնալ կերպով արված կլինի: Մեր հանդիսատեսն էլ պատրաստ չէ դրան: Մերոնք սիրում են հետեւել՝ դերասանը ինչ քայլ կանի, ու քննարկել դա հարեւանի հետ, բամբասել: Երբ մերոնք դիտում են ամերիկյան ֆիլմեր, երբեւէ չեն քննարկում համբույրի տեսարանները, բայց բավական է` դրանք լինեն հայկական ֆիլմերում, աղմուկը պատրաստ է:
-Ի՞նչ պատգամ կթողնեք Ձեր բալիկներին:
-Ունեցե՛ք ուժ` փոխելու այն ամենը, ինչ կարող եք, եւ համբերություն ունեցե՛ք` դիմանալու այն ամենին, ինչ չեք կարող փոխել:
Աննա Բաբաջանյան