Հայկական ֆուտբոլի երկրպագուների First Armenian Front ուլտրասը անդրադարձել է հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին.
«Հայկական ֆուտբոլում առկա որոշ հարցերի մասին.
Խստորեն դատապարտում ենք հայկական ակումբների սեփականատերերի և այլ պաշտոնատար անձանց ոչ ֆուտբոլային վարքագիծը Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։ Մասնավորապես, որպես թարմ օրինակ «Լոռի» ՖԱ-ի սեփականատեր և ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի տգեղ և անվայել պահվածքը։
Ինչպես Արազը նշեց՝ Լոռի-Փյունիկ խաղի ժամանակ, խաղի տեսագրության մեջ 73-րդ րոպեից լսվում է անպարկեշտ բառապաշարով արտահայտություններ և հայհոյանք ուղված ֆուտբոլիստներին և մրցավարներին: Մեզ նոր հասած տեղեկությունով տվյալ անձի կողմից նմանատիպ բառապաշարով, վիրավորական արտահայտություններ և հայհոյանք է հնչել նաև Լիխտենշետյն-Հայաստան արտագնա հանդիպման ժամանակ՝ մեր թիմի ֆուտբոլիստ Մարկոսի հասցեին։ Սատարելով ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ նման վարքագիծը համարում ենք անթույլատրելի, հայկական ֆուտբոլում որևէ անձի կողմից «նեմեցական» պահվածք այլևս չպետք է լինի: Նման դրսևորումները չկանխվելու դեպքում՝ մենք հանդես կգանք նմանատիպ երևույթների կանխարգելմանն ուղղված ակցիաներով։
ՀՖՖ-ին կոչ ենք անում վերանայել տարբեր թիմերի կողմից բողոքի առարկա դարձած մրցավարության հարցը, և բոլոր ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպումների, քննարկումների արդյունքում օպտիմալ լուծում գտնել այս հարցի շուրջ։
Լինելով Հայաստանում ֆանատական մշակույթի հիմնական ձևավորողը` հանդես ենք գալիս կոչ-խնդրանքով նաև Հայաստանի առաջնության թիմերի ֆան-ակումբներին և երկրպագուներին.
Երկար տարիներ է պահանջվել հայհոյախառն, անհիմն ֆուտբոլիստների ինքնասիրությանը կպնող վանկարկումներն ու արտահայտությունները մարզադաշտերից վերացնելու և ֆուտբոլը տոն դարձնելու համար։ Հայկական ֆուտբոլի զարգացման և հայկական ֆուտբոլը մթագնող միջադեպերից խուսափելու համար եկեք պահենք կոռեկտություն և չստեղծենք արհեստական թշնամանք։
Հ.Գ.
Դատապարտելով Էրիկ Վարդանյանի արարքը՝ առաջիկայում նախատեսում ենք հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպանի հետ։
«Առաջին հայկական ճակատ» երկրպագուական շարժման ղեկավար խորհուրդ»: