Ով է յուրային, ով թշնամի․ ինչո՞ւ արգելվեց մի շարք լրատվամիջոցների մուտքը կարևոր քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառում լուսաբանելու հրավերը երեկ տակնուվրա էր արել հայկական լրատվական դաշտը: Ըստ էության կատարավեց աննախադեպ մի բան. «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր եւ մտորումներ» թեմայով քննարկմանը արգելվել էր news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների մուտքը: Ավելին, միջոցառումից հետո Սաֆարյանը ապարզաբանել էր. «Չէք գտնի մի հետազոտական կենտրոն, որն իր քննարկումներին հրավիրում է բոլորին անխտիր: Մեր իրավունքն է որոշել, թե որ լրատվամիջոցն է համարվում լրատվամիջոց, իսկ որը` քարոզչամիջոց»: Բայց չկա թերեւս հետազոտական որեւէ կենտրոն, որն իրեն իրավունք վերապահի լրատվամիջոցների դասակարգում անել, լուսաբանման հրավիրել` ըստ նպատակահարմարության: Այսպիսի բան չկար նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ էլի լրատվամիջոցները բաժանված էին սեւ եւ սպիտակ ցուցակների: Պարզապես այդ տարիներին եթե չէին էլ հրավիրում անցանկալիներին, գոնե այսպիսի ճակատային պիտակավորումներ էլ չէին անում:

Այուամենայնիվ, արդյոք սա ՀՀ գործող իշխանությունների տեսակե՞տն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանման համար դիմեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, ով պարզաբանեց. «Եթե Ստյոպա Սաֆարյանը մի բան է որոշել, ես ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել, եւ ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ: Եթե պետական մակարդակով լիներ, իսկ պետական մակարդակով դա հնարավոր չի, որ լինի, ես սիրով կպատասխանեի, բայց քանի որ այն մեզ չի վերաբերում, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը, մեղմ ասած, չի կիսում ու չի ողջունում Ստյոպա Սաֆարյանի այդ քայլը:

Հավելենք, որ շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ կատարվածը դատապարտեցին հայտարարությամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս