Հուլիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ մարզպետ աշխատած անձանց մեղադրյալի աթոռին նստեցնելու օպերացիան մեկնարկել է: Գրել էինք, որ դատարանի առաջ է կանգնել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը:
Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ «Գրէդշին» ՍՊԸ-ի միջեւ կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի եւ չկատարված լինելու պայմաններում հաստատել եւ շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի հետեւանքով էական վնաս է հասցրել պետությանը:
Այս արարքի համար նախաքննական մարմինը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը շահերին հակառակ օգտագործելը») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասի («Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը») հատկանիշներով: Հավելենք, որ Սարգիս Սահակյանը ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբայրն է:
Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքներից` նա պետք է ազատազրկման դատապարտվեր 7 տարի ժամկետով, սակայն Սահակյանը «ջրից չոր դուրս եկավ»: Արդյունքում 2019 թվականի սեպտեմբերի 13-ին դատավոր Սուրեն Մնոյանը հրապարակել էր վճիռը եւ Սարգիս Սահակյանին մեղավոր ճանաչելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով` նրա նկատմամբ պատիժ էր սահմանել տուգանքը` 800.000 ՀՀ դրամի չափով:
Ավելին, դատարանը Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով Սարգիս Սահակյանին ազատել էր դատավճռով նշանակված պատժից: Այսինքն` նախկին մարզպետի վրա համաներում էր կիրառվել:
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում. պարզվում է, որ մեղադրող դատախազն այնքան էլ համամիտ չէ դատարանի որոշման հետ եւ գործը հոկտեմբերի 22-ին բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:
Քնար Մանուկյան