Սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել «Մարտի 1»-ի գործով` տեղեկացնելով, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին այս գործով մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է ՀՔԾ-ին հաջողվել սույն քրեական գործը բացահայտել:
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին` Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաեւ 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից` ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության` սահմանադրական կարգի տապալման գործիքներնումիջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը, այն է` 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների իրական հանգամանքները թաքցնելու եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողիներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով` ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը` իրենց հանձնարարություններով ուցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն:
Նախաքննական մարմինը հարուցված քրեական գործով հիշատակել էր ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, քննչական խմբի քննիչ Արմեն Հակոբյանի անունները:
«Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործով մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես` ինչպես է նախաքննական մարմնին` ի դեմս Հատուկ քննչական ծառայության, հաջողվել պարզել այս պատմությունը: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմնին այս ամենի մասով կոնկրետ ցուցմունք տվող է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` ՀՔԾ-ին այս ամենի մասին պատմել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանը: Ասել է թե` նրա ցուցմունքի հիման վրա է նախաքննական մարմինը կանգ առել հետքի վրա կամ կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել: Ավելին, մեզ հասած տեղեկություններով` նախաքննական մարմինը սույն գործով մեղադրանք է առաջադրել ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանին, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանին: Այստեղ շատ ուշագրավ է, որըստ իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի` նախաքննական մարմինը, ըստ էության, հաշվի առնելով Հովհաննես Թամամյանի ցուցմունքը կամ, այսպես ասած, նախաքննական մարմնին օժանդակելու հարցը` վերջինիս բավականի մեղմ մեղադրանք է առաջադրել:
Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որ չեն մեկնաբանում: Այսինքն՝ ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին:
Ավելին, մեկնաբանության համար զանգահարեցինք Հովհաննես Թամամյանին, սակայն վերջինս չխոսեց: «Իմ տեղը համար չէ… հետո»,-ասաց նա` անջատելով հեռախոսը: «Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ տեղեկությունների մասով պատրաստ է հրապարակել նաեւ Հովհաննես Թամամյանի մեկնաբանությունը:
Քնար Մանուկյան