Երեկ՝ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Նշենք, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները, բացելով նշված փողոցի թիվ 14 տան դուռը, լոգարանում գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ ննջարանում՝ անկողնում՝ մեկ այլ տղամարդու դի: Մահացածները հայր ու որդի են: Հայրը՝ 80-ամյա Ալբերտ Կ.-ն և նրա որդին՝ 46-ամյա Կարեն Կ-ն:
Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Ազատան համայնքի աշխատակազմի ղեկավար Ղուկաս Մուրադյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ հայր և որդի ապրում էին միասին:
«Հայրը զառամյալ ծերունի էր, և երկար ժամանակ տառապում էր հիվանդության պատճառով, իսկ որդին առողջական լուրջ խնդիրներ ուներ, հոգեկան շեղումներ: Ամուսնացած չէր, ապրում էր հոր հետ: Նպաստառու ընտանիք էին»,- նշեց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ 80-ամյա Ալբերտն ուներ երեք որդի, սակայն մյուս երկու որդիներն ապրում են առանձին իրենց ընտանիքների հետ:
«Մի որդին բնակվում է արտերկրում, նոր է եկել, որպեսզի հոր և եղբոր հուղարկավորության արարողությանը մասնակցի»,-հավելեց Ազատան համայնքի աշխատակազմի ղեկավարը:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի:
Լիդա Եղիազարյան