Իջեւանի նոր խորհրդանիշն ու առկա խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում տեղադրվել են Հայաստանի պետական դրոշի 3 գույներով սիրո պատկերներ եւ «Իջեւան» գրառումը, որը խորհրդանշում է Իջեւան քաղաքի հանդեպ մարդկանց սերը։ Այդ պատկերը գիշերները գեղեցիկ լուսավորվում է։ Իջեւանի մի քանի բնակիչներ «Ժողովուրդ» օրաթերթին իրենց դժգոհությունն են հայտնել, որ «Իջեւան» գրառում-պատկերը միայն անգլերենով է, ինչու հայերեն, կամ նաեւ հայերենով նման գրառում չի տեղադրվել։

Իջեւանցիներն ասացին, որ այս առումով պետք է օրինակ վերցնել հարեւան վրացիներից, ովքեր մշտապես իրենց լեզվով են գրառումներ տեղադրում։ Իջեւան համայնքի ֆինանսավորմամբ ներկայումս քաղաքի Բլբուլյան փողոցում սալիկապատում է կատարվում։

Շինարարները որակյալ գործ են անում, սակայն դեռեւս չավարտված հատվածում այդ փողոցի բնակիչ վարորդներն ավտոմեքենաներով երթեւեկել եւ վնասել են կատարված աշխատանքը։ Շինարարները ստիպված են եղել վերականգնել վնասված տեղերի սալիկները։

Կատարվող շինարարական աշխատանքների պատճառով այդ փողոցը բոլոր ավտոմեքենաների, այդ թվում՝ աղբատար մեքենաների համար փակ է, սակայն Բլբուլյան փողոցի բնակիչները շարունակում են իրենց կենցաղային աղբը ցելոֆանե տոպրակներով կուտակել փողոցի եզրին` չմտածելով, թե այն ինչպես է տեղափոխվելու։ Մինչդեռ այդ փողոցի բնակիչները ժամանակավորապես` մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը, պետք է աղբը այդ փողոցից վերեւ կամ ներքեւ գտնվող այլ փողոցներ տեղափոխեն։

Իջեւանը բարեկարգվում է, գեղեցկանում, սակայն Տավուշի մարզկենտրոնի կենտրոնական հատվածում շարունակում են թափառել անտեր շները եւ առանց հսկողության մնացած, քաղաքային զբոսայգու կանաչ հատվածներում, քանդակների այգում արածող կովերը։ Թափառող շները հաճախ են հայտնվում Տավուշի մարզպետարանի շենքի առաջ, դրա մոտակայքում։ Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ ծառայության իրավաբան Դավիթ Սահակյանը հայտնեց, որ Իջեւանում թափառող, անտեր շները խիստ բազմացել, ագրեսիվ են դարձել, դրանք վտանգ են ներկայացնում մարդկանց, հատկապես` փոքր երեխաների համար։ Թափառող, սոված շները Իջեւանի փողոցներում տեղադրված աղբարկղերը քրքրում, դրանցում սնունդ են որոնում, սնունդը շրջակայքում թափում, տարածում են աղբը։

Տավուշի մարզկենտրոն Իջեւանի համար խնդիր է նաեւ սննդի բացօթյա առեւտուրը։ Իջեւանի քաղաքային շուկայի դիմաց` հետիոտնի տեղաշարժի համար նախատեսված մայթին, բացօթյա, առանց որեւէ ծածկի մեծ քանակով բանջարեղեն է վաճառվում։ Դրա վրա նստում է միջպետական ավտոճանապարհի այդ խիստ բանուկ հատվածով անցնող հազարավոր ավտոմեքենաների արտանետած ծուխը, դրանում առկա ծանր մետաղները, փողոցի մեծ փոշին։ Ըստ օրենքի՝ փողոցում սննդի բացօթյա առեւտուրն արգելված է, սակայն օրենքը բացահայտ խախտվում է։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս