«Միստիկ երկիր Առան»-ը փորձել եմ նկարահանել Աստծո հայացքով. Հրանտ Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի «Միստիկ երկիր Առան» վավերագրական-խաղարկային ֆիլմի երեւանյան պրեմիերան: Սցենարի հեղինակը Լեւոն Գալստյանն է: Առանն Արցախի հնագույն անունն է, որը նշանակել է բերրի այգի: Ֆիլմում արծարծվում են հետեւյալ հիմնահարցերը. ո՞րն է Արցախի տեղն ու դերն առհասարակ համաշխարհային պատմության ու քաղաքակրթության մեջ, ի՞նչ գլոբալ առաքելություն է վերապահված այս երկրին ու նրա մարդկանց, ո՞րն է արցախցիների բազմադարյա ազգային-ազատագրական պայքարի հոգեւոր իմաստը:

Հրանտ Մովսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ֆիլմի միջոցով փորձել է փոխանցել՝ որն է այդ դրախտային հողի դերն ու տեղը համաշխարհային պատմության մեջ: «Ֆիլմը փորձել եմ նկարահանել Աստծո հայացքով, եւ գտնել դրախտը դրախտում, որի անունն է Առան (Արցախ): Հանդիսատեսին այս պատմական ֆիլմը ներկայացրել եմ տարբեր ժանրերի միջոցով. այնտեղ առկա են անիմացիոն, խաղարկային նկարչական գրաֆիկա եւ լուսանկարներ: 1 ժամում փորձել եմ ցույց տալ 5-րդ դարից մինչեւ մեր օրեր հասած պատմություն:

Այսօր շատ կարեւոր է վավերագրական կինոյի վերելքը, որովհետեւ այն ֆիքսում է ժամանակը: Փորձել եմ այսօրվա կինոլեզվով ֆիլմը զգացական, դինամիկ դարձնել մոնտաժի միջոցով, որը չի խանգարում հանդիսատեսին լիովին ներգրավվել տեսաշարի մեջ: Ուղիղ 1 տարի աշխատել եմ այս ֆիլմի վրա եւ հուսով եմ, որ հանդիսատեսը իր համար կբացահայտի մեր երկրի միստիկ Առանը»,- ասաց նա:

«Միստիկ երկիր Առան»-ում առկա են Արցախի հասարակ քաղաքացիների կերպարներ՝ իրենց կենցաղով ու կոլորիտով: Անդրադարձ կա նաեւ լեզվին՝ արցախի բարբառին:

Ֆիլմի արցախյան պրեմիերան տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: Պրեմիերային ներկա են եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ֆիլմի հովանավոր Արթուր Ջալալովը եւ այլ պետական այրեր:

Աննա Բաբաջանյան




Լրահոս