ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին:
Շնորհակալություն հայտնելով պաշտոնաթող մարզպետ Տրդատ Սարգսյանին իր մեկամյա գործունեության ընթացքում երկրին, մարզին նվիրված լինելու համար՝ նախարարը շեշտել է, որ նա, քաղաքական կամք դրսևորելով, հրաժարվեց իրեն տրված այդ հնարավորությունից և նպատակահարմար համարեց այն զիջել այլ գործընկերների: Նախկին մարզպետի որոշումը համարելով վեհանձն և կարևոր՝ Սուրեն Պապիկյանը նրան հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում:
Ներկայացնելով նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ նախարարն ընդգծել է, որ վերջինս իր գործունեության ընթացքում հանդես է եկել իբրև գործունյա և իր գործին նվիրված անձնավորություն, իրավական ոլորտում անցած ճանապարհով ցույց է տվել, որ ըստ արժանվույն կարող է ղեկավարել մարզը: «Ես վստահ եմ, որ առաջիկայում համատեղ ուժերով արձանագրելու ենք նորանոր հաջողություններ: Ուզում եմ շնորհավորել պարոն Գրիգորյանին այս պատասխանատու և կարևոր առաքելության կապակցությամբ, որովհետև սա մի փուլ է, երբ Հայաստանում մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու, ինչպես նաև այդ
ճանապարհին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ հաղթահարելու խնդիր է դրված, ուստի բավականին պատասխանատու, կարևոր և պատվաբեր առաքելություն է»,- ասել է ՀՀ ՏԿԵ նախարարը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին մեկամյա գործունեության ընթացքում մարզային կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար և նկատել, որ վերջինիս կայացրած որոշումը բխում է նոր Հայաստանի քաղաքական գործչի հանրային պատասխանատվության բարձր զգացումից։ Շնորհավորելով և աշխատանքային հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ Տրդատ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել նախարարին հնչեցրած գնահատականների և ցուցաբերված վստահության համար, որով միասին հնարավոր է եղել մարզում շատ խնդիրներ լուծել և որոշների լուծման սկիզբ դնել։ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը մարզի կառավարումը իրեն վստահելու համար։
«Հետևողական եմ լինելու, որ մարզում իրականացվեն Կառավարության բոլոր ծրագրերը՝ պատշաճ որակով և համապատասխան ժամկետներում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք առաջընթաց ենք գրանցելու. իմ ամբողջ գործունեությունն ուղղված է լինելու դրան»,- գործընկերներին ուղղված խոսքում նշել է Գրիգորյանը։
Մարզպետը կարևորել է համայնքների բնակիչների և մարզպետարանի հետ շփումների առաջնահերթությունը, ինչպես նաև համայնքների ղեկավարների հետ ակտիվ համագործակցությունը՝ լուծման ենթակա հարցերի վերաբերյալ, որով դրական տեղաշարժ պետք է գրանցվի բնակիչների կյանքում:
Հույս հայտնելով, որ կարդարացնի ՀՀ կառավարության վստահությունը՝ նորանշանակ մարզպետը նշել է, որ աշխատելու է թափանցիկ գործելաոճով՝ ի բարօրություն մարզի և ժողովրդի: Նա շնորհակալություն է հայտնել նաև պաշտոնաթող մարզպետին հնչեցրած բարեմաղթանքների համար:
Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում ներկա կգտնվի մարզխորհրդի նիստին, որի ժամանակ էլ կքննարկվեն մարզում իրականացված ծրագրերը և առաջիկա տարում նախատեսվելիք աշխատանքները: