2020 թվականի բյուջեն երկիրը տեղից «պոկելու է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը դեմ է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները հայտարարում են, թե 2020 թվականի բյուջեն հեղափոխական չէ: Իշխանական պատգամավորը չի կիսում այն դիրքորոշումը, թե պետք է իրենց կառավարության կողմից ներկայացված բյուջեի նախագիծը ավելի լավը լիներ, վստահեցնում է, որ ներկայացված նախագիծը աննախադեպ է:

-Պարո՛ն Պապոյան, ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները` ի դեմս Միքայել Մելքումյանի, հայտարարել են, որ 2020 թվականի բյուջեն հեղափոխական չէ: Սակայն օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն հեղափոխական էր անվանել, ու իշխանության ներկայացուցիչները բյուջեն որակում են աննախադեպ: Ի՞նչն է Ձեզ ոգեւորում այս բյուջեում, որը ընդդիմության համար սովորական է:

-Ես մի հարց կտամ պարոն Մելքումյանին, թե ինչ նկատի ունի, երբ հայտարարում է, որ բյուջեն հեղափոխական չէ: Հիմա ես մի քանի թվեր ներկայացնեմ, որից պարզ կդառնա` բյուջեն հեղափոխական է, թե ոչ: Հեղափոխակա՞ն է այն բյուջեն, որտեղ 14 տոկոս անցած տարվա համեմատ աճ է նախատեսում ծախսային հատվածում, հեղափոխակա՞ն է այն բյուջեն, որը բյուջետային բազմաթիվ ուղղություններով աճ ունի` աշխատավարձերի առումով: Հեղափոխական եթե նկատի ունի երկու, երեք անգամ աշխատավարձերի բարձրացումը, ապա դա այլ հարց է, բայց ես վստահ եմ, որ եթե նման փոփոխություններ տեղի ունենային, մեր երկրում ավելի վատ հետեւանքներ կլինեին:

Եթե միանգամից այդպիսի բան տեղի ունենա, երկրում տեղի կունենա ինֆլացիա` սղաճ, որի հետեւանքով մարդիկ միգուցե շատ փող ստանան, բայց գնաճի հետեւանքով այնքան գները բարձրանան, մարդիկ չեն կարողանա գնել այն, ինչը այսօր կարողանում են գնել: Մենք պետք է համաչափ գնանք, որ պրոցեսներին չվտանգենք: Եթե մենք մեկ տարում այնքան ավտոճանապարհ ենք նորոգում, որը 3 տարում Սերժ Սարգսյանի իշխանությունն է արել, սա հեղափոխակա՞ն է, թե՞ ոչ: Կարող ենք համարել, կարող ենք չհամարել. ընկալման խնդիր է:

-Ընդդիմությանը չի բավարարում Ձեր քայլերը, ու արդեն կարծես թե որոշում կա դեմ քվեարկել 2020 թվականի բյուջեի նախագծին: Ինչո՞ւ իշխանությունները չեն հետեւում ընդդիմության բարձրաձայնած հարցերին, որպեսզի նման իրավիճակում չհայտնվեն:

-Երբ որ մեր ընդդիմադիրները դեմ քվեարկեն այս բյուջեին, պետք է պարզել, թե իրենք ինչին են դեմ քվեարկում:

Դեմ են քվեարկելու կենսաթոշակառուների թոշակի 10 տոկոսի բարձրացմանը, իրենք դեմ են քվեարկելու առողջապահությանը հատկացված գումարների մեծացմանը, իրենք դեմ են քվեարկելու կրթությանը 20 միլիարդ դրամ հավելյալ գումար հատկացնելուն, իրենք դեմ են քվեարկելու նվազագույն աշխատավարձի ավելացմանը 23 տոկոսով, պետական համակարգում տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձերի ավելացմանը, հետեւաբար, ես կարծում եմ, որ ընդդիմությունը քննադատում է քննադատելու համար. սա իմ մոտեցումն է, ու այս բյուջեին վստահաբար պետք է կողմ քվեարկել:

Ես կարծում եմ, որ այս բյուջեն հեղափոխական է լինելու երկիրը տեղից պոկելու առումով: Այսօրվա միջոցների հիման վրա մեզ կարեւոր հնարավորություն են տալիս հետագայում լուրջ արդյունքներ ունենալ:

-Վարչապետի խոսքով` Հայաստանն առաջիկայում ունենալու է 7 տոկոս տնտեսական աճ, որը շատ տնտեսագետների համար իրական թիվ չէ, ավելին` շատերը վստահ են, որ այս տարվա տնտեսական ակտիվությունն ընդամենը կապված է եղել Հայաստան շատ մեքենաների ներկրմամբ: Որքա՞ն ճիշտ եք համարում այս տեսակետը. նշվում է, որ հաջորդ տարի նման ակտիվություն չի լինելու, ու մենք կրկին խնդրի առաջ ենք կանգնելու:

-Եթե այդպես է, ուրեմն ես թվերով խոսեմ, այս վերջերս տնտեսագետները շատ են խոսում տոքսիկ բաների մասին: Ուրեմն հունվար-սեպտեմբեր կտրվածքում 1 տրիլիոն 78 միլիարդ դոլարի հարկեր եւ դրան հավասարեցված այլ վճարներ են եղել դեպի պետական բյուջե, հիմա սրանցից ընդամենը 6.6-6.7 միլիարդն է, որ կազմում է այդ խաղերը, այսինքն այդ տոքսիկը դրան է վերաբերվում` մոտ 06 տոկոսի չափով:

Հետեւաբար, ասել, որ այն մեզ համար էական նշանակություն ունի, ես դրա հետ համաձայն չեմ: Իսկ ինչ վերաբերում է ավտոմեքենաների ներկրմանը, ուրեմն ասեմ` մեր պետական բյուջեում ավելացել է 40 միլիարդ դրամ հունվար-սեպտեմբեր հատվածում: Ձեր ասած պատճառը որեւէ կապ չունի, ու այնպես չէ, որ այսուհետ ՀՀ մեքենա չի ներկրվելու: Այսինքն` այդ հայտարարությունները, տնտեսական հետեւանքները չափազանցված են ու ուռճացված են. եթե մասնագիտորեն ենք մոտնեում հարցին, ապա տեսնում ենք, որ որոշակի մարդկանց դեպքում դա չիմացության արդյունք է, որոշ մարդիկ էլ շատ լավ գիտեն, բայց մանիպուլյացիա են անում: Մենք իսկապես աննախադեպ բյուջե ունենք, ու դրա մասին պետք է խոսել, ասել ու տեղեկացնել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս