ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի մոտ 1 մլն դրամ գումար։
Ինչպես հայտնի է, նշված նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում գտնվող վարչական շենքում, իսկ Նալբանդյան 28 հասցեի վարչական շենքում, որը մինչ օրս գտնվում է նախարարության հաշվեկշռում, իրենց գործունեությունն են իրականացնում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առանձնացված եւ կառուցվածքային ստորաբաժանումներից երկուսը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
Պարզվում է՝ էլեկտրաէներգիայի գումարը մինչ օրս վճարվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերաբաշխում կկատարվի ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պահպանման ծախսերից 251 հազար 500 դրամի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական վերահսկողության պահպանման ծախսերից 736 հազար 500 դրամի չափով գումարը կուղղվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էլեկտրաէներգիայի ծախսերին: