Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել անկախ պատգամավոր Էրիկ Ռոբիկի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, «Հայրենիք» խմբակցությանն, իր դիմումի համաձայն, միացել է խորհրդարանի մեկ այլ անկախ պատգամավոր՝ Արամ Ալեքսեյի Սարգսյանը:
Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ պատգամավորները նշել են, որ այդ որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով կուսակցության կողմից առաջ քաշած ծրագրերը:
«Դա գիտակցված որոշում էր, քանի որ «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացրած Արցախի զարգացման տեսլականը հավակնոտ է եւ իրատեսական»,- նշել է թիվ 2 ընտրատարածքից (ք. Ստեփանակերտ), մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը: Իսկ Շուշիի եւ Քաշաթաղի շրջաններն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էրիկ Հարությունյանը նշել է, որ բարձր է գնահատում «Ազատ հայրենիք» կուսակցության անցած ճանապարհը եւ այն ներուժը, որն ունի կուսակցությունը:
«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը ողջունել է անկախ խորհրդարանականների որոշումը եւ համոզմունք հայտնել, որ համատեղ գործունեությունն ավելի կբարձրացնի Խորհրդարանում խմբակցության ծավալած աշխատանքի արդյունավետությունը:
Հիշեցնենք, որ «Հայրենիք» խմբակցությունը Արցախի Խորհրդարանում ամենամեծն է եւ նոր պատգամավորների անդամակցության արդյունքում կունենա 16 պատգամավոր:
Տեղեկացնենք նաեւ, որ ԱՀ Խորհրդարանի 33 պատգամավորներից միայն Արամ Սարգսյանն ու Էրիկ Հարությունյանն էին, որ ընդգրկված չէին որեւէ խմբակցության մեջ: