Բարձրագույն խումբը կընդմիջվի գավաթային խաղերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն անդրադարձել ենք Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրին, որտեղ բացի հետաքրքիր հանդիպումներից տեղ ունեցան նաեւ մի շարք սկանդալային միջադեպեր:

Մի կողմից` Էրիկ Վարդանյանի պահվածքը, մյուս կողմից`«Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանի հասցեին հնչող մեղադրանքները: Այս միջադեպերից արդեն անցել է զգալի ժամանակ, բայց հասկանալի է միայն այն, որ այս պատմությունները դեռ ընթացք կստանան:Մինչ բոլորի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ անցած օրերի կատարվածները, հայկական ակումբները պատրաստվում են անցկացնել իրենց հանդիպումները VBet Հայաստանի Գավաթի խաղարկությունում:

Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում կկայանան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից «Ժողովուրդ» օրաթերթը առանձնացրել է կենտրոնականները:

Կարծում ենք` գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի իսկական «զարդը» կլինի «Գանձասար – Կապան»- «Շիրակ» հանդիպումը:

Գյումրվա թիմը այս մրցաշրջանում իսկական թափ է հավաքել եւ պայքար է մողում չեմպիոնության համար: Վարդան Բիչախչյանի տղաները` վաստակած 25 միավորով, Բարձրագույն խմբում 2-րդն են եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով են զիջում առաջատար «Արարատին»: Կասկած չկա անգամ, որ «Շիրակը» այս պահին գտնվում է լավագույն մարզավիճակում: Կապանյան թիմը Բարձրագույն խմբի այս առաջնությունում լավ հանդես չի գալիս եւ 10 միավորով միայն 9-րդն է: Լավագույն վեցնյակի ձեւավորմանը հաշված խաղեր են մնում, իսկ Արմեն Պետրոսյանի գլխավորած թիմը 6-րդ հորիզոնականում գտնվող «Նոայից» հետ է մնում մի ամբողջ 7 միավոր: Իհարկե շանսեր կան վեցնյակ բարձրանալու, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ կապանցիները այս մրցաշրջանում շեշտը դնելու են Գավաթի խաղարկությունում հաղթելու վրա: Կարելի է ասել նաեւ, որ վիճակահանությունը բարեհաճ չգտնվեց «Գանձասարի» հետ, բայց չպետք է մոռանալ նաեւ այն, որ այս թիմերը Հայաստանի առաջնությունում արդեն հասցրել են մեկ անգամ հանդիպել միմյանց: Գյումրու Քաղաքային մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 0:0 հաշվով: Արդարության համար պետք է նշել նաեւ, որ այդ խաղում հաղթանակին ավելի մոտ էին Արմեն Պետրոսյանի տղաները: Ընդգծենք նաեւ, որ «Գանձասար-Կապանը» միակ թիմն է այս մրցաշրջանում, որ կարողացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում միավոր տանել «Շիրակից»:

Այս խաղը կկայանա վաղը` նոյեմբերի 1-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:
Հաջորդ խաղը, որտեղ լարվածությունը կարող է հասնել գագաթնակետին, կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, որտեղ Երեւանի «Փյունիկը» կհյուրընկալի Երեւանի «Ուրարտուին»:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության այս մրցաշրջանի մեկնարկից առաջ բաղձալի տիտղոսը հաղթելու հավակնորդների շարքին էին դասվում նաեւ «Փյունիկն» ու «Ուրարտուն»: Իսկ հիմա երկու ակումբներն էլ վտանգված են եւ հնարավոր է չկարողանան հայտնվել լավագույն վեցնյակում:

Եթե «Ուրարտուն» վերջին շրջանում մեծ ջանքերի գնով կարողանում է հաղթանակներ տանել եւ ուշքի գալու ճանապարհին է, ապա նույնը Հայաստանի գործող փոխչեմպիոնների մասին ասել չենք կարող: Երեւանյան ակումբը չի կարողանում խաղալ այն ֆուտբոլը, որը կար նախորդ տարի, չկա արդյունք, կան բազմաթիվ պարտություններ, իսկ վերջին սկանդալն էլ կարող է թիմին կոտրած լինել նաեւ հոգեբանորեն: Հատկանշական է շեշտել նաեւ այն, որ «Փյունիկը» իր վերջին պարտություններից մեկը կրել է հենց «Ուրարտուից»` սեփական դաշտում զիջելով 1:2 հաշվով: Չնայած այդ հաղթանակին`«Ուրարտուն» 12 միավորով 8-րդն է, իսկ «Փյունիկը» 13 միավորով` 7-րդը:

Այս խաղը կկայանա նոյեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Մյուս եւ վերջին խաղը, որին ցանկանում ենք անդրադառնալ, կկայանա Հայաստանի Առաջին խմբի առաջնության գործող չեմպիոն «Սեւանի» եւ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նորեկ եւ ընդգծված հետնապահ «Երեւանի» միջեւ:

«Սեւանը» Առաջին խմբի 13 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի գրանցած 25 միավոր եւ առաջատար «Վանից» հետ է մնում 6 միավորով: Թիմը այս մրցաշրջանում ունեցավ մարզչական փոփոխություն. Կուլիբաբայի փոխարեն սեւանյան թիմի գլխավոր մարզչի ղեկը իր ձեռքում վերցրեց Արմեն Սանամյանը, ով կարծես կարողացավ վերականգնել թիմի հաղթողի բնավորությունը:«Երեւանը» Բարձրագույն խմբի անհույս հետնապահն է 0 միավորով, թիմում անդադար մարզիչների փոփոխություններ են տեղի ունենում, սակայն դա էլ չի օգնում արդյունք գրանցելու հարցում: Առաջին խմբի նախորդ մրցաշրջանում այս երկուսի հակամարտությունները ամենահետաքրքիրներից էին:

Այս հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին Ձորաղբյուրի մարզահամալիրում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:30-ին:

Բացի վերը նշված խաղերից Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում կկայանան նաեւ հետեւյալ հանիդպումները.
«Դիլիջան» – «Լոռի» , «Լոկոմոտիվ» – «Վան», «Վեստ արմենիա» – «Արարատ -Արմենիա», «Տորպեդո» – «Ալաշկերտ» եւ «Նոա» – «Ալաշկերտ»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս