Ուշագնացություն՝ հանուն սիրո. Վահագ Ռաշի՝ խնամքով թաքցրած գաղտնիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Վահագ Ռաշն է: Դեպքը, որը նա հիշեց, տեղի է ունեցել, երբ Վահագը 19-20 տարեկան էր, սովորում էր 3-րդ կուրսում:

«2000-ականների սկիզբն էր, վարձով բնակվում էի Աջափնյակում: Մի սիրուն աղջիկ կար, որին հավանում էի, սովորում էր Պոլիտեխնիկում: Արդեն մի ամիս կլիներ՝ անտարբեր չէի նրա նկատմամբ, բայց դեռ չէինք ճանաչում իրար, միայն հետեւում էի:

Ձմեռային մի ցուրտ օր հանդիպեցինք նույն երթուղայինում: Երբ նա նստեց երթուղային տաքսի, ես խուճապի մատնվեցի, խառնվեցի ու տեղս զիջեցի, կանգնեցի երթուղային տաքսիի հենց դռան մոտ: Ընդհանրապես, այդ հատվածում հարմար է կանգնել, քանի որ ստիպված չես լինում կռանալ, փոխարենը կանգնած ես դռան մոտ, որն անընդհատ բացվում-փակվում է: Մի քանի կանգառից մի կին որոշեց իջնել:

Նա իջավ, փոխարենը երկու կին բարձրացան՝ փակելով իմ ու Աննայի տեսադաշտը: Չեք հավատա, բայց այնքան էի տարվել այդ աղջկանով, որ 3-4 րոպե անց հասկացա միայն, որ բութ մատս մնացել էր երթուղային տաքսիի դռան տակ: Ահավոր ցավում էր: Բայց չէի կարող ոչինչ ցույց տալ, քանի որ ամաչում էի Աննայից: Իմ սեւ բախտից երթուղայինը կանգնելու միտք չուներ: Արդեն ցավից գլուխս պտտվում էր, բայց ես տղամարդ եմ, իսկ դիմացս նստած էր իմ հավանած աղջիկը… Արդեն հասել էինք Օպերայի կանգառ, մտքովս անցավ, որ ինքս կարող եմ կանգնեցնել երթուղայինն ու իջնել»,-պատմեց Վահագը:

Եվ մինչ նա գրպանում փնտրում էր 200 դրամանոցը, որպեսզի վճարի նաեւ աղջկա փոխարեն, մի կին ասում է. «Տղա՛ ջան, մատդ թողել ես դռան տակ»: Երգիչն իրեն չի կորցնում ու պատասխանում է. «Չէ, մորքուր ջան, ուղղակի բռնվել եմ», ապա խնդրում է վարորդին կանգնել. «Այդ ընթացքում նկատեցի, որ հատակին մի քանի կաթիլ արյուն էր թափվել: Զգացի, որ ուր որ է՝ կուշաթափվեմ: Վճարեցի երկուսիս փոխարեն, մոռացա աղջկան ասել այդ մասին, դուրս եկա փողոց, սպասեցի, որ երթուղայինը հեռանար ու… հանգիստ ուշաթափվեցի հենց փողոցի մեջտեղում: Ինձ բարձրացրեցին պատահական անցորդները: Մատս, իհարկե, բուժվեց, բայց այս պատմությունը մնաց իմ հուշերում, թեեւ Աննան այդպես էլ չիմացավ՝ հանուն իրեն ինչպես ինձ նեղեցի…»,- եզրափակեց Վահագը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս