«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Հատուկ քննչական ծառայությունը, այնուհետեւ Ազգային անվտանգության ծառայությունն իրենց մոտ են հրավիրել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Ինչպես հայտնի է, մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ էր գրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը մեծ արձագանք ստացավ եւ սկսվեց ուսումնասիրություն նաեւ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից: Այդ նամակի նախաբանում Շիրխանյանը երկրորդ նախագահի հեղինակած գիրքը որակում էր «ստերի հավաքածու»: «Ուզում եմ թարմացնել հիշողությունդ մի քանի դրվագներով», – գրել էր Շիրխանյանը, ապա 23 կետերում ներկայացրել 1998 -1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը: Շիրխանյանն իր նամակում Քոչարյանին մեղադրում էր արտաքին քաղաքական ձախողումների համար, խոսում էր պետության կրած միլիարդների հասնող ֆինանսական վնասների մասին, որոնց վերաբերյալ քննությունը ավարտին չի հասել Հոկտեմբերի 27-ի պատճառով: Հոկտեմբերի 27-ի մասով Շիրխանյանը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը դիտմամբ ձգձգել է հանդիպումը ահաբեկիչների հետ, որպեսզի «եթե վիրավոր լիներ, փրկելու շանս չմնար»:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նամակի հրապարակումից ամիսներ անց Վահան Շիրխանյանին իրենց մոտ են կանչել միանգամից երկու ուժային գերատեսչությունից: Մեր տեղեկություններով` իրավապահ մարմինները Վահան Շիրխանյանից նամակի կետերի վերաբերյալ հիմնավորումներ են խնդրել, վերջինս էլ դրանք տրամադրել է նրանց՝ պարզաբանելով, թե որ տեղեկությունը որ գերատեսչության արխիվից է հնարավոր վերցնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Վահան Շիրխանյանից: Վերջինս մեզ հետ զրույցում միայն հաստատեց, որ հրավիրվել է այդ երկու կառույցների կողմից, սակայն չցանկացավ այլ մանրամասներ հայտնել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է, եւ չնայած նրան, որ ծառայության ղեկավար Արթուր Գոյունյանն ազատել է իր 4 տեղակալներից երկուսին, մյուսները շարունակում են աշխատել: Եվ հետաքրքիր է, որ, օրինակ, Վարդգես Ծաղիկյանը, որ 2006-թվականից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, եղել է վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա Սեբաստիա բաժանմունքի առաջատար մասնագետ եւ այլ տարբեր պաշտոններ զբաղեցրել, իսկ արդեն հեղափոխությունից երկու ամիս անց ՀՀ արդարադատության նախարարի` 2018թ.-ի հունիսի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, այսօր էլ հաջողությամբ պաշտոնավարում է: Ըստ ՔԿ ծառայությունում տարածված լուրերի` Ծաղիկյանից չազատվելը խորը արմատներ ունի, քանի որ նա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է, հետեւաբար արտոնյալ կարգավիճակում է գտնվում մյուս գործընկերների նկատմամբ:
«Պարոն Գրիգորյանը մասնագիտական եւ մարդկային լավագույն որակներով օժտված, հարգանքի արժանի դատավորներից է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի գնահատական է տվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը: Վերջինիս հետ զրուցել ենք Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Հարուցված քրեական գործի մասով նրան օգնելու զգայական մակարդակում աղաղակելը, թերեւս, լավագույն միջոցը չէ։ Իրավական գնահատական տալուց զերծ կմնամ, սակայն այն ընկալումները, որ տիրում են այսօր, չի կարող չմտահոգել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Կարծում եմ` պետական մարմինների կողմից առհասարակ չպետք է կատարվեն այնպիսի գործողություններ, որ անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծեն այլ նպատակներին միտված ընկալումներ», – նշեց սնանկության գործերով դատավոր Նարինյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսի օդանավակայանում թողնելու խայտառակ դեպքից հետո Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում: ՏՄՊՊՀ-ից օրաթերթին հայտնեցին, որ իրենք սկսել են ուսումնասիրություններ իրականացնել տուրընկերություններում: Ի դեպ, քաղաքացիներին նման իրավիճակում գցած «Էյ ընդ Ար տուր» ընկերությունում այս ընթացքում եւս ստուգումներ են իրականացվում: Թե ինչ թերացումներ ու խախտումներ կհայտնաբերի հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը, սակայն նշենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ: Հավելենք, որ Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար կառավարությունը հատկացրել է ընդհանուր 47.1 մլն դրամ:
ԱՆՑՅԱԼԻ ԴԱՌԸ ՀՈՒՇԵՐՈՎ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամառային հանգիստը, կարելի է ասել, առցանց ռեժիմով հասանելի է բոլորին: Մեր երկրի ղեկավարը պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, թե որտեղ է հանգստանում, ինչպես է կազմակերպում իր օրը, հայաստանյան զբոսաշրջավայրերից ուր է գնում եւ այլն: Սա, նախ, օգնում է, որպեսզի ներհայաստանյան տուրիզմը զարգանա, քանի որ մարդը ընդօրինակող «կենդանի է»: Երբ տեսնում է հանգստի հաջողված փորձ, ձգտում է անձամբ գնալ այնտեղ, առավել եւս, երբ երկրի ղեկավարն է իր արձակուրդը նախընտրում Հայաստանի գողտրիկ վայրերում անցկացնել: Բայց ներգնա տուրիզմի բաղադրիչն էլ եթե անգամ դնենք մի կողմ, ՀՀ վարչապետը Հայաստանի իշխանությունների մասին մեր պատկերացումների մեջ այնպիսի նշաձող է դրել եւ դնում, որ տարիներ առաջ անգամ դժվար էր պատկերացնել:
Նախկինում ՀՀ ղեկավարները, երբ հանգստի էին մեկնում, նախ այնպես էին անում, որ «հավքն իր թեւով, օձն իր պորտով» չիմանա իրենց գտնվելու վայրի մասին որեւէ բան, եւ երկրորդ՝ եթե անգամ Հայաստանում էին կազմակերպում իրենց հանգիստը, ապա ոչ մի շփում, ոչ մի կոնտակտ շարքային քաղաքացիների հետ հիմնականում տեղի չէր ունենում: Պարփակվում էին իրենց ամառանոցներում կամ կառավարական առանձնատներում եւ բոլորից կտրված՝ մի խումբ օլիգարխների ուղեկցությամբ կազմակերպում իրենց հանգիստը: Սա` լավագույն դեպքում: Իսկ շատ դեպքերում իրենց հանգիստը կազմակերպում էին արտերկրում, գերթանկարժեք հյուրատներում ու ժամանցի վայրերում, որտեղից օգտվող այլազգի մեծահարուստները երբեմն տարակուսում էին, թե ինչպես են Հայաստանի նման փոքր, ոչ հարուստ երկրի ղեկավարները հաջողացնում այդքան թանկ ծառայություններ մատուցող հյուրանոցներում կամ ժամանցի վայրերում կազմակերպել արձակուրդային ժամանցը:
Ու երբ այս օրերին քննադատում են Նիկոլ Փաշինյանին՝ «կուկուրուզ» ուտելու կամ Կալավանում շրջելու համար, ակամայից հարց է առաջանում՝ կարոտել ե՞ք այն օրերին, երբ երկրի ղեկավարի հանգստի մասին ինֆորմացիան լրագրողներից այնպես էին պահում, կարծես պետական, զինվորական գաղտնիք լիներ, թե՞ կարոտել եք այն լուրերին, որ ամեն արձակուրդից հետո պտտվում էին` Սերժ Սարգսյանը ամառային հանգստի օրերին միլիոններ է տանուլ տվել այս կամ այն խաղատանը:
Մի խոսքով, թերեւս արժե գնահատել հնի ու նորի ակնհայտ տարբերությունը, ու եթե անգամ շատ քաղաքական, կառավարման հարցերում Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ կան, դնել դրանք նժարի վրա. արդյոք ուղղակի քննադատե՞լն է ճիշտ, թե՞ տարբերության գնահատականը տվյալ դեպքում ավելի կօգնի մեզ՝ զարգացնելու մեր երկիրը մեր պատկերացրած ժողովրդավարական ուղով: