ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՀԱՍՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հերթական քննարկումն է անցկացվելու Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագծի շուրջ: Ինչպես հայտնի է, դեռեւս հունիսի 10-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որի շուրջ այս ընթացքում բազմաթիվ հանրային քննարկումներ են եղել:

Եվ չնայած նախագծի շուրջ քննարկումների ժամկետն արդեն երկարացվել էր եւ նույնիսկ հուլիսի 20-ին էլ ավարտվել, սակայն քննարկումներն, ամեն դեպքում, չեն դադարում: Եվ այսօր արդեն տեղի կունենա վերջնական քննարկումներից մեկը, որին կմասնակցի նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ինչպես հայտնի է, պետք է ստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե, որն ունենալու է մի շարք գործառույթներ, որոնք վերցվելու են այլ կառույցներից: Օրինակ` Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, հարկային եւ մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը կփոխանցեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Բացի այդ, այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունն էլ կիրականացնի ԱԱԾ-ն: Այսպիսով, Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է բավական լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին: Սակայն, բացի հանցագործությունները քննող մեկ միասնական մարմնից, լինելու է նաեւ կոռուպցիայի գործերով զբաղվող մասնագիտական դատարան: Փաստացի նոր մոդելի պարագայում ունենալու ենք հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին՝ ի դեմս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար գործիքակազմով օժտված քննչական մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամենաուշը մինչեւ այս ամսվա վերջ Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը, իսկ արդեն մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: Եվ հենց դա է պատճառը, որ վերջին օրերին այս նախագծի վերաբերյալ քաղաքացիական հասարակությունը բավականին լայն քննարկումներ է կազմակերպել նաեւ մարզերում եւ կամփոփի այսօր Երեւանում, քանի որ դրանից հետո պետք է իրենց առաջարկությունների փաթեթը ներկայացնեն Արդարադատության նախարարությանը, որպեսզի վերջիններս նախագծում կատարեն անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի վերջնական տեսքով ներկայացնեն արդեն վարչապետին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ, մասնավորապես, «Իրավաբանների հայկական ասոցիացիան» քննարկումներ են կազմակերպել նաեւ ՀՀ մի քանի խոշոր քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում եւ Գավառում: Մենք տեղեկացանք նաեւ, որ այդ քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դրական են արտահայտվել նոր ռազմավարության մասին, որը թվով չորրորդն է, եւ նկատել, որ, օրինակ, այս նախագծում անդրադարձ կա նաեւ անցյալի հակակոռուպցիոն ռազմավարություններին, եւ բացահայտվում են դրանց դրական եւ բացասական ազդեցության կողմերը:
Սակայն քաղաքացիական հասարակության անդամները դժգոհ են եղել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմից: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 24-ի որոշմամբ` ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների եւ առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի եւ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը: Եվ խորհրդի կազմում ընդգրկված են նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, թե այդ կազմից ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դուրս է մնացել ոչ փաստարկված եւ ուղղորդված կերպով:
Չնայած դրան` ընդհանուր առմամբ փորձագիտական շրջանակները եւս դրական են վերաբերվում նախագծին` համարելով, թե կարեւոր է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեկ միասնական մարմին ունենալը: Սակայն միեւնույն ժամանակ այսօր ամփոփվելու են քաղաքացիական հասարակության կողմից վերջնական առաջարկությունները եւ փոխանցվելու նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնական մտահոգությունը նոր մարմնի անաչառությանն ու անկախությանն է վերաբերում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգվում են, որ այս նոր կառույցի անկախությունը կարող է սահմանափակված լինել: Ինչեւէ, հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ վերջնական որոշում է առկա, եւ ՀՔԾ-ին փոխարինող այս կառույցը կղեկավարի Սասուն Խաչատրյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԴԺԳՈՀԵԼ ԵՆ
Ազգային անվտանգության ռազմավարության մշակման հանձնախմբի` նախօրեին տեղի ունեցած անդրանիկ նիստը դժգոհություն է առաջացրել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մոտ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արդեն իսկ արտահայտել է իր դժգոհությունը հատկապես այն բանի շուրջ, որ այդ հանձնախմբի կազմում ընդգրկված չեն ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները: Սակայն «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հանգամանքն ամենեւին էլ չի նշանակում, թե խորհրդարանական խմբակցությունները դուրս են մնալու այս քննարկումներից, կամ նրանց խոսքն անտեսվելու է: Մենք տեղեկացանք, որ մինչ ռազմավարության նախագիծը վերջնական տեսքի բերելը նախատեսվում են լայն հանդիպումներ թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ խորհրդարանական ուժերի եւ թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ` լսելու համար նրանց առաջարկները: Եվ հենց այս շրջանակներում էլ տեղի կունենան հանդիպումեր նաեւ խորհրդարանական խմբակցությունների հետ, սակայն արդեն միայն անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մակարդակով: Հավելենք, որ նախագիծը վարչապետին պետք է ներկայացվի մեկ տարվա ընթացքում:

 

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՊՈԱԿ-Ը ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է
Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ: Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն Էկոնոմիկայի նախարարության միջոցով: Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնարարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ: Պարզվում է` դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»-ը լուծարելու մասին որոշման նախագիծը, որը կառավարությանը կներկայացվի այսօր: Նշենք, որ ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման եւ գրանցման միջոցառումներ եւ այլն: Բնականաբար, լուծարման հետեւանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան:

 

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
«Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հունիսի 12-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Բանն այն է` ՀԷՑ-ի կողմից անցած տարվա 3-րդ եռամսյակում ձեռք բերված «Ծրագրային փաթեթների օգտագործման լիցենզիաները», ուժային մալուխը եւ «Տրանսֆորմատորային յուղը» 2018-ի տարեկան հաստատված բյուջեի հիման վրա կազմված գնումների պլանում նախատեսված չեն եղել: Եւ ՀԾԿՀ-ն իր երեկվա նիստում որոշեց ընկերությանը նախազգուշացում տալ:

 

 

 

 

ՀԱՍՏԱՏԵԼ Է
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը, ըստ որի` Արդարադատության նախարարությունը օգոստոսի առաջին տասնօրյակում պետք է ներկայացնի իրավական ակտ` տուժած անձանց աջակցության ձեւի, չափի մասին: Հունիսին խորհրդարանը միաձայն ընդունել էր օրինագիծը, ըստ որի` աջակցություն կստանան Մարտի 1-ի տասը զոհերի իրավահաջորդները, իսկ միջին եւ ծանր վնասվածք ստացած քաղաքացիները աջակցությունից օգտվելու համար պետք է ներկայացնեն դատաբժշկակական փորձագետի եզրակացություն: Նախատեսվում է աջակցություն տրամադրել նաեւ Մարտի 1-ին տուժած ոստիկաններին, բացի նրանցից, որոնք քրեական հետապնդման են ենթարկվել եւ չեն արդարացվել: Աջակցության չափն ու կարգը սահմանելը օրենքը թողել էր կառավարությանը:

 

 

 

ՊԱԿԱՍ Է
Սեւանի ջրի որակի վատացումը կապված է լճում էնդեմիկ ձկնատեսակների պակասի հետ. այս մասին ասել է «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոն» հկ ղեկավար Արթուր Աթոյանը: Նրա խոսքով` այս փաստը հանգեցրել է այն բանին, որ կերի մի մասը, որը տալիս են ձկներին ցանցում, նստում է հատակին, ինչը հանգեցնում է ֆոսֆորի առաջացման, ինչպես եւ ծաղկման: «Լիճ են լցվում հոսող ջրեր, որոնցում կան միկրոօրգանիզմներ, որոնք լավ սնունդ են ձկների որոշ տեսակների համար: Բայց ձկնապաշարի կրճատումը հանգեցրել է այն բանին, որ Սեւանը կեղտոտվում է նաեւ դրանցով: Անհրաժեշտ է արգելել ցանցային ձկնարտադրությունը եւ սկսել ավելացնել պոպուլյացիաները»,-նշել է նա: Ըստ նրա` հասարակական կազմակերպությունները կարող են բարձրացնել հարցեր եւ առաջարկել լուծումներ, բայց առաջին հերթին պետք է գործեն պետական կառույցները, որոնք առայժմ չեն գործում:

 

 

 

ԱՆՕԴԱՉՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ
Սույն թվականի հուլիսի 19-ին Երեւան ուղեւորվող B737 օդանավի անձնակազմը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերեւույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա, զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության եւ բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Չարտոնված եւ օդային երթեւեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնի հետ չհամաձայնեցված թռիչքները պարունակում են անխուսափելի վտանգներ եւ ռիսկեր, որոնք կարող են պատճառ հանդիսանալ անդառնալի հետեւանքների:

 

 

 

ՓՈԽՄԱՐԶՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ` Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նշենք, որ Ռազմիկ Տոնոյանն այն փոխմարզպետն է, ում մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:




Լրահոս