ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՔԿ ծառայության կոնկրետ պաշտոնատար անձանց ասել են` դիմում գրե՛ք, գնացե՛ք: Ովքե՞ր են նրանք:
Ինչպես հայտնի է, օրերս աշխատանքից ազատվեց ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, որից հետո ՔԿ ծառայության պետ նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչականի պետ Արթուր Գոյունյանը: Տպավորությունն այնպիսին էր, որ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը չի հաշտվել Արտյոմ Մխոյանի հետ, սակայն իրավապահ համակարգում լուրեր են պտտվում, որ Մխոյանի գնալը բավականին խորը արմատներ ունի. մասնավորապես, նրա հեռացումը պայմանավորված է ՔԿ-ում հայտնաբերված չարաշահումների հետ:
Գրել էինք` Գոյունյանը, նշանակվելով պաշտոնին, առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին եւ նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի` «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին:
Ինչեւէ, լուրեր են պտտվում, որ նորանշանակ պետ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից կամ, այսպես ասած, հնաբնակներից, եւ հաջորդ ազատման դիմումը հավանաբար կներկայացնի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օպերատիվ գծով առաջին տեղակալներից եւս մեկը. խոսքը Մանուկ Միքայելյանի մասին է: ՔԿ-ից մեր այս տեղեկությունը հերքել էին, սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ Միքայելյանը հեռացավ համակարգից:
Սակայն կադրային ջարդը այսքանով չի ավարտվում: ՔԿ-ում այս օրերին մի շարք պաշտոնատար անձանց ասել են` դիմում գրե՛ք: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` օրերս հրահանգվել է ազատման դիմում գրել Բժշկական սպասարկման բաժնի պետ, ՔՀԾ առաջին դասի խորհրդական Արա Հովհաննիսյանին, օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Կամո Շաբոյանին, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջիկայում ազատման դիմում կգրեն ու դուրս կգան: Ի դեպ, ՔԿ ծառայությունում լուրջ դժգոհություն է առաջացել այն մասով, որ ՔԿ երկարակյաց ծառայողները ապշած են, որ նոր ղեկավար կազմը, կադրային ջարդ իրականացնելով, նոր կադրեր բերելով, փորձում է ցույց տալ, թե համակարգը փոխում է, սակայն որոշ երեւույթներ իրենց մոտ վստահություն չեն ներշնչում:
Նկատենք որ Գոյունյանը ուներ 4 տեղակալ, որոնցից երկուսից` Մանուկ Միքայելյանից եւ Հայկ Քոչինյանից, ազատվեց, սակայն երկու տեղակալ շարունակում են աշխատել: Օրինակ՝ Վարդգես Ծաղիկյանը 2006-թվականից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, եղել է ԱՆ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի առաջատար մասնագետ: 2014թ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի` Վայոց ձորի բաժանմունքի պետ: 2014-2016թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի տեղակալ: Եվ, ահա, հեղափոխությունից երկու ամիս անց ՀՀ արդարադատության նախարարի` 2018թ.-ի հունիսի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ: Ըստ ՔԿ ծառայությունում տարածված լուրերի` Ծաղիկյանից չազատվելը խորը արմատներ ունի, քանի որ նա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է: Հետեւաբար՝ արտոնյալ կարգավիճակում է:
Վերջում հավելենք, որ ՔԿ ծառայությունում տարածված տեղեկությունների մասով պարզաբանման համար դիմեցինք ՔԿ լրատվական բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին.
«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներ Վ. Ծաղիկյանի եւ Վ. Մելքոնյանի ազատման հարցի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ վերջիններս ներկայումս ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ են, եւ նրանց հետագա պաշտոնավարումը կանոնակարգվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է՝ «Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչեւ իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ), անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:
Այն հարցին, թե բժշկական սպասարկման բաժնի պետ, ՔՀԾ առաջին դասի խորհրդական Արա Հովհաննիսյանն ազատման դիմում է գրել, հայտնում ենք, որ վերջինս ցանկացել է ազատման դիմում ներկայացնել, սակայն հաշվի առնելով Ա. Հովհաննիսյանի երկարամյա աշխատանքային փորձը եւ մասնագիտական բարձր հմտությունները՝ նրան առաջարկվել է շարունակել պաշտոնավարումը:
Ինչ վերաբերում է քրեակատարողական ծառայության մյուս աշխատակիցներին եւ, ընդհանրապես, քրեակատարաղական ծառայությունում կադրային փոփոխություններին, տեղափոխումներին եւ փոխատեղումներին, ապա այդ կապակցությամբ պետք է հիմք ընդունել նույնաբովանդակ հրապարակման առիթով քրեակատարողական ծառայության կողմից 23.07.2019թ. տարածած համապատասխան պարզաբանումը, համաձայն որի՝ կադրային տեղաշարժի գործընթացները հանդիսանում են ցանկացած պետական մարմնի գործունեության բնականոն վիճակ եւ միտված են լինելու համակարգը համալրել բացառապես պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները բավարարող անձանցով, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերից ու դրսեւորումներից զերծ կադրերով»։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
15 ՄԻԼԻՈՆԻ ՎՆԱՍ
Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Լենդրուշ Բեժանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը, 2007 թվականի հունվար ամսից մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, ընկերոջ` համայնքապետարանում որպես վարորդ ձեւակերպված Կարո Խառատյանի եւ 2012 թվականի փետրվար ամսից մինչեւ 2017 թվականի նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ջրագծի հսկիչ ձեւակերպված եղբոր` Վարդեւան Բեժանյանի կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեդա Բարսեղյանի կողմից կազմած կեղծ տեղեկություններ է ներառել նշված տարիներին Կարո Խառատյանի եւ Վարդեւան Բեժանյանի կողմից աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Արդյունքում, կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է վճարման, որի արդյունքում Կարո Խառատյանի եւ Վարդեւան Բեժանյանի անվամբ համայնքի բյուջեից չաշխատած տարիներին որպես աշխատավարձ անհիմն հաշվարկվել եւ դուրս է գրվել 8 միլիոն 723 հազար 739 եւ 6 միլիոն 507 հազար 912 ՀՀ դրամ գումարներ, ինչի արդյունքում համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր` 15 միլիոն 231 հազար 651 ՀՀ դրամ գումար: Արդյունքում, Լենդրուշ Բեժանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, եւ նրա մասով քրեական գործը ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր դատարան:
ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՆՑ
Հունիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Շուտով կլրանա երկու ամիսը, սակայն նրան հանձնելու մասով դեռեւս լռություն է: Դատախազությունը նաեւ նշել էր է, որ իրենց դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների եւ ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է: Մինչ այդ, սակայն, նկատենք, որ Պրահայի մունիցիպալ դատարանից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, համաձայն որի` հունիսի 22-ից 26-ը Պրահայի դատարանում կայանալու է արտահանձնման մասով, ամենայն հավանականությամբ, վերջնական նիստը: Ըստ էության, դեռեւս վերջնական որոշումը չկա, եւ դեռ վերջնական հայտնի չէ` կտան, թե չեն տա Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավապահներին:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին չեխական Tyden պարբերականը հաղորդել էր, որ Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին: Արտահանձնելու թույլտվությունը, ըստ Tyden-ի, տվել է Պրահայի դատարանն անցած շաբաթ:
Սերժ Սարգսյանի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ անօրինական զենք պահելու համար:
ՔՐԳՈՐԾԵՐ
Ըստ ՀՀ Ազգային անտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ կաշառք վերցնելու մի շարք դեպքեր: ՔԿՀ-ի աշխատակիցները արգելված իրեր, այդ թվում` բջջային հեռախոսներ փոխանցելու համար դատապարտյալից որպես կաշառք ստացել են 100 հազար ՀՀ դրամ, միջոցներ չեն ձեռնարկել այն վերցնելու եւ քրեաիրավական ընթացք տալու ուղղությամբ, այլ, ընդհակառակը, թույլատրել են դրա ապօրինի շրջանառությունը ՔԿՀ-ում: Մեկ այլ դեպքով, հանցավոր համաձայնության գալով այսպես կոչված քրեական հեղինակություն համարվող որոշ դատապարտյալների հետ, տարբեր չափերի գումարների դիմաց 2018թ. սեպտեմբերից մինչեւ 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ՔԿՀ-ի տարածք են մտցրել արգելված իրեր, այդ թվում` թմրամիջոցներ` դրանք փոխանցելով որոշ դատապարտյալների: Հարուցվել են քրեական գործեր:
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
Նախօրեին ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արյունոտ մարդ կա ընկած: Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 40-ամյա մի տղամարդը, որը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 18-ին, Հրազդանի կիրճում վիճաբանության ժամանակ երկու հոգի ձեռքերով, ոտքերով եւ այլ առարկաներով հարվածներ են հասցրել իր դեմքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ, նաեւ գողացել են իր բջջային հեռախոսը: Պարզվել է նրանց ինքնությունը. մշտական բնակության վայր չունեցող 33-ամյա եւ 41-ամյա տղամարդիկ ժամը 21-ին բերման են ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
ՎԵՐԱՑՎԵԼ Է
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով երեկ կայացած դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ վերացվել են ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը: Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը. նրանք մեղադրվում են ոստիկանների սպանության համար: Նրանք չեն ընդունում առաջադրված մեղադրանքները: Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու համար մեղադրվում է 32 անձ: