ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կայացավ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Արարատ – Արմենիա» հանդիպումը: Խաղն ավարտվեց հայկական թիմի 2:1 հաշվով հաղթանակով: Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Օգանան (45+1‘, 58‘): Մրցակցից միակ գոլը խփեց Էրնանդեսը (74‘): «Արարատ – Արմենիան» հաղթեց ընդհանուր 4:1 հաշվով եւ կխաղա Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում:

Այս հաղթանակը հայկական ֆուտբոլի համար դարձավ ռեկորդային: Սա հայկական ակումբների` 2019/2020թթ. եվրագավաթային 7-րդ հաղթանակն էր, որն էլ դարձավ ռեկորդային: Նախկին ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 2015/2016թթ., երբ հայկական ակումբները եվրագավաթային 14 հանդիպումներում հաղթանակի հասել էին 6-ում: Այս մրցաշրջանում 7 հաղթանակ գրանցվելու համար պահանջվել է 12 հանդիպում: Նայելով այս ցուցանիշներին` կարելի է ասել` հայկական ֆուտբոլը փոխվել է արմատապես եւ զարգացման ընթացքի մեջ է:
«Արարատ – Արմենիան» հաղթելով «Լինկոլն Ռեդ Իմպսին»` դուրս եկավ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլ: Այդ փուլում հայկական ակումբը կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ: Կարելի է ֆիքսել այն, որ վիճակահանությունը բավականին «բարեհաճ» գտնվեց մեր թիմի նկատմամբ եւ վառեց «կանաչ լույս» Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Իհարկե, նշում ենք, որ «Սաբուրթալոն» բարեհաջող մրցակից է «Արարատ – Արմենիայի» համար, սակայն վրացական թիմը ամենեւին էլ հեշտ մրցակից չէ: Հայ երկրպագուների համար երազանք է շարունակում մնալ եվրագավաթների խմբային փուլում հայտնվելը, եւ այս տարի այդ երազանքին հասնելը շատ մոտ է թվում: Ջիբրալթարական թիմի դեմ խաղում կրկին տեսանք, որ Վարդան Մինասյանը դիմեց ռոտացիայի: Դարպասում նա կրկին վստահել էր Ցուպիչին, որն արդարացրեց սպասելիքները եւ վատ հանդիպումներ չանցկացրեց: Հարձակման գծում Անտոն Կոբյալկոյի փոխարեն մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս եկավ Լուիս Օգանան, որն ուղղակի փայլուն հանդիպում անցկացրեց: Նա դարձավ դուբլի հեղինակ եւ «Արարատ – Արմենիայի» մյուս փուլ դուրս գալու հարցում ունեցավ իր մեծ ավանդը:
Առջեւում հայ-վրացական դիմակայությունն է, որը կարող է եւ պետք է հայկական ֆուտբոլի պատմության նոր էջը թերթի:
Հայկական ակումբը ջիբրալթարական թիմին հաղթեց ընդհանուր 4:1 հաշվով, որը իրականում այդքան էլ գոհացնող չէ, ու Վրաստանի չեմպիոնների դեմ խաղին չի մոտենում որպես ֆավորիտ: Այս խաղում դժվար է նշել ֆավորիտի, քանի որ երկուսն էլ ունեն հավասար ներուժ, եւ հասկանալի է, որ կանաչ խոտածածկի վրա կատաղի պայքար է ընթանալու:
«Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գեորգի Չիաբրիշվիլին խոսել է «Արարատ – Արմենիայի» մասին եւ նշել, որ իր թիմը պարտավոր է անցնել մյուս փուլ. «Դժվար է խաղալ «Դինամո Զագրեբի» դեմ եւ մտածել «Արարատ – Արմենիայի» մասին: Մենք պետք է ուսումնասիրենք նրանց, սակայն կարող եմ ասել, որ պարտավոր ենք շրջանցել հայկական թիմին եւ խաղալ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում»:
Մինչ Վրաստանում վստահ են, որ անցնելու են մյուս փուլ, հայկական ակումբը շարունակում է պատրաստվել խաղին` մտքում պահելով Եվրոպա Լիգայի խմբային փուլում խաղալու երազանքը:
Եվրագավաթային փլեյ-օֆֆ դուրս գալը կարող է հեղաշրջում իրականացնել հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Հուսանք, որ մեր ակումբը կկարողանա պատվով հանդես գալ եւ հայ երկրպագուների տարիների «գոլը» դարձնել իրականություն:
Հավելենք, որ հայ – վրացական առաջին դիմակայությունը կկայանա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում օգոստոսի 8-ին: Հայկական ակումբի մամուլի ծառայությունը արդեն հայտնել է, որ խաղի տոմսերի գները լինելու են 200-ից 1000 դրամ: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Թբիլիսիում:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՀՂԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Նախօրեին «Արմենիա» բկ-ից Ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 21-ամյա կինը հուլիսի 30-ին` ժամը 9:30-ին, հանկարծամահ է եղել: ArmLur.am-ը զրուցել է «Արմենիա» բկ-ի վիրաբուժության գծով տնօրեն Արսեն Վազգենովիչի հետ, ում խոսքով` 21-ամյա կինը հղի է եղել: Նա հուլիսի 22-ին ընդունվել էր Երեւանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտ», իսկ հուլիսի 23-ին տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ: «Կինը եղել է ծանր գինեկալոգիական-մանկաբարձական հիվանդ, մեզ մոտ վիրահատվել է, բայց, ցավոք սրտի, կյանքը փրկել հնարավոր չի եղել»,-ասել է նա:




Լրահոս