«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի, երգչուհի Քնարիկ Զաքարյանն է: Նա անդրադարձել է իր սովորություններին, բնավորության գծերին, հաջող ընտանիք ունենալու գրավականներին, նշել է, թե ինչ մեթոդներով է նախընտրում դաստիարակել իր զավակներին:
-Քնարի՛կ, փորձում եք կյանքից վերցնել մաքսիմալ…
-Լավ մարդկանց, նրանց ջերմությունը:
-Ըստ Ձեզ` ի՞նչը կփրկի աշխարհը:
-Սերն ու բարությունը:
-Մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեք ների:
-Երեւի դավաճանությունը:
-Ինքներդ Ձեզ քսան տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:
-Ինչպիսին էլ որ լինեմ, օրինակ` թոռներով շրջապատված, հաստատ ապրելու եմ ակտիվ ստեղծագործական կյանքով եւ աշխատելու եմ, ունենալու եմ հետաքրքիր, բեղմնավոր կյանք:
-Ունե՞ք վատ սովորություն, որից չեք հրաժարվի, եթե անգամ ամբողջ աշխարհը պնդի:
-Ես ինքս ինձ միշտ հղկում եմ, կատարելագործում, հաղթահարում վատ սովորություններս: Ունեմ ծուլություն, որի դեմ մշտապես պայքարում եմ:
-Մարդիկ Ձեր մեջ առաջինը ո՞ր որակն են նկատում:
-Գուցե անհամեստ հնչի, բայց ասում են, որ շատ բարի եմ:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:
-Այն շրջանի, երբ մարդկանց նկատմամբ չափից շատ հավատով, սիրով էի լցված, կյանքի փորձ չունեի: Չեմ կարող ասել, որ հիմա պակաս նվիրվող եմ, բայց երբ զգում եմ, որ մարդ մեկ անգամ վրիպում է, նրան այլեւս երբեք չեմ վստահում: Նա այլեւս չի կարող իմ մտերիմը լինել, իսկ նախկինում ներողամիտ էի, մտածում էի, որ մարդուն պետք է տալ երկրորդ հնարավորություն: Անկախ արարքի ծանրությունից` եթե մարդ կարող է քեզ մեկ անգամ մեջքից հարվածել, նա միշտ է ունակ հարվածելու, նրանից կարող ես սպասել ամեն ինչ:
-Կնոջը ի՞նչն է հմայիչ դարձնում:
-Կանացիությունն ու տաղանդը:
-Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում տնտեսակա՞ն, հագուստի՞, թե՞ մթերային խանութում:
-Հագուստի խանութում:
-Շոպոգոլի՞կ եք:
-Այո, սարսափելի:
-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, որոնք պատրաստվում են դերասանուհի դառնալ:
-Եթե ունեն այդ շնորհքը իրենց մեջ եւ աշխատասիրություն, թող առաջ գնան, պայքարեն: Հիմա փոխվել են ժամանակները, հնարավորությունները բազմաթիվ են: Եթե նպատակ դնես, կարող ես հասնել աննկարագրելի հաջողությունների: Որքան էլ ասում ենք, թե Հայաստանում դա հնարավոր չէ, բայց եթե արտիստն, օրինակ, լավ անգլերեն գիտի, կարող է մասնակցել տարբեր քասթինգների: Պետք է դնել նպատակ եւ ամեն բան ծառայեցնել դրան:
-Հայտնի դառնալուց հետո ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում:
-Գրեթե ոչինչ:
-Երկու բալիկ ունեք, խի՞ստ մայրիկ եք:
-Չէի ասի: Ես ավելի շատ ընկեր-մայրիկ եմ: Երբ ընկերաբար ես երեխաների հետ խոսում, որեւէ բան բացատրում, դա շատ ավելի արդյունավետ է, քան եթե գոռգոռում ես, զայրանում:
-Իսկ Դուք ինչպիսի՞ երեխա եք եղել:
-Ակտիվ, միշտ վարում էի մշակութային միջոցառումներ, բակում բեմադրում էի ներկայացումներ:
-Հաջողված ընտանիք ունենալու համար ի՞նչ է պետք:
-Փոխադարձ վստահություն, հարգանք, որը երբեմն սիրուց կարեւոր է, սեր: Ընտանիքի անդամները պետք է իրենց գնահատված զգան:
-Երբ ամեն բան վատ է, ինքներդ Ձեզ ասում եք…
-Ես իմ ամեն առավոտը սիրում եմ սկսել շնորհակալությամբ: Եթե ամեն ինչի համար, որ մեզ տրվում է, յուրաքանչյուրս ներքուստ երախտապարտ զգանք, նեգատիվը միայն կուժեղացնի մեզ, եւ հետո շատ ավելի մեծ խնդիրներ կկարողանանք հաղթահարել:
-Կա՞ մի խորհուրդ, որ տվել են Ձեզ, եւ երբեք չեք մոռանա:
-Մորս տված մի խորհուրդ տպավորվել է, եւ ես այն կիրառում եմ միշտ: Նա ինձ սովորեցրել է, որ երբ ինչ-որ մեկը երրորդ մարդու մասին չարախոսում է, ես չպետք է խոսք տանեմ-բերեմ, դա զզվելի բան, եւ ոչ էլ կրակի վրա բենզին լցնեմ, այլ պետք է փորձեմ հարթել իրավիճակը, ուշադրությունը բեւեռեմ այդ երրորդ անձի դրական կողմերի վրա: Չի կարելի թունավորել մարդուն վատ մտքերով, վատ էմոցիաներով: Մայրս խորհուրդ է տվել նաեւ չարձագանքել այն մարդկանց, որոնք գալիս են ինձ մոտ եւ պատմում, թե իմ մասին ինչ վատ բան է խոսել երրորդ անձը: Եթե տվյալ մարդն այդքան սրտացավ է, ուրեմն տեղում այդ երրորդ անձի բերանը կփակեր:
-Ձեր սիրելի փոխադրամիջոցը:
-Ճեպընթացը:
-Ո՞վ է Ձեր սիրելի բանաստեղծը:
-Պարույր Սեւակը, Օմար Խայամը:
-Եվ վերջում` երջանիկ լինելու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր:
-Գնահատել այն ամենը, ինչ ունեմ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԱՌԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄ ԵՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ»
«Հենց ես ու կինս ուզում ենք առանց երեխաների ճամփորդել, մեղքի զգացում ենք ունենում, մտածում ենք, որ դա էգոիստություն կլինի եւ վերջին պահին, այնուամենայնիվ, վերցնում ենք նրանց մեզ հետ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոստովանեց դերասան Սարգիս Գրիգորյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ինքն ու կինը` Մանո Գրիգորյանը, նախընտրում են ճամփորդել երկուսով, թե երեխաների հետ:
Նա նշեց, որ իրենց ընտանիքում ավանդույթ կա` տարին երկու անգամ` ձմռանը եւ գարնանը մեկնել հանգստի. «Այս տարվա ձմռանն, օրինակ, գնացել էինք Եգիպտոս, մյուս տարի էլ ցանկանում եմ երեխաներիս Ֆրանսիա տանել, ցույց տալ Դիսնեյ Լենդը: Եթե հնարավորություններս չներեն, ստիպված նրանց էլի Եգիպտոս կտանեմ»,- ասաց Սարգիսը:
Նրա խոսքով` միջին աշխատավարձ ստացող հայաստանցին մաքսիմում կարող է իրեն թույլ տալ ամեն տարի մեկնել Եգիպտոս կամ Վրաստան, իսկ, օրինակ, Եվրոպա մեկնելու համար ավելի մեծ հնարավորություններ են պետք:
Իր տեսած երկրներից ամենաշատը դերասանին տպավորել է Իսպանիան, մասնավորապես` Բարսելոնան. «Այնտեղ հոգի կա, պատմություն, կենսագրություն ունեցող քաղաք է, որտեղ ապրող մարդիկ էլ նման են մեզ»,- նկատեց Սարգիսը:
Քանի որ գործի բերումով ակտիվ կյանքով է ապրում, դերասանը նախընտրում է պասիվ հանգիստը, երբեմն էլ համատեղում է աշխատանքը հանգստի հետ. «Սիրում եմ պառկել-հանգստանալ, ծով եմ սիրում: Եթե տվյալ վայրում լինեն էքստրեմալ հանգստի համար համապատասխան պայմաններ, գուցե օգտվեմ դրանցից, բայց, մեծ մասամբ, նախապատվությունը տալիս եմ խաղաղ հանգստին: Այս ամառն ինձ համար աշխատանքային է, թեպետ հասցրել եմ երկու-երեք օրով գնալ Արցախ, Իջեւան: Պարզապես զանգերը չէին դադարում, այսպես ասած, կիսահանգիստ էր դա»,- եզրափակեց Սարգիսը:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԿԳԼԽԱՎՈՐԻ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ
Ինչպես տեղեկացնում է իսպանական El Mundo Deportivo-ն, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Վալենսիան»: Նշվում է, որ վալենսիական ակումբում դիտարկում են Մոուրինիոյին գլխավոր մարզչի լավագույն տարբերակ: Հավանական գործարքի մասին նոր տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ Ժոզեն նույնպես ակնարկել էր, որ ցանկանում է գլխավորել եվրոպական ակումբ: «Առանձնահատուկի» վերջին աշխատավայրը եղել է «Մանչեստեր Յունայթեդը»:
«ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՐԱԽԸ
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, կատալոնական «Բարսելոնան» առաջիկա օրերին կձեւակերպի «Ռեալ Բետիսի» ֆուտբոլիստ Ժունիոր Ֆիրպոյի տրանսֆերը: Նշվում է, որ «Բետիսը» իր ֆուտբոլիստի համար պահանջում է 25մլն եվրո, սակայն կատալոնական ակումբը պատրաստ է վճարել միայն 20մլն եվրո: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն անձամբ է հավանել երիտասարդի խաղը եւ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում մրցակցություն ստեղծել Ժորդի Ալբայի համար:
ԿԲԱՑԱԿԱՅԻ
«Մանչեստեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային, որը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ խաղի 56-րդ րոպեին, ենթարկվել է ծնկի վիրահատության: Անգլիական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի 4-ից 5 ամիս: Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով շատ հանդիպումներ էր բաց թողել եւ անցկացրել էր ընդամենը 18 խաղ:
ԿԱՐՈՂ ԵՆ «ՊԱՅԹԵՑՆԵԼ» ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ
Թուրինի «Յուվենտուսը» նախկինի պես ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Պոլ Պոգբային եւ Ռոմելու Լուկակուին: Սակայն ինչպես տեղեկացնում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, այդ տրանսֆերներից միայն մեկը կարող է իրականանալ: Նշվում է, որ «մանկունյական» ակումբի ղեկավարությունը ցանկանում է թուրինցիների հետ իրականացնել ֆուտբոլիստների փեխանակություն: Թուրինից Մանչեստեր կարող է ուղեւորվել Պաուլո Դիբալան: Մանչեստրցիները այս տարբերակով միայն բաց կթողնեն Ռոմելու Լուկակուին, ինչին, սակայն, այդքան էլ կողմ չեն իտալացիները: Նրանք ցանկանում են իրենց կազմում տեսնել Պոգբային: Ամեն դեպքում, Լուկակու-Դիբալա փոխանակությունը ավելի հավանական է, քանի որ այդ ամենի հետ համամիտ է նաեւ «Ծեր Սինյորայի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ