ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Հասարակական տրանսպորտում արված այս գրությունը մի փոքր տարակուսանք է առաջացնում: «Երթուղայինում մարմնին հպվելը սեռական ոտնձգություն է» արտահայտությունը, հուսանք, ոստիկանության համար քրեական գործեր հարուցելու հիմք չի հանդիսանա:

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում է կատարվում որդեգրման պետական գրանցման գործընթացը:

Լիլիա Համբարձումյան (38 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ որդեգրման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին` ակտային գրանցման պատճենը ստանալու համար: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից (կա՞ն արդյոք այլ նշումներ՝ որդեգրման, չեղյալ համարելու եւ այլն), որից հետո` մեկօրյա ժամկետում, կատարվում է որդեգրման գրանցում:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման պետական գրանցման` ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում: Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրման պետական գրանցման` ներառյալ վկայական տալու համար գանձվում է պետական տուրք` 30000 ՀՀ դրամ:

 

 

ՀԱՐՑ. Եթե աշխատակիցը անաշխատունակության մեջ է գտնվել երեք ամսից ավելի, ապա ի՞նչպես է կարգավորվում աշխատողի նպաստ ստանալու իրավունքը:

Լիդա Գեւորգյան (42 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Տեւական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ:
Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռեւս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչեւ 3 ամիս ժամկետով կամ մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի համաձայն` եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել նույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում եւ վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:




Լրահոս