«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ» ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ինչ փոլում է գտնվում «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագիծը: Ի պատասխան` նախարարը հայտնեց. «Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել, եւ կրկին նորից ենք ուղարկել»: Պարզվում է` «օրենքով գողերի» դեմ պայքարի նախագիծը տանում-բերում են, եւ դեռ վերջնական ճակատագիրը հայտնի չէ, թե ինչ կլինի:

Նկատենք, որ նորանշանակ նախարարի նշանակվելուց հետո, ինչպես նախարարությունում, այնպես էլ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ սկսվեց: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրերս ՔԿ ծառայության կոնկրետ պաշտոնատար անձանց ասել են` դիմում գրե՛ք, գնացե՛ք:
Նկատենք, որ ՔԿ ծառայության նոր պետ Արթուր Գոյունյանը ուներ 4 տեղակալ, որոնցից երկուսից` Մանուկ Միքայելյանից եւ Հայկ Քոչինյանից, ազատվեց, սակայն երկու տեղակալ շարունակում են աշխատել: Օրինակ՝ Վարդգես Ծաղիկյանին , որը երկար տաիներ աշխատել է ՔԿ համակարգում, չեն ազատում. ասում են, որ նա արտոնյալ է, քանի որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը կադրային ջարդի, ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
-Պարո՛ն Բադասյան, ՔԿ ծառայության նորանշանակ պետը կադրային ջարդ է սկսել քրեակատարողական ծառայությունում եւ քրեակատարողական հիմնարկներում: Բայց կան արտոնյալ տեղեկալներ, որոնց չեն ազատում պաշտոնից: Մասնավորապես, ՔԿ ծառայության պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը արտոնյալ է, նրան չեն ազատում, քանի որ նա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քրեակատարողական համակարգում կադրային ջարդ չկա, քրեակատարողական ծառայության նոր ղեկավարը հնարավորություն ունի, հանրային ծառայության մասին օրենքով ղեկավարվելով, կատարել նշանակումներ, քանի որ վարչական պաշտոն է, եւ ինքը, օգտվելով իր իրավունքից, նշանակում է կադրեր: Ընդամենը այդքանը:
-Դուք, հունիսի 21-ին մեզ հետ զրույցում անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների», «օրենքով գողերի» դեմ պայքարելու մեթոդներին, հայտնել էիք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու: Ավելին, հայտնել էիք, որ այդ նախագծերը քննարկվել են, շտկվել են, 70-80 տոկոսով պատրաստ են, հիմա շատ կարագացնեք այդ պրոցեսը, քանի որ, որպես նախարար, շատ եք կարեւորում հանցավոր վարքագիծ ունեցող անձանց դեմ պայքարը: Արագացված պրոսեցը ի՞նչ փուլում է:
-Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել եւ կրկին նորից ենք ուղարկել:
-Նախկինում բոլոր նախարարներին մեղադրել են քրեակատարողական հիմնարկներ չայցելելու համար, որ չեն տիրապետում ու հայտարարություններ են անում այնտեղ տեղի ունեցող իրավիճակի մասով: Դուք 1,5 ամիս է` նախարար եք, գնացե՞լ եք ՔԿՀ-ներ, լսե՞լ եք, թե ով ինչ խնդիր ունի, ինչ է կատարվում այնտեղ: Ի վերջո, ԱԱԾ-ն էլ օրերս նոր բացահայտումներ է արել:
-Դեռ չեմ հասցրել, առաջիկա շաբաթվա ընթացքում պլանավորել եմ այցելություն քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպում ցմահ դատապարտյալներից մեկի հետ:
-Կոնկրետ կասե՞ք` որ ՔԿՀ եք առաջին անգամ 1,5 ամսվա մեջ գնում եւ կոնկրետ որ ցմահ դատապարտյալին եք հանդիպելու:
-Ես հիմա չեմ մտաբերում անունը, բայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասին է խոսքը, այնտեղ եմ այցելելու ցմահ դատապարտյալին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԹԱԼԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ

2019 թվականի Ապրիլի 2-ին` Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, որոնցից մեկն էլ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղային էր պատկանել: Ու եթե իրավապահներն այս դեպքը բացահայտեին, ապա այսօր հերթական հանցագործությունը տեղի չէր ունենա:

Հիշեցնենք որ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրը «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցած միջադեպն այլ կերպ, քան սրբապղծություն, դժվար է անվանել: Միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ զոհված հերոսների ընտանիքի անդամները, մերձավորները նրանց շիրիմի մոտ էին. սա, թերեւս, ամենասոսկալին է ու աններելին: Կարող ենք ենթադրել` հանցագործները չեն իմացել` կոնկրետ ում մեքենան են կողոպտում, բայց առնվազն պատկերացում ունեցել են, թե այդ օրով ովքեր կարող էին գալ «Եռաբլուր»:
Արդեն նշել էինք, որ ՀՀ ոստիկանապետն ասել էր՝ գործով կան կասկածյալներ: Իսկ, ահա, նախաքննական մարմինը` ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, քննություն էր իրականացրել կասկածյալների վերաբերյալ, սակայն պարզվել էր, որ ենթադրյալ կասկածյալները կապ չունեն տեղի ունեցած գողության հետ, եւ նրանց ազատ էին արձակել:
Դեպքից անցել է 4 ամիս: «Ժողովուրդ» օրաթերթը կրկին դիմեց ՀՀ քննչական կոմիտե` հասկանալու համար, թե գործով կան արդյոք մեղադրյալներ, կամ կոնկրետ անձինք խոստովանել են հանցանքը, թե ոչ: Ի պատասխան` ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին` դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 185 հոդվածի հատկանիշներով:
Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա, նախաքննությունը շարունակվում է: Ասել է թե` ոստիկանությունը ուներ կոնկրետ կասկածյալներ, բայց նրանք դեպքի հետ կապ չեն ունեցել, եւ այդպես էլ 4 ամիս անց իրավապահները չեն կարողանում բացահայտել դեպքը: Եթե իրավապահները կարողանային բացահայտել դեռեւս 4 ամիս առաջ տեղի ունեցած սրբապղծությունը, ապա ամիսներ անց՝ երեկ, չէինք ունենա այն, ինչ կատարվեց: Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր»-ում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները. շիրմաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ էր լցված: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ենթադրյալ հանցագործները նման սրբապղծություն միայն «Եռաբլուր»-ում չեն կատարել, այլ որոշ գերազմանատներում եւս նման դեպքեր են բացահայտվել:
ArmLur.am-ին կատարված սրբապղծությունից մանրամասներ էին հայտնի դարձել, մասնավորապես` «Եռաբլուր»-ի պղծման գործով հայտնաբերել են մեկ անձի: Մեր տեղեկություններով` վերջինիս անունը Գրետա Մնացականյան է: Որքան էլ տարօրինակ է, այս պահին քննվող վարկածով շիրմաքարերը պղծողը կին է եղել: ArmLur.am-ի տեղեկություններով` Գ. Մնացականյանը արդեն իրավապահներին հայտնել է, թե ինչու է այդ քայլին գնացել: Նա բացատրել է, որ վերեւից (Բարձրյալը) իրեն ասել է` ձեռքերդ կտրի, արյունը մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին, ինչը եւ արել է: Թե այլ ինչ մանրամասներ հայտնի կդառնան, ժամանակը ցույց կտա:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ ոստիկանությունը՝ հայտնելով, որ Երեւանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար: Կինը հայտնել է նաեւ, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուր»-ում եւ այլ գերեզմանոցներում:
Նկատենք, որ ոստիկանությունը կատարվածը վերագրեց միայն իրեն սակայն բացահայտման գործընթացին ներգրաված են եղել նաեւ ԱԱԾ-ն, Ռազմական ոստիկանությունը: Եվ առհասարակ այս իրավիճակում մեկ հարց է առաջ գալիս , ինչու ոստիկանությունը նույն ջանասիրությամբ չկարողացավ բացահայտել այստ տարվա ապրիլի 2-ին` Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեքենաներ թալանի գործը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿ ԿՏԱՆ
Այս տարվա 6 ամիսներին ՀՀ է ներկրվել 68 հազար ավտոմեքենա, մինչդեռ 2018թ. ողջ ընթացքում ներկրվել էր 67 հազար ավտոմեքենա: Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը. «Կարծում ենք, որ ոչ միայն կրկնապատկվելու է, այլ… եռապատկելը չեմ կարող ասել, որովհետեւ հնարավոր է, որ ինչ-որ փուլում երկրաչափական պրոգրեսիայով կաճի մեքենաների ծավալները,- ասել է նա: -Նորագավիթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձեւակերպումն ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի եւ նաեւ օնլայն աճուրդներ են կազմակերպում այլ տեղ չունենալու պատճառով: Մենք հաղորդագրություն ենք տարածելու, երկու օր ժամանակ ենք տրամադրելու, որ այլ տեղ տեղափոխեն, այլապես կիրակի տարհանման գործընթաց ենք սկսելու»:

 

 

 

 

ՄԵՐԺԵՑ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործից անջատված մասով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի կալանավորման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը: Պաշտպանները վիճարկում էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի հուլիսի 2-ի որոշումը, որով դատարանն անփոփոխ էր թողել բնապահպանության նախկին նախարար Ա. Հարությունյանի գործից անջատված մասով մեղադրյալ Վ. Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Վիկտոր Մարտիրոսյանը, տեւական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք եւ հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

 

 

 

ՅՈՒՐԱՑՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական բաժնում պարզվել են Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերեւույթ յուրացում կատարելու դեպքի հանգամանքները. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Շամլուղի ղեկավարը, հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, 2007թ. Շամլուղի համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել ընկերոջը: Վերջինս փաստացի այլ աշխատանքներ կատարելու պատճառով համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել: Բացի այդ, 2012թ. փետրվարի 1-ից համայնքապետարանում համատեղության կարգով, որպես ջրագծի հսկիչ, աշխատանքի է ընդունել եղբորը, որը նույնպես աշխատանքի չի հաճախել եւ չի կատարել իր գործառութային պարտականությունները: Դիտավորությամբ, վատնման եղանակով համայնքի բյուջեից յուրացվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 15.231.651 ՀՀ դրամ գումար: Համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նախաքննության ընթացքում մեղադրյալը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ:




Լրահոս