Թեղուտի պոչամբարի պատվարի շուրջ մտահոգությունները չեն դադարում: Բնապահպանները ահազանգում են. Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության ցուցանիշները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրական եւ միջազգային ամենաբարձր չափանիշներին: Բայց, չնայած սրան, մեկ ամիս է` հանքավայրը կրկին շահագործվում է:
Պարզվում է` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Թեղուտի հանքավայրի պոչամբարի վիճակի գնահատում չի արել: Այսինքն` պարզ չէ` հանքավայրի շահագործման հետեւանքով պոչամբարի պատվարը կփուլզվի, թե ոչ, կամ փլուզվելու հետեւանքով շրջակա միջավայրը ինչ վնասներ կկրի: Եւ սա այն դեպքում, երբ Թեղուտի հանքավայրը արդեն մեկ ամիս է` շահագործվում է: Նշենք, որ այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով` ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանին: Այս հարցում անգամ «Վալլեքս» խումբն է ձեռքերը լվացել` իրեն ապահովագրելով հետագա խնդիրներից:
«Վալլեքս» խումբը հայտարարել է, որ 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախաձեռնել է պատվարի սեյսմիկ եւ ստատիկ կայունության ուսումնասիրություն եւ գնահատում` այդ նպատակով ներգրավելով միջազգային ճանաչում ունեցող մասնագիտացված կազմակերպությունների եւ ավստրալական «ATC Williams»-ին: Եւ, ըստ այդ կազմակերպությունների, առանց պոչամբարի պատվարի կայունության մակարդակի բարձրացման եւ սեյսմիկ ու ստատիկ անվտանգության ապահովման Թեղուտի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնափլուզման իրական վտանգ: Բացի այս, ընկերությունը տեղեկացրել է, որ «Վալլեքս» խումբը ներկայում այդ համալիրի նկատմամբ որեւէ վերահսկողություն եւ ազդեցություն չունի ու պոչամբարի պատվարի հնարավոր ինքնափլուզման կամ այլ անբարենպաստ իրավիճակի առաջացման դեպքում որեւէ կերպ չի կարող պատասխանատու լինել դրա հետեւանքների համար:
Հիշեցնենք` անցած տարեսկզբին բնապահպաններն ահազանգել էին, որ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարը արագ լցվում է, եւ ընկերությունը չի կարողանում այն պատշաճ կերպով շահագործել, ինչի պատճառով արտահոսքեր են լինում: Իսկ Շնող գյուղի բնակիչները պատմում էին, որ թեեւ հանքավայրի շահագործումը դադարեցվել է (2018-ի սկիզբ), բայց Շնող գետում դեռ շարունակվում է պղտոր ջուր հոսել:
Ըստ որոշ տեղեկությունների` հանքավայրի շահագործման դադարեցման պատճառը Թեղուտի պոչամբարի պատվարում առաջացած ճեղքերն էին, որոնց հետեւանքով պոչամբարի թափոնները հոսում եւ լցվում էին Դեբեդ գետը: Իսկ ընկերությունը նման խնդիրների առաջ կանգնել էր այն բանից հետո, երբ դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» եւ «PenslonDenmark» մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը դադարեցրին դեռեւս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար «ՎՏԲ» բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը: Բանն այն է, որ հիմնադրամն ու գործակալությունը պահանջել էին «Վալլեքս»-ից վարկը ամբողջությամբ վերադարձնել առանց դանիական կողմերի համար որեւէ կորստի: Իսկ վարկի տրամադրման դադարեցման հիմնական պատճառներն էին Շնող գետի աղտոտումը, Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերը, պոչամբարի սեյսմակայուն չլինելը եւ այլն:
Այնուամենայնիվ, բնապահպանների կողմից բարձրացրած խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում պոչամբարի տեխնիկական անվտնագության ցուցանիշները (վիճակը) գնահատելը եւ շահագործման անվտանգությունը պարզելը: Ավելին, տեղեկացրեցին, որ արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, գործընթացների եւ լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը վերապահված է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Իր հերթին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իր ղեկավարած նախարարությունը Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության վերաբերյալ եզրակացություն տվել է: Այն դրական է: Պարզվում է` պոչամբարի պատվարի հետ կապված նախարարությունը եզրակացություն չի կարող տալ:
«Մենք նայել ենք միայն տեխանվտանգության մասով ու տվել ենք դրական եզրակացություն: Մենք եզրակացություն տվել ենք նախկինում տրված եզրակացությունների հիման վրա, մասնագետները գնացել են, ակնադիտականով են տվել… բայց դա հիմք չէ, էլի, դա վերջնական չէ: Չի բացառվում, որ առաջիկայում խորությամբ նայենք: Բայց տեխանվտանգության մասով մենք տվել ենք դրական եզրակացություն, այսինքն` իրավունք ունեն գործարկելու»,- բացատրեց նախարարը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` եթե պատվարը փլուզվի ու արտահոսք լինի, ով է պատասխանատվություն կրելու, նախարարն արձագանքեց. «Մենք հետեւանքը վերացնողն ենք` որպես Արտակարգ իրավիճակների նախարարություն, բայց ռիսկերի մասին պետք է եզրակացություն տա համապատասխան կառույցը: Այս դեպքում` Ջրային կոմիտեն»: Ի դեպ, Շրջակա միջավայրի նախարարությունից եւս «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ պոչամբարների պատվարների անվտանգության հարցերով լիազոր մարմինը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային պետական կոմիտեն է: Բայց, արի ու տես, ջրային պետական կոմիտեից էլ պնդում են, որ պոչամբարների պատվարներն իրենց հետ կապ չունեն, դրանք պետք է վերահսկվեն անմիջապես հանքարդյունաբերող ընկերության կողմից: Մեղմ ասած, գերատեսչությունները մեկը մյուսից բացարձակապես անտեղյակ են:
Հ.Գ. Բնականաբար, պոչամբարի պատվարի հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ «Թեղուտ» ՓԲԸ, որտեղից հայտարարեցին, որ առաջիկայում ընկերությունը պարզաբանում կներկայացնի պոչամբարի պատվարի վիճակի վերաբերյալ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«ԳՈԼԴԵՆ ՓԵԼԻՍ»-Ի ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՈՒՏՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՍՆԻ
Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնահատման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք` «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ծրագիր կա հյուրանոցի պետականացման գործընթացը ավարտելուց հետո կոնցեսիոն պայմանագրով տալ որեւէ անհատի այն աշխատեցնելու համար: Այնուամենայնիվ, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե որ փուլում է հյուրանոցի պետականացման հետ կապված գործընթացը: Մեր հարցին ի պատասխան` Բաբայանն արձագանքեց. «Դեռեւս կառավորության որոշում չի ընդունվել, գնահատման աշխատանքներն ավարտվել են: Նախագիծը շրջանառվում է, եւ շուտով այն կուղարկենք կառավարության նիստ: Խոսքը ներքին ընթացակարգով շրջանառության մասին է: Դա նորմատիվ իրավական ակտ չէ, այլ անհատական նվեր ընդունելու մասին որոշում»:
Ի դեպ, մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը եղել էր հյուրանոցի տարածքում եւ արձանագրել, որ այն ունի խնամքի ու հոգածության կարիք: Այս պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է այսօր գտնվում հյուրանոցը: Պարզվում է` մարզպետը հյուրանոցի տարածքում եղել է երեք շաբաթ առաջ: Ապա` հուսադրեց` նշելով, որ պահպանության հետ կապված որեւէ խնդիր չկա, որովհետեւ տեղում պահակներ կան, դռները փակ են, եւ հսկողություն իրականացվում է: «Ես` որպես կառավարության ներկայացուցիչ, պարզապես ձեռքս, այսպես ասած, այս գործընթացի զարկերակին եմ պահում, որպեսզի որեւէ մեկի իրավունքները չոտնահարվեն: Նաեւ հետեւում եմ գույքի` այս պահի գործողություններին, որպեսզի հավուր պատշաճի ամենակարճ ժամկետով ստացվի վերջնական այդ որոշման նախագիծը հասցնել կառավարություն: Իմ ընկալմամբ` դա ակնկալվում է մոտավոր սեպտեմբերի սկզբներին: Հետամուտ կլինեմ, որպեսզի այն արդյունավետ ձեւով հանձնվի կա՛մ կոնցեսիոն կառավարման, կա՛մ աճուրդային կարգով մասնավորեցվի, կա՛մ էլ, ինչպես նախապես որոշված էր, պետությունը վարձակալության հանձնի որեւէ միջազգային օպերատորի: Ես հակված եմ ավելի շատ վերջին տարբերակին` չմասնավորեցվի, բայց հանձնվի միջազգային լուրջ ընկերության»,- նկատեց մարզպետը:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ` ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ
Հուլիսի 17-ին, երբ Իջեւանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական ճանապարհը, ցուցարարների մոտ էր եկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա փայտի օգտագործման պայմաններից բացի անդրադարձավ աշխատատեղերի հարցին` հայտարարելով, որ հաջորդ օրը առավոտյան Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հայտարարություն կտեղադրվի` առնվազն 50 աշխատատեղի մասին` 8 հազարից 15 հազար դրամ օրական աշխատավարձով. ցանկացած ոք կարող է գնալ մարզպետարան եւ այդ աշխատանքի առաջարկն ստանալ ու աշխատանքի տեղավորվել: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղի մասին մարզպետի նշած տեղեկատվությունը տեղադրված չէ: Հուլիսի 30-ին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է Իջեւանի զբաղվածության տարածքային կենտրոնի հայտարարությունը` թափուր աշխատատեղերի մասին: Դրա մեջ նշված չեն այդ աշխատատեղերի համար նախատեսված աշխատավարձերի չափերը, հավանաբար, այն պատճառով, որ աշխատավարձերի չափերը բարձր չեն:
Հայտարարության մեջ շատ են հանրակրթական դպրոցների ուսուցիչների թափուր աշխատատեղերը. Իջեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցում պահանջվում է ֆիզիկական կուլտուրայի եւ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչներ, Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի միջնակարգ դպրոցում` ռուսաց լեզվի եւ գրականության, աշխարհագրության, ֆիզկուլտուրայի, կերպարվեստի, ինֆորմատիկայի, նախնական զինվորական պատրաստության, Սեւքարի միջնակարգ դպրոցում` ռուսաց լեզվի եւ գրականության, ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի, Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղում` երգեցողության, սահմանամերձ Կիրանցի հիմնական դպրոցում` ֆիզկուլտուրայի, Աճարկուտի հիմնական դպրոցում` ռուսաց լեզվի եւ գրականության, նախնական զինվորական պատրաստության, ֆիզկուլտուրայի, Ենոքավանի միջնակարգ դպրոցում` ինֆորմատիկայի եւ տարրական դասարանների, Ակնաղբյուրի հիմնական դպրոցում` նախնական զինվորական պատրաստության, Լուսաձորի հիմնական դպրոցում` ռուսաց լեզվի եւ գրականության, աշխարհագրության եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Այդ աշխատատեղերի համար աշխատավարձերը հավանաբար ցածր են, այդ պատճառով էլ մինչեւ հիմա այդ աշխատատեղերը զբաղեցված չեն:
Թափուր աշխատատեղերի մասին հայտարարության մեջ նշված են նաեւ բժիշկների աշխատատեղեր. Իջեւանի ԲԿ-ում պահանջվում են բժիշկ-էնդիկրինոլոգ, մանկական անեսթեզիոլոգ, ռենտգենոլոգ, Սեւքարի գյուղական բժշկական ամբուլատորիայում` ընտանեկան բժիշկ: Տեքստում նշված են նաեւ բանվորների, հավաքարարի, մատուցողների, աման լվացողի, տնտեսուհու եւ այլ աշխատատեղեր:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ