Անհայտ անձինք «Եռաբլուր» պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմում զոհված զինվորականների շիրմաքարերը: Տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ շիրմաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ է լցված: Մասնավորապես, երեւում է Բագրատ Ալեքսանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Ռոբերտ Աբաջյանի, Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերին թափված անհասկանալի հեղուկը: Հանրությունը պատկան մարմիններից պահանջում է ապահովել «Եռաբլուր» պանթեոնի պահպանությունը եւ գտնել ու խստագույնս պատժել գործողությունն իրականացնողներին: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ:
-Պարո՛ն Բայաթյան, հայ հանրության շրջանում արդեն սկսել են փոխադարձ մեղադրանքներ հնչել. արդյոք վտանգավոր չէ՞, մեղավորներին դեռ չբացահայտած, այդ ուղով գնալը:
-Կատարվածը շատ է զայրացրել ինձ: Դա խուլիգանություն է, դավաճանություն: Այդպիսի բաները պատահական, հենց այնպես չեն լինում: Սա միտումնավոր արարք է, որին պետք է շատ կտրուկ արձագանքել եւ, անարգանքի սյունին գամելուց զատ, իրավաչափ պատասխան տալ:
-Հանրության մի զանգված արդեն սկսել է մեղադրել իշխանությանը պանթեոնի պահպանությունը ոչ պատշաճ կազմակերպելու համար: Հնչում են այլ բնույթի մեղադրանքներ եւս: ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանն, օրինակ, գրել է. «Մեր հերոսների շիրիմների պղծումն արգասիքն է այժմյան մի շարք կազմակերպությունների կողմից տարվող պրոպագանդայի: Քարոզչություն, որտեղ առաջադեմ է ներկայացվում ազգային արժանապատվության վիրավորումը, սեփական կրոնի ու նրա ծառայողների նկատմամբ հարգանքի բացակայությունը, սեփական պետության պատմության փառահեղ էջերի նսեմացումը»:
-Էլի եմ ասում` նախ պետք է պարզել` ով կամ ովքեր են այս ամենի հեղինակները, հետո նոր մեղադրանքներ հնչեցնել: Չի կարելի օդում դատողություններ անել, մարդկանց խուճապի մատնել: Այնպիսի տպավորություն է, թե երկրում մի խումբ անձինք փորձում են ամեն ինչ անել` քաոս առաջացնելու համար: Այդ խումբն անգամ հայրենիքը ծախելու է ընդունակ: Իսկ իսկապես մտահոգվածներն այդ կերպ չեն դրսեւորվում, բոլորովին այլ վարք են ունենում: Այլ կերպ են իրենց պահում այն մարդիկ, որոնք ձգտում են ամեն կերպ իշխանության հասնել: Թող ոչ ոք ընդհանրական դատողություններ չանի. կոնկրետ բան գիտեք` ասեք, ոչ` ուրեմն սպասեք, թող հայտնաբերեն հանցագործներին: Պետք չէ զազրախոսությամբ զբաղվել: Այդ նույն կերպ օդում մեղադրանքներ են հնչում նաեւ հանրապետականների հասցեին, ուրեմն ի՞նչ… Չի կարելի այս լուրջ խնդիրն ուղեկցել չարչիական խոսակցություններով:
-Այնպիսի տպավորություն է, որ շիրմաքարերի պղծումն իրականացվել է ժողովրդին պառակտելու, մասերի բաժանելու նպատակով: Կարծես թե վանդալիզմի հեղինակները հասան իրենց նպատակին…
-Մի վայրկյան անգամ կասկած չունեմ, որ, այո, ուզում են պառակտել ժողովրդին: Բայց ես մի բան կասեմ` «զուռնչիները» թող զգույշ լինեն: Ամենաբարձրը գոռում է նա, ում մատը խառն է այս գործին:
Նշենք, որ ոստիկանապետը հանձնարարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչությանը իրականացնել համապատասխան աշխատանքներ` մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշել է, որ դեպքն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ աշխատանքներ են տարվում պարզելու համար դեպքի հանգամանքները: Սոցցանցերում տեսանյութը վիրուսային տարածում է գտել: Օգտատերերը պահանջում են հայտնաբերել վանդալներին եւ պատժել: Հավելենք, որ օգոստոսի 1-ին պանթեոն է այցելել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ մաքրել հերոսների պղծված շիրմաքարերը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՆՈՐ ՀԱՄԵՐԳՆԵՐ ԵՎ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
«Քանի որ մեր համերգներն անցնում են «էքստրեմալ» պայմաններում, ամառը նախընտրում եմ պասիվ հանգիստ անցկացնել, որքան ամեն ինչից եւ բոլորից հեռու, այնքան լավ: Տեղը նշանակություն չունի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Նեմրա» ռոք խմբի կիթառահար եւ վոկալիստ Վան Եղիազարյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե որտեղ եւ ում հետ է նախընտրում անցկացնել ամառային հանգիստը:
Նա տեղեկացրեց, որ խմբի անդամներով արդեն հասցրել են լինել մի քանի երկրներում` Վրաստանում, Լեհաստանում, Ուկրաինայում: Կարելի է ասել, նրանք համատեղել են հանգիստն ու աշխատանքը. «Շատ քաղաքներում եղանք, բայց ամենահոգեհարազատն ինձ համար Թբիլիսին էր»,-շեշտեց Վանը:
Նա նշեց, որ ջրային տարածքներում հանգստանալ շատ չի սիրում. «Ջրի հետ սեր չունեմ, փոխարենը ինձ գրավում է բարձրությունը: Առանձնապես տարված չեմ էքստրիմով, բայց եթե հավես ունենամ, գուցե փորձեմ ինչ-ինչ բաներ: Հանգստի ժամանակ, կարելի է ասել, շատ ձանձրալի եմ: Դրսում հանգստանալուց հետո սովորաբար մի քանի օր էլ տանն եմ հանգստանում. կարելի է ասել, հանգստանում եմ հանգստից»,-ծիծաղելով ասաց Վանը:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք առաջիկա ստեղծագործական նորությունների մասին: Երգիչը տեղեկացրեց, որ «Նեմրա»-ն օգոստոսի 10-ին բացօթյա համերգով հանդես կգա Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց. կազմակերպիչը Երեւանի քաղաքապետարանն է: Օգոստոսի 22-ին էլ ռոք խումբը երկրորդ անգամ կներկայացնի Հայաստանը «One Caucasus» փառատոնում, որը տեղի կունենա Վրաստանում: Օգոստոսին «Նեմրա»-ն մենահամերգով հանդես կգա նաեւ Գյումրիում: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Առաջիկայում խումբը կներկայանա նոր տեսահոլովակով, որը կնկարահանվի «Նարե» երգի հիման վրա: Այնպես որ, «Նեմրա»-ի երկրպագուների համար օգոստոսը թեժ է լինելու:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ ՆԵՅՄԱՐԻՆ
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը դեռ չի կողմնորոշվում իր ապագայի հարցում: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը ֆոււտբոլիստին վերջնաժամկետ է ներկայացրել մինչեւ օգոստոսի 10-ը: Բրազիլացին պետք է որոշի տեղափոխվել այլ ակումբ, թե մնալ Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը»: Ավելի վաղ նշվում էր, որ բրազիլացու հրաժարագինը իջեցվել է` հասնելով 180մլն եվրոյի: ՊՍԺ-ն ավելի հակված է Նեյմարի «Յուվենտուս» տեղափոխությանը, քանի որ չի ցանկանում, որ ֆուտբոլիստը հետ վերադառնա Կատալոնիա:
ՄԵԿ ԹՈՓ ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎՍ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է իր թիմի տրանսֆերային նպատակների մասին. «Մենք ունենք լայն ընտրության հնարավորություն: Արդեն ձեռք ենք բերել Սեբալյոսին եւ տիրապետում ենք նաեւ Նիկոլյա Պեպեի շուրջ պտտվող իրավիճակին: Նրա տեղափոխությունը դեռեւս չի կայացել, սակայն, ամենայն հավանականությամբ, այն բարեհաջող կավարտենք: Պեպեին գնելուց հետո եւս մեկ թոփ տրանսֆեր կիրականացնենք, սակայն անուններ տալ չեմ կարող»,- ասել է մասնագետը: Նշենք, որ Նիլոլյա Պեպեի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը կվճարի 80մլն եվրո:
ԿՈՐՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՖԱԿԵԼ»
Ռուսական «Ֆակելի» պաշտոնական կայքը հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը կարիերան կշարունակի իրենց թիմի կազմում: Տրանսֆերի վերաբերյալ այլ մանրամասնություններ չկան: Հիշեցնենք, որ Կորյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 խաղ:
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎՐԻՊԵԼ Է
Լոնդոնի «Արսենալը» ընկերական հանդիպում է անցկացրել «Անժեի» հետ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով եւ տեղափոխվել հետխաղյա 11մ հարվածաշար: Լոնդոնյան ակումբը կարողացել է հաղթել մրցակցին, սակայն թիմի եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իր թիմի կազմում եղել է միակ վրիպողը: Մրցակիցը գրավել է դարպասը միայն երեք անգամ եւ պարտություն կրել:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ