VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Գանձասար -Կապան» խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել կապանյան թիմի մարզիչ Արմեն Պետրոսյանը.
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Երկու խաղակեսերում էլ լավ հանդիպում անցկացրինք: Շատ հետաքրքիր եւ դիտարժան խաղ ստացվեց: «Շիրակին» ես համարում եմ շատ բարձրակարգ թիմ, որն էլ գտնվում է Բարձրագույն խմբի բարձր հորիզոնականներում եւ պայքարում լավագույն տեղերի համար: Այսօր մենք լավ վերլուծել էինք ամեն ինչ, տղաները լավ էին հասկանում ամեն բան, նրանք խաղացին մեծ նվիրումով եւ պայքարեցին բոլոր դրվագներում: Ես մրցաշրջանից առաջ էլ ասում էի, որ այնպիսի թիմ եմ ուզում, ովքեր «կմեռնեն» դաշտում ինչպես համապարտները. ես այսօր տեսա այդ թիմը: Ես ասել էի, որ այս թիմ ոչ մեկ ուղղակի չի եկել եւ տղաները ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար: Հսշվի առնելով մրցակցին մենք այսօր դժվարին եւ ծանր հաղթանակ տարանք: Մենք պարտվում էինք խաղի ընթացքում եւ պետք է դիմեինք ռիսկի: Դիմեցինք այդ ռիսկին եւ ամեն ինչ ստացվեց: Գեղամ Հարությունյանը գոլ խփեց եւ ամեն ինչ դասավորվեց այնպես ինչպես պլանավորել էինք:
Առաջին խաղակեսում կարողացանք երկու գոլ խփել, իսկ երկրորդ կեսում լավ պաշտպանվեցինք եւ միտված էինք հակագրոհների վրա: Գիտեին, որ մրցակիցը ունի Մորի Կոնե, ով ուժեղ հարձակվող է, բայց մենք կարողացանք նրան էլ փակել: Այսրվա մեր հաղթանակը բերեց տղաների անմնացորդ նվիրումը: Խաղասկզբում տղաների մոտ խոտանը շատ էր, խաղի կարեւորությունն էլ էր իր դերը խաղում, որովհետեւ եթե մենք առաջնությունում ժամանակ ունենք պայքարելու, ապա գավաթի խաղարկությունում պարտվելու դեպքում դուրս կմնայինք պայքարից: Ես բոլորից էլ գոհ եմ, բոլորն էլ բարձր մակարդակի ֆուտբոլ խաղացին: Գեղամ Հարությունյանը եւ Մենսահը ցավերով էին խաղում եւ վերջում ես ուղղակի ստիպված էի փոխարինել նրանց: փոխարինման մտած ֆուտբոլիստներն էլ լավ մտան խաղի մեջ եւ օգնեցին թիմին: Մենք շատ դժվարությւոնների միջով ենք անցել եւ ես ուզում եմ այս տղաների հետ լուրջ հաջողություններ գրանցել, մենք նայում ենք առաջ եւ ցանկանում ենք ավելի հեռու գնալ»:
ԷՄԻԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Էմիլ Եղիազարյանի խաղից ես գոհ եմ, նա կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը: Նրա դիրքում նախորդ խաղերում գործում էր Անդրանիկ Քոչարյանը, սակայն վերջին 2 խաղում նրա գործողություններում պասիվություն էի նկատում այդ պատճառով խաղաց Էմիլը: Անդրանիկ Քոչարյանը շարունակում է մնալ մեր կարեւոր ֆուտբոլիստներից մեկը եւ նա դեռ կստանա իր շանսը, հնարավոր է հենց հաջորդ խաղում: Եղիազարյանը վերջին 7-8 րոպեները խաղում էր վնասվածքով, սակայն նվիրվց ամբողջությամբ եւ լավ հանդիպում անցկացրեց»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի գավաթում հաջողության հասնելը մեր առաջնային նպատակն է եւ դա էլ պատճառն էր խաղասկզբում տիրող լարվածության: Ամեն դեպքում մենք դեռ շանսեր ունենք վեցնյակում հայտնվելու եւ ջանք չենք խնայի նաեւ առաջնությունում: Այս խաղից հետո ակումբի նախագահն էլ եկավ եւ շնորհավորեց, նա հիմնականում Հայաստանում չի լինում, բայց այսօր ներկա էր: Թիմում հիանալի մթնոլորտ է»,-ասել է Արմեն Պետրոսյանը:
Էդմոն Մարտիրոսյան