«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը Թորոսյանի նախաձեռնած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումն է եղել, որը, մեր տեղեկություններով, տեւել է 1,5-2 ժամ ու բավականին ակտիվ է անցել։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել, քանի որ այդ հանդիպմանը զուգահեռ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի» մասին օրինագծի քննարկումներն են եղել։ Մեր տեղեկություններով` հարցերը եղել են այն կոնտեքստով, թե ինչ տնտեսական եւ առողջական էֆեկտներ կլինեն այս նախագծի անցկացման դեպքում, իսկ Արսեն Թորոսյանն էլ փորձել է ԲՀԿ-ականներին համոզել կողմ քվեարկել, օգնել իրեն։ Սակայն, ամեն դեպքում, վերջիններս նրան ոչինչ չեն խոստացել, ոչ «այո» են ասել, ոչ էլ՝ ոչ». նրանք դեռ որոշում չունեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։