«Սամվել Բաբայանից վախենում են». թիմակիցներն անցնում են երկրորդ ռաունդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Արցախի խորհրդարանը 4 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժել է Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից ներկայացված նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հոկտեմբերի 29-ին գրել էր, որ ԼՂՀ ԱԺ-ն մտադրություն ունի մերժելու Սամվել Բաբայանին: Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ այս մերժումից հետո բաբայանական թիմը որոշում է կայացրել շատ ակտիվորեն պատրաստվել 2020 թվականին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` այս ժամանակահատվածում Սամվել Բաբայանի նորաստեղծ կուսակցությունը Արցախում սկսելու է հանդիպումների շարք ու ակտիվ գործունեություն:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվել էր փոփոխություն կատարել ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում` Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու եւ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալով նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իսկ մշտական բնակության ընտրական ցենզը նվազեցնել` նախագահի թեկնածուի համար 10 տարին դարձնելով 3, իսկ պատգամավորի թեկնածուի համար 5 տարվա փոխարեն սահմանելով 3 տարի: Սակայն արցախցի պատգամավորները որոշել են մերժել այս փոփոխության առաջարկը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, Սամվել Բաբայանի թիմակից Գագիկ Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, Դուք արդեն տեղյակ եք, որ Արցախի խորհրդարանը մերժել է Ձեր թիմակիցների կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում էր ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում փոփոխություններ կատարել: Ըստ Ձեզ` ինչո՞ւ խորհրդարանականները նման քայլի գնացին:

Դե, բնական էր, ես կարող եմ ասել, որ սպասելի բան էր մեզ համար այդ որոշումը: Ուրեմն մենք հասկացանք մի բան, որ իշխանությունները չեն ցանկանում, որ Սամվել Բաբայանը մասնակցի նախագահական ընտրություններին: Այնպես չէ, որ մեզ համար դա գաղտնիք էր, մեզ համար սպասելի էր, որ նման որոշում էր կայացվելու իշխանությունների կողմից:

-Բայց, ըստ ՁԵզ, ի՞նչն է իշխանություններին վախեցնում, որ իրենք ամեն քայլի դիմեցին, որպեսզի Սամվել Բաբայանը իր մասնակցությունը չունենա Արցախի նախագահական ընտրություններին: Ո՞րն է ԼՂՀ իշխանությունների մտահոգությունը:

-Ըստ իս` Սամվել Բաբայանից վախենում են, քանի որ եթե Սամվել Բաբայանը գա իշխանության, ապա շատ փոփոխություններ են լինելու: Ինքը ժողովրդին խոսք է տվել, որ գալուց ծառայելու է միայն ժողովրդին` թե՛ տնտեսական հեղափոխություն է լինելու, թե՛ քաղաքական հեղափոխություն է լինելու: Սամվել Բաբայանը ցանկանում է օգտակար լինել այս ժողովրդին, ու երբ գար իշխանության, այդ ժամանակ ինքն ամեն ինչ անելու էր, որպեսզի ժողովրդի սրտով ամեն ինչ լիներ: Հիմնականում սա էր պատճառը:

-Այսինքն` Սամվել Բաբայանը Հայաստանի օրինակով Արցախո՞ւմ էր պատրաստվում հեղափոխություն իրականցնել:

-Սամվել Բաբայանը երբ որ դառնար Արցախի նախագահ, արդեն ինքը կսկսեր իր գործողությունները կատարել: Այսինքն` Բաբայանը ամեն ինչ կաներ, որպեսզի ժողովուրդը գոհ լիներ իր ապրելուց, իր կյանքից:

-Իսկ այս մերժումից հետո համարելու եք Ձեր պայքարն ավարտվա՞ծ, թե՞ ինչ-որ ծրագրեր ունեք: Ի՞նչ պլաններ ունեք Սամվել Բաբայանի հետ կապված:

-Ընդհակառակը, մենք ավելի ակտիվ ենք աշխատելու, մենք ավելի մեծ աշխատանքներ ենք իրականացնելու. չմոռանանք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Եթե իրենք թույլ չտվեցին, որ Սամվել Բաբայանը մասնակցի նախագահական ընտրություններին, ապա ԱԺ ընտրությունները լինելու են առաջիկայում, ու ժողովուրդը, ես համոզված եմ, որ իր ձայնը կտա Սամվել Բաբայանի կուսակցությանը: Ես կարծում եմ, որ Արցախի ժողովուրդը զգում է, որ Սամվել Բաբայանի գալուց թե՛ անվտանգության խնդիրները կլուծվեն, թե՛ տնտեսական խնդիրները կլուծվեն, եւ, իրոք, Արցախում շատ բան կփոխվի: Մենք Արցախյան պատերազմը հաղթել ենք եւ գրավել ենք Ադրբեջանի 20 տոկոսը ու այդքան հեշտ պարտվողներից չենք: Մենք այդ թեմայով չենք էլ մտածում:

-Արցախի խորհրդարանի մերժումից հետո հանդիպում, քննարկում ունեցե՞լ եք Սամվել Բաբայանի հետ:

-Դեռեւս ոչ. Սամվել Բաբայանը գտնվում է Արցախում, ու երբ գա, իհարկե քննարկելու շատ բաներ ունենք: Կուսակցությունը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, չեմ լինելու, բայց իմ աջակցություն եմ ցույց տալիս Սամվել Բաբայանի կուսակցությանը: Մենք առաջիկայում մեր ծրագրերի, պլանների մասին կխոսենք: Վստա՛հ եղեք, որ սա ավարտը չէր, ու այն, ինչ որոշում կայացվեց մեզ համար, սպասելի էր:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս