ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խիստ մտահոգիչ թվեր Կենդանաբանական այգուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դադարեցրեց իր լիազորությունները: Պարզաբանման մեջ նա նշել էր, որ նման որոշում կայացնելու համար հաշվի է առել այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա: Տեղեկացնենք, որ շների ոհմակը հարձակվել է այգում պահվող 3 մուֆլոնների վրա: Կենդանիներն անկել են: Աշխատակազմի կարծիքով` այգի մուտք գործած ոհմակը, ամենայն հավանականությամբ, նույնն է, որը հոկտեմբերի 31-ին հարձակվել էր կենգուրուների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը թվերով ներկայացնում է կենդանաբանական այգին: Այսպես, այգում 2017 թվականի տարեվերջին առկա է եղել 138 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 784:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2018 թվականի վերջին այգում առկա է եղել 125 տեսակի կենդանի, իսկ կենդանիների գլխաքանակը կազմել է 720: Ասել է թե` մեկ տարվա ընթացքում կենդանիների գլխաքանակը պակասել է 64-ով, իսկ տեսակը` 13-ով: Ըստ մասնագետների` այս տվյալները խիստ մտահոգիչ են: Փոխարենը կենդանաբանական այգու այցելուների թիվն է զգալի ավելացել. օրինակ` եթե 2017 թվականին այգին ունեցել է 245 հազար 97 այցելու, ապա անցած տարի նրանց թիվը 257 623 է եղել: Բացի այս, նշենք, որ հիմնականում պակասել է կաթնասունների գլխաքանակը` 34-ով, իսկ սողունները 7-ով ավելացել են: 2017-ին այգին ունեցել է 123 սմբակավոր կենդանի, 2018-ին` 83: Այսինքն` սմբակավորներն էլ 40-ով են պակասել:

Մեկ տարվա ընթացքում 21-ով պակասել են նաեւ թռչունները: Ձկների քանակը 16-ով է պակասել: Եւ ամենակարեւորը` ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2018-ին անկել է 120 կենդանի, դուրս են տրվել 24-ը, ծնվել է 41-ը, ձեռք բերվել` 49-ը: Սրան զուգահեռ նկատենք, որ այգու ֆինանսական միջոցների մուտքը կազմել է 489 մլն դրամ, իսկ ֆինանսական ծախսերը` 522 մլն 500 հազար դրամ: Այսինքն` ծախսերն ավելի են եղել, քան մուտքերը:

Մանրամասները` տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս