«Լիդիան»-ի համար ընդունելի չեն ո՛չ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի անվերջանալի խտրական ուսումնասիրությունները եւ ո՛չ էլ մեկ տարուց ավելի շարունակվող ճանապարհների ապօրինի շրջափակումը. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց «Լիդիան ինթերնեյշնըլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը:
Նշենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 29-ին Ազգային Ժողովում հայտարարեց, որ եթե «Լիդիան Արմենիա» ընկերությունը թաքցրել կամ կեղծել է «Ամուլսար» հանքավայրում ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները, ապա դա լուրջ հետեւանքներ կունենա վերջինիս համար: Նախարարի խոսքով` սեպտեմբերի 5-ին գերատեսչությունը այդ հարցով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակով, որում ներկայացվել է 1952-1954 թվականներին Գրոմովյան արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:
Այդ հարցով, նշել է նախարարը, գերատեսչությունը հարցում է ուղարկել Միջուկային անվտանգության պետական կոմիտե, որտեղից պատասխան է ստացվել, որ արշավախմբի աշխատանքի արդյունքները, այդ թվում` ուրանի պաշարների վերաբերյալ, կոմիտեն չունի: Փաթեթը, որը վերաբերում է ուրանի առկայությանը, ուղարկվել է Քննչական կոմիտե, եւ եթե պարզվի, որ «Լիդիան» ընկերության հետազոտությունների ընթացակարգերը խախտվել են, ապա ընկերությունը լուրջ խնդիրների առջեւ կկանգնի: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Լիդիան ինթերնեյշնըլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ:
– Պարո՛ն Ստեփանյան, օրեր առաջ խորհրդարանում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի բողոքարկում ՇՄԱԳ-ի հետ կապված տեղի ունեցող գործընթացները, ապա նշեց, որ ընկերության միակ բողոքն այն է, որ պետությունը չի ապահովում «Լիդիան»-ի մուտքը Ամուլսարի տարածք: Ի՞նչ կասեք նշվածի վերաբերյալ:
– Ինձ համար զարմանալի է նախարարի այս դիտարկումը: «Լիդիան Արմենիա»-ն իր պաշտոնական հայտարարություններում բազմիցս նշել է, որ չի ընդունում երրորդ աուդիտի կամ որեւէ փորձաքննության, առավել եւս` դրանից հետո «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների անհրաժեշտությունը կամ իրավական հիմքը: Ամենակարեւորը` անընդունելի է, որ դրանցով փաստացի արդարացվում է «Լիդիան»-ի գործունեության ապօրինի սահմանափակումը: Չեմ կարծում, որ կգտնվի գոնե մեկ տնտեսվարող, որը համաձայն կլինի մեկը մյուսին հաջորդող անվերջանալի ստուգումների հետ սեփական տարածքի ապօրինի շրջափակման պայմաններում:
Այս ստուգումները թիրախավորման տպավորություն են թողնում, հատկապես երբ կառավարության ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով շեշտվել է, որ «Լիդիան»-ի ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունը իր որակով եւ ծավալով լավագույնն է Հայաստանում: Ստիպված եմ հակադարձել նախարարին` ո՛չ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի անվերջանալի խտրական ուսումնասիրություններն են ընդունելի «Լիդիան»-ի համար, ո՛չ էլ մեկ տարուց ավելի շարունակվող ճանապարհների ապօրինի շրջափակումը: Մենք վստահ ենք մեր փաստաթղթերի վրա եւ միշտ կառուցողական ենք մոտեցել ցանկացած ստուգման, բայց պետք չէ «Լիդիան»-ի կառուցողական մոտեցումը ներկայացնել որպես այս խտրական ստուգումներին «կողմ» լինել:
– Բայց ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք, ըստ վարչապետի, նախարարության ներկայացրած եզրակացության, չեն ներառվել եւ չեն գնահատվել ՇՄԱԳ-ում: Մասնավորապես, խոսքը Ամուլսարում ուրանի պաշարների առկայության մասին է:
– Գիտեք, սա արդեն զավեշտալի է: Հիմա, երբ հերքվեց տարիներ շարունակ շրջանառվող այն թեզը, որ Ամուլսարն ազդելու է Սեւանի եւ Ջերմուկի ջրերի վրա, այժմ էլ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ուրանը դարձնել նման մի «բոլոլա», որով հնարավոր կլինի շարունակել Ամուլսարի ծրագրի հետ կապված վախեր տարածել: Ինչ վերաբերում է Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությանը. նախարարը կամ համապատասխան աշխատակիցները մի քանի ամիս ՇՄԱԳ-ին ծանոթանալուց հետո գոնե պետք է տեղյակ լինեին, որ այդ փաստաթղթում մանրամասն ուսումնասիրված են Ամուլսարում ուրանի հետ կապված բոլոր պնդումները: Աշխարհում ամենուր հողային շերտը ուրանի որոշակի կոնցենտրացիա ունի:
Ամուլսարից վերցված նմուշներում ուրանի կոնցենտրացիան մի քանի անգամ ավելի ցածր է, քան բնակելի հողերի, օրինակ, ԱՄՆ-ում թույլատրելի շեմը: Իսկ Ամուլսարի գագաթին ռադիացիան Երեւանից ցածր է: Տարօրինակ է, որ նախարարը չի հերքում պատգամավորի հարցադրումը, թե` «Ամուլսարի ՇՄԱԳ-ում ուրանի մասին ոչինչ չկա», այն դեպքում, երբ ՇՄԱԳ-ում այդ բառը առնվազն 30 անգամ հիշատակված է, եւ ուսումնասիրություններն ավելի քան բավարար են:
– Այդ դեպքում ինչի՞ մասին է խորհրդային տարիների «Գրոմովյան» ուսումնասիրությունը:
– Դուք կարող է եւ կարդացած չլինեք այդ ուսումնասիրությունը, բայց ես հույս ունեմ, որ նախարարությունում գոնե կարդացել են եւ գիտեն, որ «Գրոմովյան» հաշվետվության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ ուրանի պաշարները անհրաժեշտ է փնտրել ոչ թե Ամուլսարում, այլ Ամուլսարի գագաթներից 5.5 կմ հեռավորության վրա: Ընթերցողի համար նշեմ, որ այդ տարածքում, ըստ նախագծի, ընկերությունը չի արդյունահանելու ոչ մի տեսակի ապար: Բացի այդ, նույն հաշվետվության մեջ մի շարք այլ փաստարկներ կան, ու եթե նախարարությունը իրոք մտահոգված է «Գրոմովյան» զեկույցում հնարավոր ռադիացիայի խնդիրներով, ապա այդ ուսումնասիրության հետքերով գուցե լրացուցիչ ուսումնասիրություն անելու կարիք կա որոշ նշված տարածքներում, ու դա ոչ մի կապ չունի Ամուլսարի հանքի հետ:
– Իսկ որտե՞ղ են այդ տարածքները:
– Հարցրեք պատկան գերատեսչություներին. դա մեր խնդիրը չէ:
– Նախարարությունը նաեւ 13 այլ կետ էր ներկայացրել` Ամուլսարի հետ կապված:
– Բոլոր 13 կետերն էլ Ամուլսարի ՇՄԱԳ-ում ուսումնասիրված եւ գնահատված են: Նախարարությունը շարունակում է Ամուլսարի ՇՄԱԳ-ի ուսումնասիրությունների արդեն որերոդ շրջանը` նորից ու նորից փորձելով բացեր գտնել մի ՇՄԱԳ-ում, որը լավագույնն է Հայաստանում: Ինձ, եւ կարծում եմ` մեր հանրությանը, հետաքրքիր է` արդյոք նախարարությունը երբեւէ փորձել է նման ջանասիրությամբ ուսումնասիրել այլ ծրագրերի ՇՄԱԳ փաստաթղթերը: Այս ողջ գործընթացը նպատակային հետապնդման տպավորություն է թողնում, եւ սա գնալով ավելի ծանր է նստում երկրի հեղինակության վրա:
-Պարո՛ն Ստեփանյան, հոկտեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով Ամուլսարի խնդրի մասին, կարեւոր հայտարարությամբ է հանդես եկել:
Մասնավորապես, փոխվարչապետը նշել է, որ Ամուլսարի շահագործման դեմ արշավը ֆինանսավորվել է հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից: Ո՞ւմ է նկատի ունեցել փոխվարչապետը:
-Սա արդեն իրավական խնդիր է, եւ իրավապահները պետք է պատասխանեն այս հարցին, նույնիսկ, կարելի է ասել, հայտարարություն է հանցագործության մասին: Մենք չունենք լիազորություն այդպիսի բացահայտումներ անելու: Ճիշտ կլինի այս հարցն ուղղել իրավապահներին, կառավարությանը` արդյոք քայլեր արվել են այս կարգի ինֆորմացիայի հետքերով:
-Ըստ որոշ տեղեկությունների` բնապահպանների ու Ջերմուկի բնակիչների բողոքի գործողություններն ուղղորդվում են, եւ այս կոնտեքստում շահարկում են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի անունը: Արդյոք համապտասխանո՞ւմ են այս տեղեկությունները իրականությանը, թե՞ ոչ:
-Նույն պատասխանը պետք է տամ. այս հարցի հասցեատերը նույնպես մենք չենք կարող լինել: Վաղուց ժամանակն է, որ պատկան մարմինները տան այդ հարցերի պատասխանները:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը