Ճանաչումն ուժ է, այլ ոչ թուլություն. ՀՀ նախագահը NYT-ի հետ խոսել է Ցեղասպանության ճանաչման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միևնույն ժամանակ կլինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է: Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի լրագրող Ռոժեր Կոհենին տված հարցազրույցում:

«Ճանաչումն այն փաստի, որ ինչ-որ բան սխալ ես արել հասարակ կյանքում, ընտանիքում, ընկերների հետ հարաբերություններում, ուժ է: Դա թուլության նշան չի կարող համարվել»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու այս հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրող Ռոժեր Կոհենը The New York Times-ում ստվարածավալ հոդված է հրապարակել, որում անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին:

«Հայաստանի բոլոր գրասենյակներում կարող ես տեսնել Արարատ սարի նկարները: Սարը, որն այժմ գտնվում է Թուրքիայում, խորհրդանիշն է հայերի կարոտի, հպարտության, վերադարձի հույսի և Հայոց ցեղասպանության, որը սկսվեց 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում սպանվեցին ավելի քան մեկ միլիոն հայեր: Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը, անտեսելով թուրքական նախազգուշացումները, ընդունեց այդ ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չճանաչեց այն, թեպետ 2008 թվականին որպես նախագահի թեկնածու խոստացել էր: Ռեալպոլիտիկը հաղթեց նրա սկզբունքներին»,- գրում է Կոհենը:

Հոդվածագիրն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջացման պատմությանը՝ արձանագրելով, որ այսօր Հայաստանը փակ սահմաններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և բաց են միայն Վրաստանի և Իրանի հետ սահմանները: «Այդուհանդերձ, ես հայերին տեսա անկոտրում ոգով: Ի՞նչ նշանակություն կարող են այսօր ունենալ ֆիզիկական սահմանները: Հայաստանի շուրջ երեք միլիոն քաղաքացիները մշտական կապի մեջ են Սփյուռքի մի քանի անգամ ավելի հայերի հետ, ովքեր մշտապես գումարներ են ուղարկում հայրենիք: Ունենալով ուժեղ տեխնիկական սեկտոր՝ Հայաստանն իրեն համարում է ստարտափ երկիր: Երկրի հայացքն ավելի շատ ուղղված է ապագային, այլ ոչ թե անցյալին:

Երկրում 2018 թվականին իրականացված հեղափոխությունը, որի ժամանակ ոչ մի կաթիլ արյուն չթափվեց, դրախտ չբերեց, սակայն այն վերացրեց ֆատալիզմը: Մարդիկ զգում են, որ ունեն ազատություն անելու այն, ինչ ցանկանում են»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանում շաբաթներ շարունակ տեղի ունեցած բողոքի ցույցերի նման Բեյրութում, Բաղդադում և Սանտյագոյում ևս վերջին շաբաթների ընթացքում ցույցեր սկսվեցին, որոնց հետևանքով ցնցվեցին կառավարությունների հիմքերը, իսկ որոշ դեպքերում հրաժարականների պատճառ դարձան:

«Բեռլինյան պատը քանդած ոգին շարունակում է ապրել» խորագիրը կրող հոդվածի հեղինակը Հայաստանի նախագահի հետ զրույցում անդրադարձել է ողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ալիքին: Խոսելով թեմայի մասին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ հին համակարգերը մեր օրերում այլևս չեն աշխատելու: «Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, քանի որ մեր կյանքի ավելի քան կեսն արդեն վիրտուալ է»,- ասել է նախագահը՝ Հայաստանն անվանելով աշխարհի «առաջին լաբորատորիաներից մեկը», որը փնտրելու է «վարքագծի նոր կանոններն» այն աշխարհի համար, որտեղ ամեն անհատ ունի ձայն, որը «կարող է լսելի դարձնել ամեն օր»:




Լրահոս