«Ի պատասխան լրագրողների հարցումների՝ հայտնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին»։
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:
«Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ կնքված պայմանագրում։ Սույն դրամաշնորհը կազմում է՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը: Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։ Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումներ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, ներկայացման բեմադրությունը մեծ աղմուկ եւ իրարանցում էր առաջացրել համացանցում ոչ ստանդարտ ձեւաչափի պատճառով: Ցուցադրման ժամանակ քաղաքացիներից ոմանք փորձել էին հասնել ներկայացման անդամներին, բարկացել եւ վիրավորել էին նրանց, իսկ անցորդներից մեկն էլ «զելյոնկա» էր լցրել ներկայացման մասնակիցների վրա: