Ինչպես հայտնի է՝ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչությունը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Պատճառները, ըստ նախաձեռնության հայտարարության, մի քանիսն են
· դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը
· բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը
· ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը)
· թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները:
«Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան, ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից»,- հավելել էին ՀՅԴ-ականները:
Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ Երիտասարդական միությունն արդեն կոնկրետ գործընթաց է սկսել ընդդեմ նախարարի: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ լայնամասշտաբ բողոքի ակցիա է սպասվում հինգշաբթի օրը՝ Կառավարության նիստի ժամանակ՝ շենքի դիմաց՝ «Կառավարությունն՝ առանց Արայիկի» կարգախոսով: